Մարդ ու կին մի տղա ու մի աղջիկ են ունենում: Տղան արդեն հասուն է լինում, իսկ աղջիկը դեռ բարուրում է: Հազիվ 5 ամսական է լինում, տանը տարօրինակ բաներ են տեղի ունենում: Երբ տանը ոչ ոք չի լինում, բացի փոքրիկ աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ են պակասել: Մի օր տղան թաքնվում է, և երբ հայրն ու մայրը գնում են, տեսնում է, որ ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվեց, ընկավ տաշտի վրա, որի մեջ հացի փոխարեն դեռ խմոր է, խմորն էլ կուլ տվեց, տաշտը մաքուր սրբեց ու սուսուփուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա: Ապշած եղբայրն այս մասին պատմում է մորը, սակայն նա չի հավատում: Տղան ասում է, որ այդ աղջիկը իրականում դև է, վիշապ է և երբ մեծանա, իրենց էլ կուտի: Ինքը որոշում է հեռանալ տնից ու գնում է: Ճանապարհին քաղց է զգում, մի քանի հատ չորացած ծիրան է ունենում, ուտում է, կորիզները թաղում այդտեղ: Հետո երեք ծիրանի ծառեր են դուրս գալիս այդ վայրում: Տղայի անունը Թաթուխ է լինում: Շուտով մի հովիտ է տեսնում, որտեղ ոչխարներ են արածում: Այստեղ հովիվ չի լինում: Երեկոյան, երբ ոչխարի հոտը թեքվում է դեպի իր փարախը, Թաթուխն էլ հետն է գնում և մի մարդ ու կին է տեսնում: Սրանք կույր են լինում և Թաթուխին չեն տեսնում: Շոշափելով կթում են ոչխարներին, իրենց բաժինը վերցնում են մի ամանով և սկսում ուտել: Թաթուխն էլ կողքից է ուտում: Կույրերը չեն կշտանում, բայց ձայն էլ չեն հանում: Բայց մի օր մարդը կնոջն ասում է, թե կասկածներ ունի, որ իրենք հացընկեր ունեն: Կինն էլ է այդպես կարծում և որոշում են ուտելիս բռնել նրան: Այսպես, երեկոյան ուտելիս միաժամանակ պարզում են ձեռքերը և Թաթուխին իրենց ճանկը գցում: Թաթուխն ասում է, որ ինքը օտարական է, խնդրում է, որ իրեն ընդունեն որպես որդու, մայր ու հայր լինեն, ինքն էլ հովվություն կանի և նրանց կպահի: Կույրերը համաձայնում են, զավակ չունեն, թող նա իրենց որդի լինի: Մյուս օրը հայրը Թաթուխին պատվիրում է ձախ կամ աջ չգնալ, այլ հոտը միայն դիմացի սարը տանել, բայց Թաթուխը չի լսում և ձախակողմյան սարն է գնում: Այստեղ հավաքվել են բոլոր քաջքերը և մի դիվական հարսանիք են անում: Սրանք բռնում են տղային և կարգադրում են փայտ կտրել: Սա մի ահագին գերան է ճեղքում, ապա կանչում է բոլոր քաջքերին ու ասում, թե մի օյին է ցույց տալու, որ նրանց ուրախությունը ավելի կատարյալ լինի: Քաջքերը, հավատալով տղային, մոտենում են և նրա պատվերով ձեռքները դնում գերանի ճեղքում: Թաթուխը իսկույն հանում է սեպերը, և քաջքերը միաբերան սկսում են աղիողորմ ոռնալ, թե կոտորվեցին: Թաթուխը գլխի է ընկել, որ սրանք են հանել իր հորն ու մոր աչքերը ու կարգադրում է ասել դրանց տեղը, այլապես նրանց փրկություն չկա: Իմանալով տեղը՝ վերցնում է ծնողների աչքերը թփի տակից, տեղեկանում, որ նորահարսի աղլուխով պիտի տեղը դնի և չկատարելով խոստումը՝ ջախջախում է բոլորի գլուխները և սարը սրբում դարանագործ դևերից: Տանը աչքերը դնում է տեղը, շփում քաջքուհու աղլուխով, և նրանք իսկույն առողջանում են: Ծնողները փաթաթվում են տղային, համբուրում ու շատ երջանիկ են: Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխը հոտը տանում է աջակողմյան սարը: Մի ահագին մռնչյուն է գալիս, հոտը վախից հետ-հետ է քաշվում, բայց տղան առաջ է գնում ու մի գազան տեսնում, որը ո´չ առյուծ է, ո´չ վագր, մի սարսափելի գազան է ու ավելի շուտ կարծես շուն լինի, բայց անհամեմատ ավելի մեծ է: Թաքուն նայում է, բայց գազանը նրան վաղուց է նկատած լինում և մարդկային ձայնով խոսում է տղայի հետ: Ասում է, որ ինքը ծնունդի վրա է, տեղից չի կարող շարժվել, թող տղան իրեն ծնեցնի, եթե ջուխտ ծնի, կուտի տղային, եթե կենտ, կյանքը կընծայի նրան: Թաթուխը համաձայնվում է և գազանի առաջին երկու ձագերին պահում է իր հովվական պարկում, և միայն երրորդին դնում գազանի առաջ ու ասում, թե ահա, մեկն է ծնել, արժե՞ր միթե դրա համար այդչափ մռնչալ: Գազանը, ամաչելով իր գազանությունից, Թաթուխին բաց է թողնում և ասում, որ եթե իր հոտը այդ կողմը տանի, կարող է ապահով լինել, մի վնաս չի լինի: Տանը Թաթուխը նորածին լակոտներին կերակրում է ոչխարի կաթով ու սրանք մեծանում են իբրև ամենահավատարիմ շներ իր համար: Մեկի անունը դնում է Զանգի, մյուսինը՝ Զրանգի: Անցնում է տասը տարի և մի օր տղան որոշում է գնալ իր ծննդավայրը՝ տեսնելու ծնողներին: Կաթով մի աման դնում է թարեքին ու պատվիրում է իր նոր հորն ու մորը հետևել այդ կաթին: Եթե այն գույնը փոխի, կարմրի կամ սևանա, ուրեմն ինքը նեղության մեջ է, իսկույն պետք է արձակել Զանգին և Զրանգին, նրանք իրեն օգնության կհասնեն: Տղան գնում և հասնում է երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն բարձրացել և ահագին կոկ ծառեր են դարձել: Մի փոքր հանգստանալուց հետո գնում է իր ծննդարանը, ու տեսնում, որ ոչ մի շունչ չկա: Գնում է իրենց տուն, ներս մտնում: Քույրը նստած է օջախի առջև և ուրիշ ոչ ոք չկա: Սա փաթաթվում է եղբորը, ասում, որ ուշացավ ու մի պահ դուրս է գալիս: Խուրջինը կուլ է տալիս, ներս գալիս ու հարցնում եղբորը, թե արդյոք առանց խուրջինի է եկել: Թաթուխը պատասխանում է, թե այո՝ իսկույն հասկանալով, որ քույրն այն կուլ է տվել: Ապա քույրը անընդհատ դուրս է գալիս և հերթով կուլ տալիս ձիու չորս ոտքերը: Ձիուն էլ կուլ տալուց հետո երբ դուրս է գալիս, աքաղաղը ասում է Թաթուխին, որ նա գնացել է ատամները սրելու, որպեսզի եղբորն էլ ուտի: Խորհուրդ է տալիս մուշտակը հանել, մեջը մոխիր լցնել: Քույրը կհարձակվի դրա վրա՝ կարծելով, թե տղան է և մինչև աչքերը մոխիրից մաքրի, ինքը կփախչի: Այդպես էլ անում է և երբ հասնում է ծիրանի ծառերին և բարձրանում մեկի վրա, քույրն էլ է հասնում հետևից ու սկսում է ծառերը հերթով ատամներով կրծել: Առաջին ծառը ընկնում է երկրորդի վրա, ապա երկրորդը՝ երրորդի: Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը տեսնում են, որ կաթը կարմրել է և իսկույն բաց են թողնում շներին: Սրանք անմիջապես գտնում են իրենց տիրոջ հետքը և հասնում ծառին: Թաթուխն կարգադրում է այնպես կուլ տալ քրոջը, որ մի պուտ արյուն կաթի: Նրանք կուլ են տալիս և մի պուտ արյուն է կաթում մի տերևի վրա: Թաթուխն այն ծալում է, դնում ծոցում և ճանապարհ ընկնում: Շուտով հանդիպում են մի քարվանի, որի տերը ցանկանում է շներին փոխել ջորիների հետ, բայց տղան չի համաձայնվում: Առաջարկում է մի բան ասել, և եթե տղան կռահի, քարվանը նրան, եթե ոչ, շները իրեն: Թաթուխը համաձայվում է: Քարվանի տերը հարցնում է, թե ինչից է իր ձեռքի գավազանը: Թաթուխը թվարկում է իր իմացած բոլոր ծառերի անունները՝ հոնի, զկռի, սզնի, բոխի, աճարքի, լորի, թխկի, տկողնի, կաղնի, բայց չի կարողանում կռահել և միայն վերջին պահին ծոցում մի բան սկսում է ճրրալ, ու Թաթուխը հիշում է ծառի անունը և ասում՝ ճապկի: Քարվանի տերը ուզում է տալ իր քարվանը, բայց տղան միայն մի բեռ շորեղեն է ուզում, որ գնա, աղջիկ ուզի, ամուսնանա: Ստանալով ամեն բան՝ շարունակում է ճանապարհը ու հանկարծ ծոցում մի բան է պրպտում: Ծոցից դուրս է քաշում մի ահագին օձ: Արյունի կաթիլը դարձել է օձ և արդեն ուզում է խայթել նրան: Տղան դեն է շպրտում օձին, որը ամեն մի վայրկյանում մեծանում ու հաստանում է, որ վիշապ դառնա: Շներին կարգադրում է այնպես կուլ տալ, որ մի պուտ արյուն չկաթի: Այսպես վիշապ աղջկա հետքն էլ է վերանում: Թաթուխը հասնում է տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն: Ամուսնանում է ու հասնում մուրազին:
Տես նաև Անահիտ, Երկու քույր և Արություն և Մանվել
Ղազարոս Աղայան | Զանգի Զրանգի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 07, 2016 Rating: