Հայկ Դռնոյան | Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատական տիպաբանական քննություն


Ստորև ներկայացնում ենք հատված Հայկ Դռնոյանի «Արևմտաեվրոպական միջնադարյան (XI-XIIIդդ.) հերոսավեպերի տիպաբանական հիմնական հատկանիշները» գրքից:


[…] «Սասնա ծռեր» հերոսավեպի հիմքում ընկած հիպոթետիկ դասական պատումում կենտրոնական հերոս պետք է եղած լինի Դավիթը (հմմտ. Կուխուլին, Բեովուլֆ, Ռոլանդ, Վիվյեն, Սիդ, Բերնարդո և այլն), իսկ գլխավոր անտագոնիստ՝ Մելիքը (հմմտ. Ֆերդիադ, Գրենդել, սարակինոսներ և այլն), որոնք դասական հերոսավեպի ընդունված սխեմայով բախվել են, և հաղթել է Դավիթը, այնպես ինչպես դասական վիպերգության մյուս հերոսները: Ինչ վերաբերում է նախորդ երկու շերտերին, դրանք հիմնական տիպաբանական կորիզի վրա հետագա հավելումներ են, ինչը հնարավոր է դարձել ցիկլավորման գործընթացների արդյունքում: Ինչպես դասական վիպերգության շատ հերոսներ, Դավիթը ևս ստացել է իր ծագումնաբանական լրացումը՝ նախնիներ և հետնորդ, ինչը նրան դնում է հայ ժողովրդի պատմական զարգացման պատմափիլիսոփայական շղթայի մեջ, սակայն չի փոխում նրա դերը հերոսավեպի համակարգում, որը շարունակում է մնալ գլխավոր ու առաջնային: Ընդհանրապես, պետք է նշել, որ տիպաբանական կորիզի այս երևույթը, երբ առկա է մեկ հիմնական պատում, որը որոշում է նրա շուրջ միավորված բոլոր մյուս պատումների տիպաբանական բնույթն ու տեղը տվյալ հերոսավեպի համակարգում, մենք տեսնում ենք հիմնականում ժողովրդական հերոսավեպում, և այն բավական խճողում է տիպաբանական բնութագրման ուղիները: Տիպաբանական աստիճանների, «պատմական շերտերի» մասին խոսելիս՝ մենք պետք է դրանք դիտարկենք ոչ թե իբրև հերոսավեպի տիպաբանական բնութագրի հավասարարժեք մասեր, այլ իբրև տիպաբանական կորիզի շուրջ միավորված տարաստիճան զանգված, որը վերաիմաստավորվում է այդ գեղագիտությանը համապատասխան: Այլ հարց է, որ եթե խնդիր է դրվում համեմատական-տիպաբանական քննության ենթարկել տիպաբանական շերտերի յուրօրինակ «կոմպիլացիա» կազմող ժողովրդական հերոսավեպը, այս դեպքում՝ «Սասնա ծռերը»-ը, և առանձին տիպեր ներկայացնող գրքային հերոսավեպերը, այս դեպքում՝ արևմտաեվրոպական միջնադարյան հերոսավեպերը, ինչը և աշխատության սույն գլխի նպատակն է, ապա անհրաժեշտ է մեթոդաբանական նպատակներով ժողովրդական հերոսավեպի մեջ  տարանջատել համապատասխան շերտերը և դրանք համադրել համապատասխան տիպերին պատկանող գրքային հերոսավեպերի հետ՝ համադրվող փաստերի աստիճանային համեմատելիությունը ապահովելու համար՝ միաժամանակ չմոռանալով, որ այդ շերտերը վերաիմաստավորված են և մտնում են դասական վիպերգության շրջանակների մեջ: Մեր աշխատանքի համար կարևոր է այս մեթոդաբանական մոտեցումը, քանի որ սույն գլխի առաջնային խնդիրը արևմտաեվրոպական հերոսավեպերի հետ տիպաբանական կապերի բացահայտումն է:
«Սասնա ծռերում» ևս, ինչպես մյուս հերոսավեպերում, գեղարվեստական նյութի, այսինքն՝ կերպարային ու մոտիվային համակարգերի արմատները գնում են դեպի նախնական պատումային բանահյուսություն և նրա ժանրային ձևեր: «Սասնա ծռերի» ողջ գեղարվեստական համակարգում մենք տեսնում ենք նախնական կաղապարների անընդհատական վերամեկնաբանություն, ինչը և կազմում է ոչ միայն հայկական հերոսավեպի, այլ ընդհանրապես՝ հերոսավեպի ժանրի գեղարվեստական համակարգի հիմքում ընկած հիմնական գործընթացը:[1] Նախնական պատումային բանահյուսությունից «Սասնա ծռերի» գեղարվեստական համակարգ են մտել երկու եղբայրների (Սանասար Բաղդասար, Հովան - Դավիթ) կերպարային կառույցները և որբ տղայի (Սանասար և Բաղդասար, Դավիթ, Փոքր Մհեր), չար պառավի (Սառյե), բարի մոր-պառավի (Ծովինար, Իսմիլ Խաթուն, արտատեր պառավ), ընդհանուր հոր (Սանասար, Մեծ Մհեր, մասամբ՝ Դավիթ), անմահ հերոսների (Թորոս, Հովան) կերպարային տիպերը, դյուցազուն հերոսի տիպը՝ դյուցազնական հեքիաթից, տարբեր առասպելական կերպարներ, որոնք, հիմնականում հանդես գալով վիպական անտագոնիստների դերում, որոշում են անտագոնիստի կերպարի պոետիկան ողջ հերոսավեպի համակարգում (վիշապ, Չարբահար Քամի), և այլն: Իհարկե, այս բոլոր կերպարային կաղապարները դասական վիպերգության համակարգում համապատասխան գեղագիտական և գեղարվեստական ձևափոխություններ են կրել: Նախնական պատումային բանահյուսության համապատասխան ժանրերի մոտիվային համակարգից «Սասնա ծռեր»-ի գեղարվեստական համակարգ են մտել աշխարհակարգի ստեղծման (Սասունի կառուցում), գանձի ձեռք բերման, վիշապի դեմ կռվի, խնամախոսության, ինչպես նաև դյուցազնական կենսագրության մոտիվները՝ համապատասխան վերաիմաստավորումներով:
«Սասնա ծռերում», ինչպես և հերոսավեպում՝ ընդհանրապես, մշակութային հերոսի մասին պատումների և դյուցազնական հեքիաթի գեղարվեստական կաղապարների վիպական բեկման առաջին փուլը տեսնում ենք հնադարյան վիպերգության շրջանակներում, որը մեզ հիմնականում ներկայանում է «Սանասար և Բաղդասար» ճյուղում: Վաղուց է նկատված և քննված Սանասար-Բաղդասար երկյակը՝ որպես երկվորյակների մասին առասպելի անմիջական արտահայտություն հայկական հերոսավեպում: Վեպում այս երկյակը հանդես է գալիս իբրև վիպական բնույթ ունեցող կերպարային կառույց՝ մտնելով վիպական մտածողության և հերոսավեպի ժանրային-տիպաբանական զարգացման որոշակի մակարդակի մեջ և համապատասխանելով նրա գեղագիտությանը: Սանասար-Բաղդասար կերպարային կառույցում երկվորյակ եղբայրների հնագույն առասպելական մոտիվը արտահայտվել է իր առավել վաղ տարբերակով, որի մեջ դեռ չկա եղբայրների հատկանշային խիստ տարբերակում, նրանց հակադրություն, թեև այդպիսի տարբերակման սաղմեր այն արդեն կրում է: Այստեղ Սանասարն ու Բաղդասարը առասպելական՝ ջրային ծագման մշակութային հերոս եղբայրներ են[2] (հմմտ. Վայնամոյնեն-Իլմարինեն, Օդին-Լոկի):
Նույն վիպական կառույցի երկու՝ նախավիպական և հնադարյան վիպական արտահայտությունների անջրպետումը առաջնայնորեն կատարվում է նոր վիպական իրականության ի հայտ գալով, որը, ի տարբերություն նախահայր-մշակութային հերոսների մասին պատումների ամորֆ առասպելական իրականության, ձեռք է բերում նախնական քաղաքական տարբերակում:
[…] Սանասարը և Բաղդասարը, հիմնելով Սասունը, հիմնում են առաջին «իսկական մարդկանց» բևեռը, սեփական բևեռը, որը դառնում է հայ ժողովրդի գոյության և հույսերի մեկնակետը:
Ընդհանրապես, հայկական հերոսավեպին բնորոշ է վիպական իրականության յուրահատուկ ձև, որը ձգտում է չպարփակվել երկբևեռ վիպական իրականության «ռազմականացված» մթնոլորտում, այլ՝ ընդլայնել այն, դարձնել առավել ամբողջական ու բազմազան: Մենք հայկական հերոսավեպում չենք տեսնում այնպիսի երկբևեռություն, ինչպիսին առկա է, օրինակ, ֆրանսիական հերոսավեպում: Հայ հերոսներն ունեն թշնամիներ, որոնք Սանասար-Բաղդասար պատումում վիշապներն են կամ այլ առասպելական էակները, իսկ Մեծ Մհերի ճյուղից սկսած՝ արաբները (արաբները ևս պահպանում են իրենց իմաստաբանական և գեղարվեստական գործառույթը), սակայն դրանով չի սպառվում վիպական իրականության համակարգը. մենք տեսնում ենք բազմաթիվ այլ բևեռներ ևս, որոնք ունեն ինչպես անտագոնիստական, այնպես էլ պրոտագոնիստական բնույթ (Բիթլիս, Խլաթ, Վան, Էրզրում, Կանաչ քաղաք, Պղձե քաղաք և այլն): Ահա հայկական հերոսավեպում վիպական իրականության այսպիսի ամբողջական ընկալումը՝ որպես լայն ու անընդգրկելի գոյություն, համակեցություն, իր ազդեցությունն է ունենում նաև Սանասար-Բաղդասար պատումում: Եղբայրները ստեղծում են սեփական բևեռը, սակայն ստեղծում են ոչ թե ոչնչից, ոչնչի իշխանության ժամանակ, այլ այն պայմաններում, երբ բազմաթիվ թագավորություններ ու իշխանություններ կան, որոնք դասական վիպերգության ազդեցությամբ առավել ընդգծված պատմական-աշխարհագրական բնույթ են ստանում: Արդեն իսկ գոյություն ունեցող մարդկային հասարակության մեջ նախահոր գործունեություն ենք տեսնում նաև «Ավագ Էդդայի» «Ռիգի երգում»[3], որտեղ ծեր, իմաստուն և խիզախ աս Ռիգը քայլում է աշխարհով մեկ և տարբեր տներում հյուրընկալվելով՝ կենակցում տանտիկինների հետ, ինչի արդյունքում ծնվածները դառնում են տարբեր սոցիալական խմբերի հիմնադիրներ, այսինքն՝ Ռիգը հիմնադրում է հասարակությունը այն պայմաններում, երբ այդպիսի հասարակություն արդեն կար: Այս հանգամանքը, սակայն չի փոխում սեփական բևեռի ստեղծման և նրա պաշտպանության տիպական մոտիվի բնույթը. Սանասարը և Բաղդասարը սեփական բևեռը ստեղծում են իբրև նոր կյանքի սկիզբ, նոր աշխարհի սկիզբ






[1] Տե՛ս Б. Н. Путилов, Героический эпос и действительность. Л. 1988, стр. 10.
[2] Հայ առասպելաբանության և վիպական ավանդության մեջ երկվորյակների կառույցի արտահայտության մասին ավելի մանրամասն տե՛ս Ս. Հարությունյան, Հայ Առասպելաբանություն, Բեյրութ, 2000, էջ 338-355:
[3] C. Larrington, The Poetic Edda, N. Y. Oxford University Press, 1999, 246-252.

Հայկ Դռնոյան | Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատական տիպաբանական քննություն Հայկ Դռնոյան | Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատական տիպաբանական քննություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.