Երջանկության և տխրության բանաստեղծ Սաադին բոլորել է իր կյանքի հարյուրերորդ տարին։ Առավոտ շատ վաղ զարթնում է, իջնում պարտեզը, նորից լսելու բլբուլների երգը և տեսնելու գարնան հրաշքը։ Նայում է Շիրազի դաշտին: Նստում է ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա: Թեև շատ է ծերացել Սաադին, սակայն նրա հոգին տեսնում է ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին - Զմրուխտ թռչունը, որն իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։ Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմիր վարդերի մեջ սուզած՝ Սաադին տեսնում է աշխարհն իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ Նրա աչքերի առաջ անցնում են Հինդու երկիրը, փղերը, Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկները, Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը, Դամասկոսի թավիշ աղջիկները… Մտածում է, որ իր կյանքը անցավ մի գիշերվա երազի պես: Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամ է տեսել։ Եվ տեսանողի հոգով նախազգում է Սաադին, որ սա իր ապրած վերջին գարունն է։ Ներս է մտնում Նազիաթը՝ Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։ Սաադին սիրում է նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել է նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։ Նազիաթը նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին: Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայում է իր հեքիաթ-աշխարհին, իր առջև լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգում տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրում ու դնում է լացող սրտի վրա՝ ասելով.
- Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Ավետիք Իսահակյան | Սաադիի վերջին գարունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 18, 2016 Rating: