Կեսարը հռոմեական պատմության մեջ հայտնի է ոչ միայն որպես ականավոր պետական գործիչ ու հմուտ ռազմագետ, այլև իր ժամանակի հռչակավոր հռետորներից ու գրողներից մեկը: Կիկերոնը Բրուտոսին նվիրած իր գրքում թվելով հետորներին, դժվարանում է նշել, թե նրանցից որին է Կեսարը զիջում իր առաջնությունը: Կեսարի հռետորական տաղանդը նշել է նաև Տակիտոսը:
Կեսարը թողել է գրավոր հետևյալ ժառանգությունը՝
«Անալոգիա Մարկոս տուլլիոս Կիկերոնին»: Գիրքը, ինչպես վերնագիրն է ցույց տալիս, գիտական-բանասիրական բնույթի է: Գրել է Գալիայում մղած պատերազմների ընթացքում, երբ անցնում էր Ալպերը: Դա լատինական լեզվի ուսումնասիրություն է: Քննվում են քերականական հարցեր, որոնց շուրջ գրականության մեջ կար երկու կուսակցություն՝ անալոգիստների և անոմալիստների: Առաջինները պաշտպանում էին լեզվում միատեսակությունը, իսկ երկրորդները՝ անկանոնությունը: Կեսարը պաշտպանում է անալոգիստներին:
«Աստղաբաշության մասին»: Որպես պոնտիֆեքս մաքսիումուս (գլխավոր քուրմ) Կեսարը զբաղվում է տոմարագիտությամբ և ուղղում օրացույցը: Նրա սահմանած տոմարն իր անունով կոչվել է հուլյան, որը գոյություն է ունեցել մի քանի դար: Հուլյան տոմարով յուրաքանչյուր 3 տարուց հետո լինում է նահանջ տարի: Կեսարի օրացույցը փոխում է Հռոմի Գրիգորիս պապը 1582 թ. և տոմարը կոչվում է Գրիգորյան:
«Հուշեր գալլիական պատերազմի մասին»: Ամբողջությամբ պահպանված Կեսարի առաջին գիրքն է: Բաղկացած է 7 գլխից: Շարադրված է երրորդ դեմքով: Պատմվում են Գալիայում, Բրիտանիայում և Գերմանիայում մղված պատերազմները: Առաջին գրքում նկարագրում է հելվետների դեմ տարած հաղթանակները, երկրորդում՝ բելգերի նվաճումը, երրորդում՝ ալպիական ժողովուրդների նվաճումը, չորրորդում՝ պատերազմները գերմանական ցեղերի դեմ, առաջին դեսանտը Բրիտանիայում, հինգերորդում՝ երկրորդ դեսանտը Բրիտանիայում և դրա նվաճումը, բրիտանական ցեղերի միացյալ ապստամբությունը Կեսարի դեմ և Կեսարի տված ջարդը այդ ցեղերին, վեցերորդում՝ ապստամբության սպառնալիքը գալլերի կողմից, Հռենոսն անցնելը երկրորդ անգամ, գալլերի բարքերի նկարագրությունը, յոթերորդում՝ Գալիայի վերջնական նվաճումը: «Հուշերի» բովանդակությունը կազմում են 58-51 թթ. պատերազմները հյուսիսում: Առանձնապես արժեքավոր են վայրենաբարո գալիական ցեղերի հասարակական կյանքի մասին տեղեկությունները: «Հուշերի» բոլոր յոթ մասերը Կեսարը գրել է իր ձեռքով: Կա նաև ութերորդ գիրքը, որը Կեսարինը չէ, այլ գրվել է լեգատներից մեկի՝ Հիրտուսի ձեռքով և կցվել «Հուշերին»: Ութերորդում նկարագրված են 51-50 թվականի իրադարձությունները մինչև Կեսարի և սենատի ընդհարումները:
«Հուշեր քաղաքացիական կռվի մասին»: Կեսարի պատմական երկրորդ աշխատությունն է: Բաղկացած է երեք մասից: Շարադված են 49-48 թթ. տեղի ունեցած ներքին կռիվները մինչև ալեքսանդրյան պատերազմի սկիզբը: Առաջին մասում պատմվում են սենատի խորհրդակցությունները պատերազմը սկսելու մասին, Պոմպեոսի կողմնակիցներին Իտալիայից վտարելու, ինչպես և պոմպեականների դեմ Իսպանիայում տարած հաղթանակների մասին և այլն: Երկրորդում՝ մի շարք ճակատամարտեր, Իտալիայի վերջնական նվաճումը և Կեսարի դիկտատոր նշանակվելը, երրորդում՝ Պոմպեոսի պարտությունը, նրա փախուստը և ալեքսանդրյան պատերազմի սկիզբը (48 թ.):
Հուլիոս Կեսար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 04, 2016 Rating: