Ադամ Միցկևիչ


Ադամ Միցկևիչի վաղ շրջանի ամենանշանակալի գործերը ներառված են «Պոեզիա» (1822) ժողովածուի մեջ: Բանաստեղծը ժողովածուի ներածականում ձևակերպում է ռոմանտիզմի իր ըմբռնումը: Ժողովրդական երգերում, զրույցներում, լեգենդներում բանաստեղծը իրավացիորեն տեսնում է ստեղծագործական ոգեշնչման անսպառ աղբյուր: Գրականությունը պետք է հաղորդի իր դարի տրամադրությունը: «Սվիտեզ», «Սվիտեզուհի» և այլ բալլադներում Միցկևիչը մշակել է ժողովրդական լեգենդներն ու հավատալիքները: «Պոեզիայի» երկրորդ հատորը, որտեղ զետեղված է «Գրաժինա» պոեմը, բացեց Միցկևիչի ստեղծագործության նոր շրջան: «Գրաժինա» պոեմի գործողությունը տեղի է ունենում հանրահայտ Գրյունվալդյան մարտից առաջ, երբ տևտոնյան միաբանության ասպետները ջախջախվեցին լեհական, ռուսական և լիտվական զորքերի կողմից: Այս փառավոր մարտով ավարտվեց սլավոնների 200 տարի տևած պայքարը գերմանական ֆեոդալների դեմ: «Գրաժինա» ռոմանտիկական պոեմը գովերգում է լիտվուհու հայրենասիրական սխրանքը: Նա, գլխավորելով զորքը, պարտության է մատնում խաչակիրներին: Նա զոհում է հայրենիքի համար իր կյանքը, և բանաստեղծը գովերգում է նրա սխրանքը.

Ներիր ինձ… առաջին անգամ կյանքում
Քեզ դավաճանեցի, սակայն ի տուրք հայրենիքի:

Ռուսաստանում ապրած տարիներին Միցկևիչը գրում է իր «Սոնետները» (1826), թարգմանում է Ա. Ս. Պուշկինի բանաստեղծություններից: 1828-ին գրում է «Կոնրադ Վալենրոդ» պոեմը, որտեղ պատմվում է գերմանական խաչակիրների դեմ լիտվացիների պայքարի մասին: 1832-ին գրում է «Պան Տադեուշ» պոեմը: Սա լեհական իրականությունը պատկերող լայնածավալ կտավ է: Միցկևիչն աչքի է ընկել նաև դասախոսական և լուսավորական գործունեությամբ: Հենց նա է առաջին անգամ ֆրանսիական գիտական հասարակությանը ծանոթացրել «Ասք Իգորի գնդի մասին» պոեմի հետ: 

Ադամ Միցկևիչ Ադամ Միցկևիչ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.