Սալվադորի Բայա փոքրիկ քաղաքի բնակչուհու՝ Դոնա Ֆլորի ամուսինը մեռնում է սրտի կաթվածից: Դոնա Ֆլորը դասեր է տալիս իրեն պատկանող «Համ և Արվեստ» խոհարարական դպրոցում: Նրա ամուսինը կնամոլ, խաղամոլ և գինեմոլ էր, սակայն այնպիսի աշխուժություն էր մտցնում նրա կյանք, որ Դոնա Ֆլորը ներում էր նրան բոլոր դավաճանությունները: Կորստից հետո այրին սկսում է հիշել իր ողջ կյանքը:
Տարիներ առաջ իր մայրը ևս այրի էր մնացել: Երեք երեխաների հետ: Իր դստրերի՝ Ռոզալիայի և Ֆլորի օգնությամբ մայրը՝ Ռոզիլդան, հույս ուներ հաջողության հասնել բարձր հասարակության մեջ: Սակայն Ռոզալիան ամուսնանում է հասարակ մեխանիկի հետ: Իսկ Ֆլորի սիրտը գրավում է կնամոլը: Չնայած մոր սպառնալիքներին և անգամ ծեծերին, Ֆլորը փախչում է կնամոլի հետ և դառնում է նրա կինը: Իր վաստակած դրամը հերիքում է իրենց երկուսին, իսկ երեխաներ ուենալ նա չի կարող: Նրա օրերն ու գիշերները լի են սպասումներով: Կգա՞ արդյոք կնամոլը, կնախնընտրի՞ արդյոք այսօր իրեն, թե կմնա որևէ սիրուհու գրկում: Ինքը ի՞նչ կարող է անել: Այդպիսին է իր ամուսինը: Եվ երբ նա իր կողքին է, ինքը աշխարհի ամենաերջանիկ կինն է:
Իմանալով, որ կնամոլը մեռել է, Ռոզիլդան գալիս է դստեր մոտ: Հույս ունի, որ իր խելահեղ Ֆլորը նոր ամուսին կգտնի իր համար: Որոշ ժամանակ սուգ պահելուց հետո Դոնա Ֆլորան սկսում է նկատել իր նկատմամբ դեղագործ Թեոդորո Մադուրեյրայի ցուցաբերած ուշադրության նշանները: Կնամոլի մահից 3 տարի հետո նրանք ամուսնանում են: Այս ամուսինը առաջինի ուղիղ հակադրությունն է: Նա ապրում է համեստ, հավատարիմ, չափված: Սակայն նրա գուրգուրանքները Դոնա Ֆլորին թվում են մի տեսակ անալի: Նա հաճախ է հիշում կնամոլին: Եվ այդուհանդերձ նրա կյանքն ընդհանուր առմամբ երջանիկ է:
Սակայն մի օր իր ընտանեկան հավաքույթից հետո իր սենյակ բարձրանալով, նա գտնում է այնտեղ կնամոլին: Սա բացատրում է, որ ինքը տեսանելի է միայն Դոնա Ֆլորի համար և սկսում է գայթակղել նախկին կնոջը: Շատ օրեր ու գիշերներ Դոնա Ֆլորը կարողանում է դիմակայել կնամոլին, իսկ սա նախկին ընկերներին օգնում է կազինոներում ու խաղատներում գումարներ շահել՝ հուշելով նրանց ճիշտ խաղադրույքները: Կնամոլի սիրուհիներից մեկը՝ Դիոնիզիան, խոստանում է օգնել Դոնա Ֆլորին և դիմում է տեղացի կախարդներին: Նրանք ամեն բան պատրաստում են մոգական ծեսի համար: Իսկ Ֆլորի սրտում վերջապես հաղթում է կիրքը և նա ծաղկում է: Նա մոռանում է, որ խնդրել է Դիոնիզիային օգնել իրեն: Սակայն կախարդական ծեսը ստիպում է կնամոլին հեռանալ: Դոնա Ֆլորի արթնացած կիրքը պայքարի մեջ է մտնում հմայանքների հետ և հաղթում դրանք: Բոլորի համար անտեսանելի կնամոլը լցնում է Դոնա Ֆլորի կյանքը երանությամբ և նվիրում է նրան սիրային վայելք, իսկ հարգարժան Թեոդորոն լցնում է նրա կյանքը չափավորությամբ և առաքինությամբ: Բոլորը քաղաքում հիանում են Դոնա Ֆլորով, չկասկածելով, որ նա երջանիկ է միաժամանակ երկու ամուսիններով, որոնց տաղանդներն այդպես ներդաշնակորեն լրացնում են իրար:
Տես նաև Ալբերտո Մորավիա Անտարբեր մարդիկ, Անտոն Չեխով Շնիկով տիկինը և Ջոն Ապդայկ Վազիր, ճագար
Ժորժի Ամադու | Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 01, 2016 Rating: