Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ցանկալի հյուր էր ոչ միայն Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Մի անգամ Իսպանիայում հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ընթացքում կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել Իսպանիայում: Սա էլ ցանկություն է հայտնում հանդիպելու 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հետ: Այս հայտարարությունը ստիպեց կազմակերպիչներին տարակուսել, քանի որ իր էքսցենտրիզմով հայտնի Դալին կարող էր տհաճ անակնկալ մատուցել: Բայց Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին և պատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի ցանկացած պահի ընդունել իր համեստ առանձնատանը: Վաղը` ցերեկվա ժամը 2-ին: Եթե, իհարկե, հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է: Եվ հաջորդ օրը` ժամը երկուսից 3 րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին և թարգմանչուհուն կառավարական լիմուզինը հասցրեց Դալիի ապարանք: Ներս ընդունեցին միայն Խաչատրյանին: Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև դա Դալիի «ձեռագիրն» էր: Խաչատրյանին ուղեկցեցին պալատ: Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան և առաջարկեց նստել: Տեղեկացրեց, որ Դալին հիմա այդ դռնով ներս կմտնի: Պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ: Ժամը երկուսն էր: Խաչատրյանը նստեց ոսկեթել շքեղ բազմոցին: Նրա դեմ խճանկար սեղան էր` վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահի մյուս անկյունում` ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը: Անցավ ժամանակ: Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն ընդունված չէ` նա սկսեց դիտել սենյակը, ուղղել փողկապը, հարդարել մազերը: Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ: Մի կում կոնյակ խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու մի բաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ի՛նչ անտաշություն: Սկսեց քայլել սենյակում: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին: Բայց դուռը կողպեքով փակ էր: Եվ Խաչատրյանը որոշեց` կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Ուղիղ 3-ին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս «Ախթամար» խմեց և հաստատակամ մոտեցավ դռանը: Բայց պարզվեց` այն դուռը, որտեղից ներս էր մտել, փակ է: Հերթականությամբ փորձեց բացել բոլոր դռները: Բոլորը փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայն հայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու խծկեց գրպանը: Փնտրեց հեռախոս կամ զանգի կոճակ: Բայց` իզուր: Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Արդեն ուտելու պահանջ զգաց: Արդեն ճաշելու ժամանակն էր: Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց, որպեսզի Դալիի հետ ճաշի: Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատ էլ կոնյակ գցեց: Սկսեց սրտնեղել: Երեք անց կեսին բնական պահանջ զգաց, բայց դռները փակ էին: Արդեն քաղաքավարության կանոնները հարգելու ժամանակը չէր: Նա բավարարեց բնական պահանջը պատուհանին դրված սկահակի մեջ: Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց «Սուսերով պարը»: Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով` ներս մտավ Սալվադոր Դալին: Նա սիգարշավեց ամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ու երաժշտության ձայնը կտրվեց: Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է: Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները հարցնում էին, թե ինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բան փնթփնթաց` աշխատելով կարճ խոսել: Նույն օրը հանդիպման մանրամասները տպագրվեցին երեկոյան թերթում: Ի դեպ, Դալին ներողամիտ տոնով թերթում նշել էր, որ վայրի Ռուսիայի իր հյուրը գիշերանոթի տեղ օգտագործել էր 600 տարվա հնություն ունեցող, հարյուր հազար դոլար արժողությամբ հնաոճ սկահակը:
Միխաիլ Վելլեր | Արամ Խաչատրյանը և Սալվադոր Դալին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2016 Rating: