Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը: Թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։
Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։
Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։
Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։
Մուշեղ Գալշոյան | Մամփրե արքան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 13, 2016 Rating: