Գյուղն Արազի ափին է: Այստեղ ոչ ոք դաշտապահ Առաքելի նման չի տեսնում ու չի զգում բնության գեղեցկությունները, թեև չկա մարդ, որ իրեն ավելի խելոք չհամարի նրանից ու չծաղրի նրան: Առաքելը հավանաբար այդ պատճառով է խուսափում մարդկանցից և նախընտրում է խոսել կենդանիների ու դաշտերի հետ, նրանց է պատմում իր մտքերն ու մտադրությունները, վշտերն ու ցավերը: Մարդիկ անարդար են՝ համարելով նրան մի տախտակը պակաս: Առաքելը պակասավոր մարդ չէ: Պարզապես սիրում է մենակություն ու իրեն լավ է զգում հանդ ու դաշտում, մարդկանցից հեռու: Այժմ, երբ արդեն իր «երկրում» չէ և ինչպես ասում են «ղուռուխչի» չէ, տխրում ու ձանձրանում է, դարձյալ դաշտ է գնում, ժամերով թափառում արտերում, նայում հեռաստաններին, Մասիսներին ու Բարդուղյան լեռներին: Աչքերը կկոցած՝ արևելքից արևմուտք ձգվող լեռների կույտերի մեջ որոնում է այն գյուղերը, որոնցով քանի-քանի անգամ էր անցել «երկրից» այստեղ ու այստեղից երկիր վերադարձել: Ինքը Դիտակ գյուղից էր: Հիմա «երկիրը» հեռու է ու անհասանելի, բայց աչքիդ առաջ: Կարող ես միայն նայել հարազատ վայրերի կողմը: Եվ Առաքելը նայում է՝ առավոտ, երեկո, գիշեր, ցերեկ: Մտքով անցնում է Քորուն և Մուսուն գյուղերի կանաչ մարգագետիններով, Արծափ բարձրադիր գյուղի մոտով, հասնում իրենց գյուղը, ուր դաշտերի, արտերի ու մարգերի տերն է եղել վաղ պատանեկությունից մինչև գաղթը: Առաքելը նույնիսկ չի խոսում իր զավակների՝ Արամի ու Տիգրանի հետ: Արամը գյուղական խորհրդի նախագահն է, Տիգրանը գյուղի «կոմսոմոլների» քարտուղարն է: Տոն օրերին ճառեր են ասում խորհրդային իշխանության մասին, որ ժողովրդին փրկեց կոտորածից ու սովից: Որդիների պատվի համար, այժմ Առաքելին առաջվա նման չեն ծաղրում: Առաքելը ինքն էլ իր որդիներից քաշվում է, չի խոսում հատկապես մի դեպքից հետո, երբ ինքն իրեն Ստալինի հասցեին խոսել էր, իսկ որդիները և կինը նրան հանդիմանել էին ու երկար ժամանակ չէին խոսում հետը: Հոր անխելքության պատճառով իրենց դավաճաններ կհամարեն: Առաքելը այդ դեպքից հետո առհասարակ դադարում է խոսել նրանց հետ, հարցեր տալ, միտք արտահայտել, ինքը անուսում մարդ է և ոչինչ չի հասկանում, իսկ հոգու խորքում ուրախ է, որ իր որդիներին այդպես հարգում են ու կարևորում: Միայն թե ինքն անվերջ իր երկիրն է ուզում, կարոտում իր տունը: Հաճախ գիշերն էլ է գնում ու թափառում դաշտերում: Բայց մի անգամ Առաքելը չի վերադառնում, և կնոջ՝ Սանամի լացուկոծից լուրն անմիջապես տարածվում է, գյուղացիները հավաքվում են նրանց տան շուրջը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել Առաքելին: Անսպասելիորեն գյուղ են գալիս սահմանապահները և հայտնում, որ Առաքել Էլոյանը անցել է սահմանը, Արազը՝ Արաքսն անցել, փախել է երկիր… Նրանք տանում են Սանամին և Արամին: Առաքելի ընկեր Վանքեցի Մուշեղը վիճում է Ոզմեցի Ենոքի հետ Առաքելի դավաճան լինելու առնչությամբ, որին խառնվում է Ենոքի որդի Շիլ Գարեն, որը ցանկանում է զբաղեցնել Արամի տեղը: Այդպես էլ լինում է: Տանում են նաև Վանքեցի Մուշեղին: Մի քանի օր հետո նրանք վերադառնում են, և ոչ ոք ոչինչ չի խոսում: Արամին գյուղխորհրդի նախագահի պաշտոնից ու կուսակցական շարքերից հեռացնում են, նշանակելով Գարեին, մինչև ընտրությունները: Վերադառնում է նաև Տիգրանը, որը կուսակցական դպրոցում սովորելու էր գնացել: Ասում են, որ նրան էլ այնտեղից են հեռացրել: Հանա՞ք բան է, հայրը Խորհրդային Սոցիալիստական Հայաստանից փախել, գնացել է Տաճկաստան: Մոսկվայում նամակ է գրվում թուրքական հանրապետության արտաքին գործոց նորին գերազանցություն պարոն նախարարին: Ներկայացնելով բոլոր հանգամանքները՝ խնդրվում է ձերբակալել և հանձնել Էլոյանին, օրենքի առաջ նրա կատարած հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու: Որոշ ժամանակ անց պատասխան է գալիս, որ վերոհիշյալ անձի գտնվելու փաստը Թուրքիայի տերիտորիայում արձանագրված չէ: Մոսկվայից Անկարա է հղվում նոր ուղերձ: Այս անգամ պատասխանում նշվում է, որ խորհրդային-թուրքական սահմանը չարամիտ կերպով խախտած վերոհիշյալ Առաքել Էլոյանը, մտնելով թուրքական տերիտորիան, խուսափել է ներկայանալ պետական մարմիններին, ապաստանել է լեռները քաշված քուրդ ապստամբների մոտ և մասնակցում է նրանց հակակառավարական գործողություններին, որոնք խրախուսվում են անգլիական իմպերիալիստների կողմից: Թուրքական կառավարությունը չի տարակուսում, որ նա կապված է անգլիական հետախուզության հետ և երկու բարեկամական երկրների թշնամին է: Արազի ափի գյուղում այս ուղերձների մասին ոչ մի տեղեկություն չունեն: Դրանք հաղորդվում են ներքին կարգով: Փոխարենը գյուղում Առաքելի մասին առասպելներ են հյուսվում մեկը մյուսից անհավանական ու տարբեր: Եվ արդեն սկսում են մոռանալ Առաքելին, երբ նա նորից ամենքին ու ամեն ինչ խառնում է: Առաջին ձյան հետ մտնում է գյուղ՝ ավանդական մահակը ձեռքին: Նույն Առաքելն է, նույն հնամաշ փափախը գլխին, նույն հագուստով ու տրեխներով: Միայն թե ամրացած, մի տեսակ երիտասարդացած: Գյուղը դարձյալ խառնվում է իրար, բայց մինչև հասցնում են նրան տեսնել, հետը խոսել, գալիս են սահմանապահ զինվորները և Առաքելին տանում: Հայաստանի պետքաղվարչության նախագահը՝ Հայկազ Շավարշյանը, մտածում է, որ հազիվ թե Առաքելը քաղաքական դեմք լինի: Երեք քննիչներից Արշո Ծամերյանը, հակառակը, կարծում է, որ նա խորամանկ ու նենգ է: Առաքելի պահվածքից, սակայն, ակնհայտ է, որ նա պարզ գյուղացի է, որն իսկապես կարոտից է նման քայլի դիմել: Հաջորդ օրվա ընթացքում Ծամերյանը Առաքելի պատմածները կասկածի տակ առնելով, ապտակում է նրան: Հաջորդ օրը նախագահը Առաքելից ներողություն է խնդրում և գործից զրկում է Ծամերյանին: Առաքելը նրան է պատմում իր հետ պատահած դեպքերը՝ բոլոր մանրամասնություններով: Զբոսնելիս նրան մի ձայն կամ իր հոգու ձայնը խրախուսել է անցնել Արաքսը, և նա այդպես էլ վարվել է: Աննկատ մնալով՝ կարողացել է հասնել սարերը, որոնց քաջ ծանոթ է: Շավարշյանը արզրումցի է և Առաքելի մեջ տեսնում է իր հարազատներին՝ հորը, պապուն: Առաքելը ևս համակրանքով է լցված նրա հանդեպ և իր բնական խելքով զգում է, որ նա լավ մարդ է: Առաքելը խոստովանում է, որ ինքը ոչ մեկի խորհրդով չի առաջնորդվել, այլ միայն սեփական սրտով է շարժվել: Տասնհինգ տարի է, ինչ իր ծնողների գերեզմանը չէր տեսել: Կարոտել է Դիտակը, Վանքը, ու Նպատ սարը: Այսպես գիշերով աննկատ կարողացել է առաջանալ՝ ձախ կողմում թողնելով Իգդիրը, աջ կողմում՝ Բլուր գյուղը: Հիշում է այնտեղի բնակիչներին, պատմում որոշ դրվագներ: Ալաշկերտից գաղթելուց հետո իրենք բնակվել էին Բլուրում: Երբ լույսը բացվել է, նրա վրա հարձակվել են գամփռներ ու շրջապատել են քրդերը: Բայց պարզվել է, որ նրանց մեջ էր իրենց Բերդակ գյուղացի Ղասմի միջնեկ տղա Մարիֆը, իսկ խմբի գլխավորը նրա մեծ եղբոր որդին էր՝ Ղասմի թոռը՝ Նադոն: Մարիֆը գրկել է Առաքելին, նստել են միասին, զրուցել, հիշել հին բարեկամներին ու ծանոթներին: Նադոն թողություն է խնդրել Առաքելից, որ մտրակով խփել էր՝ չիմանալով, թե ով է: Այսպես Առաքելը մնում է իր վաղեմի ծանոթ քրդերի մոտ: Մարիֆի և երկու այլ քրդերի օգնությամբ նա շրջում է հարազատ բոլոր վայրերով, նրան այցելում են շատ ծանոթ քրդեր, բոլորն էլ բազմաթիվ նվերներով: Առաքելը Նախագահին պատմում է Ղասմե Զիլանու գերդաստանի մասին, որ ապրում էր Դիտակ գյուղում հայերի հետ միասին: Լավ մարդ էր, միշտ օգնում էր հայերին, փրկել էր նրանց թուրք ասկյարներից: Առաքելն ասում է, որ ամեն քուրդ Քոռ Հուսեյն փաշայի նման չէ, Մշո Մուսա-Բեկի նման չէ, թալանչի չէ: Ղասմե Զիլանու ու նրա տղաների պես ազնիվ, պատվական քրդեր էլ կան: Մարիֆն իրեն պատմել է, որ քրդրերն արդեն ութ տարի է, ինչ հալածվում են թուրքերի կողմից: Ղասմի բոլոր զավակները մահացել են, մնացել է միայն Մարիֆը: Զիլանին դարդից մահացել է: Այժմ Շամիլի փոխարեն նրա որդին՝ Նադոն է գլխավորը: Այս տղան տասներկու տարեկանում Առաքելի հետ հաճախ դաշտ էր գնում, հետո Առաքելը ճանաչել էր նրան: Քրդերը զղջում են, որ կոտորել են հայերին, այժմ էլ իրենց են ուզում վերացնել: Քեմալ փաշան սուտ բարեկամություն է անում Ստալինի հետ, իրականում երկրի մեջ ժողովուրդներին կոտորում է: Առաքելը պատմում է, որ իր՝ այնտեղ եղած ժամանակ կռիվների ընթացքում սպանվել է նաև Նադոն: Հարձակումը եղել է մի թուրք ասկյար լրտեսի պատճառով, որին միամտաբար տեղ էին տվել իրենց խմբում՝ հավատալով սուտ խոսքերին: Նադոյի տեղն այժմ զբաղեցնում է տասնչորս տարեկան որդին՝ Ղասմը, որ կրում է իր հոր պապու անունը: Նոր Ղասմե Զիլանի պետք է դառնա: Մարիֆի հետ Առաքելը լինում է Դիադին գյուղում, Հովհաննու վանքում, տասնհինգ օր մնում է իրենց գյուղում՝ ամեն օր այցելելով ծնողների գերեզման: Որոշ ժամանակ անց Մարիֆը հայտնում է Առաքելին, թե այստեղ ինչ են մտածում նրա մասին, և Առաքելը վերադառնում է քրդերի օգնությամբ՝ աննկատ մնալով թշնամիների կողմից: Առաքելին ազատում են, քանի որ նրա գնալն ու գալը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդել: Սակայն Ծամերյանը համաձայն չէ կայացրած վճռի հետ: Նա իր կարծիքը ներկայացնում է Պավլովիչ Բերիային: Ի վերջո Ծամերյանը նշանակվում է Հայաստանի պետքաղվարչության քննչական բաժնի պետ, մյուս երկու քննիչները տեղափոխվում են աշխատելու Անդրկովկասյան պետքաղվարչությունում, իսկ Էլոյանի վրա կրկնակի, մշտական վերահսկողություն են սահմանում՝ համարելով պետական հանցագործ: Հայկազ Շավարշյանը հրաժարական է տալիս, գնում Մոսկվա՝ արդյունաբերական ակադեմիայում սովորելու: Առաքելի որդիներից Արամն այժմ բանվոր է դարձել, քաղաքում է, Տիգրանը փախել է Ռուսաստան, միայն մի նամակ է գրել: Առաքելը Շավարշյանի խորհրդով ոչ մեկին ոչինչ չի պատմում, բայց իր հոգու խորքում երջանիկ է, որ եղել է երկրում, կարոտն առել, որ այդ ամենը տեսիլք չէր, իրական է և որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ, ինչպիսին է Շավարշյանը: Այժմ նրան արդեն խելքից պակաս չեն համարում և ակնկալում են, որ կպատմի իրենց կորցրած հայրենիքի մասին: Սակայն Առաքելը միայն մի բան է ասում. «Նպատ լեռան ստորոտի Հովհաննու մեծ վանքը դարձյալ կանգուն է մնում իր տեղում, և Մուրադ գետն էլ, մեր Արածանին, դարձյալ առաջվա պես հոսում է մարգագետինների միջով՝ արևելքից դեպի արևմուտք…»
Հրաչյա Քոչար | Կարոտ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 02, 2016 Rating: