Այգեձոր գյուղի փոստատար Մուրադը փոստարկղ է կախում կաթնապրանքային ֆերմայի շենքերից մեկի պատին, որի պատճառով էլ տեղի է ունենում մի մեծ թյուրիմացություն: Քիչ հեռու մի խումբ պիոներ դպրոցականներ դաս են պատրաստում: Նրանք խնամել են պիոներական ջոկատի ենթաշեֆ հորթերին և այժմ, ընդմիջումի ժամին, պատրաստում են իրենց դասերը: Հերթը հասնում է աշխարհագրությանը: Տղաներից Աշոտը մեծ սեր ունի բնագիտության հանդեպ: Դասագրքի պարունակությունը Հեռավոր Արևելքի մասին նրան չի գոհացնում: Նա սկսում է պատմել իր կարդացած գրքերից, ոգևորել ընկերներին նրա կենդանական աշխարհի մասին հարուստ տեղեկություններով: Մեծամիտ է, բայց այնպիսի ոգևորությամբ է պատմում, որ բոլորն էլ լսում են խանդավառված: Տեսնելով փոստարկղը՝ Գագիկը կատակով որոշում է պապին նամակ գրել: Նամակ է գրում նաև Աշոտը՝ իր հորը՝ որսորդ Արամին, որի հետ հաճախ որսորդության է գնում: Երկու տղաներն էլ գրում են Հեռավոր Արևելքի մասին: Գագիկը նշում է, թե իբր գնում է այնտեղ պապու համար «կյանքի արմատը» բերելու, որ նա երիտասարդանա: Դպրոցականները գյուղ են վերադառնում: Նրանց է միացել նաև քուրդ հովիվ Հասոն՝ ֆերմայի հովիվներից մեկի՝ Ավդալի որդին, իր շան՝ Բոյնախի հետ. գնում է գյուղ խանութից շաքար ու թութուն առնելու: Ճանապարհին Աշոտին հաջողվում է համոզել ընկերներին և ճանապարհը շեղել դեպի Հովազաձոր: Ցույց կտա հիասքանչ տեսարաններ, անձավներում թաքնվող այծեր: Դեմ է միայն Սարգիսը՝ պահեստապահ Պարույրի որդին, բայց որպեսզի չծաղրեն, ի վերջո միանում է նրանց՝ Աշոտին, Գագիկին, Շուշիկին և Հասոյին: Հովազաձորը երեք կողմից շրջապատված է ժայռերի բնական պարիսպով: Դիմացը, որ նայում է Արարատյան դաշտին, բաց է, բայց ներքևը նորից բարձր ժայռեր են և իջնելու տեղ չկա: Մի խորշից հանկարծ արու քարայծ է դուրս թռչում և վազում Աշոտի վրա: Սա մեքենայաբար իր գլխարկով խփում է կենդանու գլխին, և գլխարկը մնում է նրա եղջյուրների մեջ և քարայծը գլխարկը գլխին սարսափահար փախչում է: Եղանակը հանկարծ փոխվում է և շուտով սկսում է ուժեղ քամի, ապա առատ ձյուն: Մտնում են մի կիսանձավի մեջ և սպասում, մինչև տարերքը խաղաղվի: Սակայն եղանակը չի պարզվում, և պատանիները ստիպված գիշերում են սառը անձավում: Հաջորդ օրերին բոլորովին անհնար է դառնում ձորից դուրս գալը, ճանապարհը փակ է, իսկ նրանք չունեն ո´չ գործիքներ, ո´չ ուտելիք, ո´չ կրակ ու ջուր: Մինչդեռ պատանիների ծնողները, նամակները կարդալով, կարծում են, որ նրանք իսկապես գնացել են Հեռավոր Արևելք, և Աշոտի ու Գագիկի հայրերը գնում են այդ ուղղությամբ: Որդու համար առանձնապես չի անհանգստանում միայն Սարգսի հայրը: Այսպես ձորում փակված երեխաներին, այնուամենայնիվ, հաջողվում է գտնել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, և նրանք արդեն մի քանի օր անց ունեն ջուր ու կրակ Հասոյի շնորհիվ, որը աբեթով կրակ է ստանում, իսկ ձնից, կրակի մեջ թեժացրած քարերով հալեցնելով այն, թորած ջուր, որի մեջ սակայն աղ չկա: Գտնում են հարմար անձավ, որում պատրաստում են իրենց անկողինները խաշամից և հատկապես գիհի կոչվող մի ցածլիկ ծառի փարթամ ճյուղերից: Ամենից դժվարը ուտելիքի հարցն է, բայց շուտով սարքում են մի քանի գործիքներ Հասոյի դանակի շնորհիվ և որոշ ժամանակ անց նաև որս են անում՝ բռնելով սկյուռ, նապաստակ, մոշահավ, ճնճղուկներ և հավաքում են զանազան պտուղներ: Աշոտին ընտրում են խմբի ղեկավար, թեև ոչ մեկին դուր չի գալիս նրա մեծամտությունը և հրամայական տոնը: Փոխարենը քուրդ Հասոն միշտ սիրալիր է, և գրեթե բոլոր դժվար խնդիրները լուծվում են նրա շնորհիվ: Բնության մեջ ապրելով, նա մեծ փորձ է ձեռք բերել: Գագիկը աչքի է ընկնում իր հումորներով և սրամիտ խոսքերով: Շուշիկը միշտ լարվում է, երբ նկատում է, որ ընկերները կարող են վիճել: Սարգիսը, սակայն, չի մերվում նրանց հետ: Նա սովոր է, որ իր համար անեն ամեն ինչ: Հայրը միշտ այդպես է վարվել՝ գողանալով ուրիշի աշխատանքը: Այդպես նաև խաբել է Հասոյի հորը, քանի որ վերջինս հայերեն կարդալ չգիտեր: Սարգիսին փորձում են դարձի բերել, և դա ընկերներին հաջողվում է միայն շատ մեծ ջանքեր թափելուց հետո: Նա նույնիսկ թաքցնում է սկյուռի ձմեռային պահեստի տեղը, որը պատահաբար գտել էր: Այնտեղ կար շատ ընկույզ, բայց Սարգիսը այն չէր կիսել ընկերների հետ, մինչև որ դա պատահաբար իմացվեց շան հաչոցից: Սարգիսին պատժում են՝ չշփվելով նրա հետ: Սակայն դժբախտություն է լինում և նա ընկնում է ձորը: Կարծում են մեռել է, բայց տղան դեմ է առել մի թփի և ստացել որոշ վնասվածքներ: Միայն օրեր անց է պատանիներին հաջողվում ազատել Սարգիսին, որից հետո տղայի մեջ հեղաշրջում է տեղի ունենում, նա հասկանում է, որ ընկերներ ունենալը ամենալավ ու կարևոր բաներից է: Դրանից հետո մի աղետ էլ է պատահում նրանց: Քարայրից հեղեղ է թափվում դուրս՝ սրբելով նրանց անկողիններն ու ամեն ինչ: Վնասվում է Սարգիսի ոտքը, որը տեղն է գցում Հասոն: Հիվանդանում է Շուշիկը: Գագիկը կարողանում է կավից աման պատրաստել և Շուշիկին կազդուրում են տաք թեյով, ապա Բոյնախի մորթով: Շունը վնասվել էր, երբ կռվի էր բռնվել հովազի հետ Հասոյին պաշտպանելու համար, և ի վերջո սատկել էր: Գազանը այժմ ամենամեծ խոչընդոտն է տղաների համար: Նա ևս փակված է մնացել ձորում և քաղցած է: Պատանիները այժմ ամեն ուր կրակով են գնում: Պատանիները գտնում են նոր քարայր բնակության համար: Նրանք ստիպված են ամեն ինչ սկսել նորից: Զուգահեռ բացում են նաև ճանապարհը, որպեսզի կարողանան դուրս գալ ձորից: Սակայն բնությունը հասցնում է նորանոր արհավիրքներ: Դարձյալ ձյուն է գալիս և պատանիների աշխատանքը զուր է դառնում: Ճանապարհը փակվում է վերջնականապես: Այն մինչև գարուն չի բացվի, և նրանք ստիպված են ձմեռել Հովազաձորում: Նոր բնակության վայրում կան չղջիկներ, որոնք ձմռան քուն են մտել: Ուստի ունեն միս, բացի այդ գտել են խաղող, որը ցրտահարվել է, բայց նրանք այն ճզմում են և այդպես պահում: Բոլոր նշաններից երևում է, որ այդ քարայրում ժամանակին ապրել է ինչ-որ ճգնավոր: Երեխաները գտնում են նրա սևացած գիրքն ու խաչը: Քարայրում կան նաև այլ հարմարություններ և անհրաժեշտ իրեր՝ քարե աստիճան և դռնակ, հովազի թակարդ: Գագիկի առաջարկով սկսում են սարքել կողովներ, որպեսզի ժամանակն անցի, իսկ հետո դրանով օգնած կլինեն նաև իրենց ծնողներին: Կողովներ գարնանը Այգեձորին շատ է պետք: Սակայն դժբախտությունները հաջորդում են իրար: Քարայր մտնելիս տեսնում են, որ ինչ-որ մեկը քարայր է մտել և ամեն ինչ տակնուվրա արել: Չկան չղջիկները, գինին խմել են: Կարծում են, թե մարդ կա այնտեղ, բայց հետքից բացահայտում են, որ արջ է մտել և այժմ մաճառից արբեցած Հովազաձորում է: Աշոտն ու Հասոն գնում են աղ փնտրելու, կարծելով որ ճգնավորը առանց աղի չէր կարող ապրել, ուստի այդպիսի վայր կա: Եվ իսկապես աղբյուր են գտնում, որի շուրջը աղ կա: Պատանիները լիզելով աղը՝ ուժ են ստանում: Սարգիսը արդեն խելագարության նշաններ էր ցույց տալիս, օրգանիզմում աղի պակասից նա կորցրել էր իրեն: Պատանիները աղբյուրի մոտ թփերին կպած բրդի հետքերից գտնում են ոչխար, որը պարզվում է Թուխիկն է՝ Հասոյենց ֆերմայի ոչխարներից, որ կորել էր չորսամսական գառը հետը և չէին գտել: Այժմ երեքն են՝ երկու տարեկան ջահել խոյը և յոթ-ութ ամսական մի էգ գառ: Նրանք ապրում են Հովազաձորի գաղտնի ձորակներից մեկում, ուստի կարողացել էին խուսափել վտանգից: Ոչխարը դարձյալ հղի է: Նրանց հետքով գնալով՝ տղաները գտնում են ձորակը: Որոշ օրեր անց Հասոյին հաջողվում է նոր ծնած ձագի հետ Թուխիկին տանել քարայր: Հովազն ընկնում է Աշոտի դրած թակարդը, բայց կարողանում է դուրս գալ ժանգոտած թակարդից՝ վնասելով ոտքը: Կատաղած կենդանին հարձակվում է գլուխը մշուշոտ արջի վրա: Սա սատկում է՝ ազատելով պատանիներին մեծ վտանգից և ծառայելով իբրև սնունդ ձմռան համար: Երեխաների բախտը բերում է: Իսկ վիրավոր հովազը հեռանում է և էլ չի երևում: Նրա ողջ լինելը ստուգելու նպատակով գնում են կենդանու հետքով և մի քարայր մտնում, որտեղ շատ կենդանիների ոսկորներ են գտնում և անունը դնում թանգարան: Աշոտը մոլորվում է քարայրում: Առաջին օրը նրան չեն գտնում, բայց հաջորդ օրը Սարգիսի շնորհիվ գտնում են Աշոտին, բայց անզգայացած ածխածնի պատճառով: Տղան ընկերների շնորհիվ է փրկվում և այդ դեպքից հետո նրա մեծամտությունը բոլորովին անցնում է: Քարայրի անցքերից մեկում գտնում են վիրավոր և մեռնող հովազին և հաջողացնում սպանել նրան: Այժմ քարայրում հանգիստ վայելում են իրենց խաղաղ երեկոն՝ նոր սարքած վառարանի ջերմ կրակի շուրջ: Այս ընթացքում Ավդալը հոտը արածացնելիս տեսնում է գլխակավոր քարայծին և ճանաչում Արամի որդու գլխարկը: Լուրը հասցնում են նրանց, և Արամն ու Արշակը վերադառնում են Հեռավոր Արևելքից: Սկսում են փնտրել երեխաներին: Սևանից գալիս է անգամ հայտնի Միրուք Ասատուրը իր խմբով, թոռան՝ Գրիգորի հետ, որը եղբայր է գալիս Գագիկին և նրա նման կատակասեր է, և Կամոն, որին այդքան շատ է ուզում գերազանցել Աշոտը իր խիզախություններով: Ասատուրը սպանում է քարայծին և պարզվում է, որ գլխարկն իրոք Աշոտինն է: Բայց նրանք երեխաներին չեն գտնում և հեռանում են: Ապա հեղեղի հետքերով գտնում են տետրեր, Շուշիկի կոշիկը, Հասոյի շորը և կարծում են՝ հեղեղը նրանց տարել է, խեղդվել են: Անցնում են օրեր և Պարույրը Երևան գնալիս լեռան վրա կրակ է տեսնում: Երկար կշռադատելուց հետո նա գալիս է այն եզրակացության, որ երեխաները չեն մահացել, սակայն նրան ոչ ոք չի հավատում: Միայն դեկտեմբերի տասնյոթին որսորդ Ասատուրի գրած նամակը նորից բորոքում է Արամին: Որսորդը ևս կարծում է, թե երեխաները չեն մահացել, այլ Հովազաձորում են: Արամն ու Արշակը փնտրում են նրանց, երեկոյան Արշակը ձիերը տանում է գյուղ, իսկ Արամը շարունակում է վեր բարձրանալ լեռը: Հանկարծ նկատում է մերկ ծառը՝ մինչև ճյուղերի ծայրը կեղևահան արած թեղին, հասկանում է, որ պատանիներն են արել: Հուզված ձայն է տալիս, կրակում: Տղաները արձագանքում են: Նրանք փրկվում են: Այժմ Այգեձորում երեխաների շնորհիվ տնկվում է վայրի խաղողը, որը ձմռանը ծածկելու կարիք չի լինի, իսկ հեղեղի տեղը եկել ուսումնասիրել են և բացահայտել, որ ժայռի մեջ կուտակվող ջուրը պահող մի քար կա, որը ջրի ճնշումից թեքվում է, ջուրը դատարկվում է, ապա քարը տեղն է ընկնում, ու երբ ջուրը լցվում է, այն նորից թեքվում է և հեղեղ է լինում: Նրանք հիմա այնպես են արել, որ հեղեղը իրենք ղեկավարեն, և երբ կարիք է լինում, Արամը բարձրանում է լեռը, հանում մարդկանց սարքած հարմարանքը և ջուրը թափվում է դուրս՝ ջրելով ծարավ հողը: Որսորդ Արամը այդ պահերին միշտ մտածում է որդու մասին, այդ նրանց շնորհիվ այժմ նրանք կարող են օգտագործել այդ բնական ջրամբարը:
Տես նաև Ակսել Բակունց Մթնաձոր, Հրանտ Մաթևոսյան Ալխո և Հովհաննես Թումանյան Լոռեցի Սաքոն
Վախթանգ Անանյան | Հովազաձորի գերիները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 30, 2015 Rating: