«Ռանչպարների կանչը» վիպասք է, որը նվիրված է Հայոց ազատագրական պայքարի անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին, ովքեր, ըստ ժողովրդի պատմական հիշողության մեջ հարատևող տվյալների, ամենասովորական, անչար, խաղաղասեր, իրենց արտ ու կալին, հողին ու ջրին գամված ռանչպարներ են և միայն դաժան հանգամանքների բերումով ստիպված են զենք վերցնել ու պաշտպանել իրենց խաղաղ կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը։
Հայոց դպրևանքի պատանիներից մեկը՝ «Մախլուտո» մականունով, «Ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր և այդ կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները՝ «նովելային պատումները», որի հերոսների թվում են ինչպես այդ շարժման առասպելական անունները (Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Գևորգ Չաուշ, Անդրանիկ), այնպես էլ շարքային մասնակիցները։
Մախլուտոյի պատմությունների մեջ ազատագրության հերոսները ներկայանում են հայրենասիրական խոր ապրումներով, հանդես են բերում բարոյական բարձր սկզբունքներ և իրենց ռամկական պարզ բնավորությունը համադրում են ասպետական վարքագծի հետ։
Դաշտենցը օգտվել է բանահյուսական նյութից՝ էպիկական և քնարական երգերից, ավանդություններից և թևավոր խոսքերից։
Էական գաղափարական շեշտը հայ ռանչպարների ռուսական կողմնորոշման բացահայտումն է։ Թուրքական բռնություններին ենթակա հայ գեղջուկները, բնականաբար, իրենց հայացքն ուղղում են դեպի Ռուսաստան՝ այդտեղից սպասելով փրկության լույսը։ Այս կողմնորոշման բնական շարունակությունն է ռանչպարների մնացորդների համախմբումը Խորհրդային Հայաստանի հողի վրա, ուր նյութականանում ու մարմին են առնում նրանց պատմական երազները։
Վիպասքը բաժանվում է երեք մասերի: Առաջին մասը ներառում է 57 նովել, երկրորդը՝ 23 նովել, իսկ երրորդը՝ 20 նովել: «Խոսք հեղինակի» ներածական հատվածում Խաչիկ Դաշտենցը ներկայացնում է վեպի գրության շարժառիթները և գրության անձնական հանգամանքները:
Խաչիկ Դաշտենց | Ռանչպարների կանչը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 07, 2016 Rating: