Գրիգոր Զոհրապ | Ռեհան | համառոտ


Հեղինակը մի ժամանակ սիրել է առատ մազերը, որոնք հավաքված են ձյունասպիտակ ծոծրակի վրա, ասես սև թումբը՝ պարտեզի մեջ: Քիչ-քիչ մտերմություն է հաստատում այդ մազերի հետ, ճանաչում դրանք: Ամենահաճելի անակնկալը լինում է աղջկա դեմքը տեսնելը: Գեղեցի՞կ: Ոչ: Բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի մի պատկեր, հոգնած ու տրտում նայվածքով: Այդ նայվածքը երկար ուսումնասիրում է հեղինակին և կարծես թե գոհ է մնում իր այդ քննությունից:
Անխոս կանգնած, նրանք սրտերի մտերմություն են զգում: Տարեց մարդիկ կային աղջկա հետ՝ հայրը, հորեղբայրները, և աղջիկը խուսափում է հաճախ նայել հեղինակի կողմը: Երազող ու մտամոլոր կերպարանք առած, աղջիկը դիտում է ծովը: Կեսգիշերին նա իր բարեկամների հետ հեռանում է, և հեղինակը հեռվից ուղեկցում է նրանց և մութի մեջ տեսնում նազելի գլուխը՝ «որ ետ կշրջվեր ինչ-որ մեկին փնտրելու համար կարծես»: Հեղինակը հարցնում է ինքն իրեն. գուցե վանդակների հետևում պահվող մեկն է այդ աղջիկը, շատ վեհերոտ է անծանոթուհու պահվածքը, ո՞վ է նա, ո՞րտեղ է բնակվում:
Անծանոթ ընտանիքը կանգ է առնում վերջապես ֆրերների դպրոցի մոտ, նոր շինված տան առաջ: Բոլորը մտնում են տուն և հեղինակը մնում է մութի մեջ միայնակ:
Այդ տան պատուհաններից մեկի տակ հեղինակը ժամեր է անցկացնում: Չգիտի, թե ինչ նշան է ակնկալում որպես ապացույց իրեն և աղջկան միացնող համակրության: Պատուհանից հստակ տեսնում է միայն սև մազերի փունջը: Աղջկա դիրքը չի փոխվում, բայց դա էլ բավական է հեղինակին երջանիկ լինելու համար:
Գիշերն անցնում է, աքաղաղներն են սկսում կանչել, լույսն է բացվում, սակայն գեղեցիկ մազերի փունջը իր նախկին դիրքում է: Հեղինակին թվում է, թե աղջիկն էլ անքուն այդպես նստել է գիշերով պատուհանի առաջ ու երազել է:
Հեղինակը մի փոքր էլ մնում է տեղում կանգնած և սև մազերի փունջը հստակվում է նրա աչքի առաջ. ռեհանի փոքրիկ փունջ է: Այդ փունջն էր սպասում իրեն ողջ գիշեր:

Հիմա, այդ դեպքից տարիներ անց, հեղինակը օրհնում է ռեհանի փոքրիկ փունջը, որ ամեն բարեկամից ավելի երջանիկ է դարձրել իրեն այն գիշեր: Առավոտը իր բերած լույսի անողոք ստուգությամբ թող միշտ բացվի, միևնույն է, ռեհանի փունջը կմնա անծանոթուհու սև մազափունջ: 

Գրիգոր Զոհրապ | Ռեհան | համառոտ Գրիգոր Զոհրապ | Ռեհան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.