Երվանդ Օտյան | Մեր երեսփոխանները | համառոտ



«Մեր երեսփոխանները» ընդհանուր խորագրով երգիծական դիմանկարների շարքը պարունակում է 37 դիմանկար: Այն ներկայացնում է Օսմանյան կայսրության պետական ատյաններում (Ազգային ժողով) ներգրավված հայ ազգային գործիչների կծու երգիծանքով ու քննադատությամբ համեմված դիմանկարները:
Այստեղ են Հարություն Ճանկուլյանը՝ այլանդակ ծիծաղելիության այդ հոյակապ տիպարը, Հմայակ Արամյանցը՝ աղմկալից պարապությունը, Գաբրիել Նորատունկյանը՝ անտանելի իր կեցվածքով, Միհրդատ Հայկազնը՝ խոշոր թմբուկ մը: Նրանց հակադրվում են Գրիգոր Զոհրապը՝ ազգային փառքերեն մինը, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը՝ մեր եկեղեցականության սակավագյուտ փառքերեն մինը, Հրանտ Ասատուրը՝ ազգային ժողովի զարդերեն մինը մեր, Վահան Թեքեյանը՝ ամենեն ներկայանալի երեսփոխաններեն մինը:
Օտյանի քննադատության ու հեգնանքի միջոցներից մեկն է խոսքի և գործի, ինչպես նաև արտաքինի և ներքինի հակադրությունը:
Միհրդատ Հայկազնի սկզբունքներն են.
Որչափ պոռանք՝ այնչափ իրավունք կունենանք, ու այնչափ համոզիչ կըլլան մեր փաստերը: Իմաստությունն ու տրամաբանությունը ձայնի ուժգնության ու թոքերու զորության մեջ է: Ընդդիմախոսը միշտ անիրավ է: Մեծամասնությունը կարևորություն չունի, երբ ինծի հետ չէ:
Հրանտ Ասատուրն ընդհակառակը՝ համոզում է լռություն պահպանել: Խոսելով մեզ թշնամիներ ենք ստեղծում: Պետք չէ արտահայտվել որոշակիորեն: Այդ դեպքում բոլորը կկարծեն, թե իրենց հետ ես:
Վահան Թեքեյանի մասին խոսելիս Օտյանը կարևորում է նրա անշահախնդրությունը, սակայն քննադատում է հանրային գործերին շատ տրվելու պատճառով իր գրական կոչումին պատշաճ չհետևելը:
Օտյանը թվարկում է «տանելի» երեսփոխաններին: Դրանցից են՝ Գրիգոր Զոհրապը, Հարություն Շահրիկյանը (կառվարարության և աղմկարարության իր արատներով), «ազգային խենթ» Վարդգեսը, Մուշի հերոս՝ հնչակյան Համբարձում Պոյաճյանը:
«Անտանելի» երեսփոխաններից առանձնանում են՝ Հմայակ Արամյանցը, Գաբրիել Նորատունկյանը և Միհրդատ Հայկազնը:
Կերտելով ազգային գործիչների առանձին-անհատական դիմանկարները՝ Երվանդ Օտյանը ստեղծում է նաև ընդհանրական մեծ դիմանկար՝ Ազգային ժողովի դիմանկարը:
Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերի» և Գրիգոր Զոհրապի «Ծանոթ դեմքերի» հետ միասին Երվանդ Օտյանի «Մեր երեսփոխանները» ունի ոչ միայն գեղարվեստական, այլև մշակութապատմական և վավերագրական անփոխարինելի արժեք:        

Տես Երվանդ Օտյան Ընկ. Բ. Փանջունի, Պլուտարքոս Զուգահեռ կենսագրություններ և Հակոբ Պարոնյան Մեծապատիվ մուրացկաններ

Երվանդ Օտյան | Մեր երեսփոխանները | համառոտ Երվանդ Օտյան | Մեր երեսփոխանները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 13, 2016 Rating: 5
Технологии Blogger.