Վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»:
Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը և դերասանը։
Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։
Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։
Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:
Հակոբ Պարոնյան | Մեծապատիվ մուրացկաններ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 04, 2016 Rating: