Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա չորրորդ



Օ, կյանքի ծառեր, օ, ե՞րբ է ձմեռ գալու:
Միասնական չենք մենք: Խոհեմ չենք, ինչպես
թռչունները չվող: Հաղթահարված և ուշ՝
մենք պարտադրում ենք հանկարծ մեզ քամիներին
և փշրվում անկարեկից լճակի վրա:
Ծաղկում ենք և չորանում միաժամանակ:
 Եվ ինչ-որ տեղ դեռ առյուծներն են քայլում,
Տիրական, անտեղյակ բոլոր անզորություններին.
Բայց մեզ, երբ մենք խորհում ենք ի մի բերվել,
Մի ուրիշ բան ծախսում է արդեն: Թշնամությունն է
Մերձավորը մեր: Սիրահարները նույնիսկ
դեմ են առնում սահմանին, մեկը մյուսի մեջ,
հեռուների, որսի և հայրենիքի խոստումներով:
Ահա հակասության հիմքն է բարձրանում
ակնթարթի գծանկարի համար, տանջալի.
մենք տեսնում ենք այն. քանզի ամեն ինչ հասկանալի է
մեզ հետ: Մեզ ծանոթ չեն ուրվագծերը
զգացմունքի, այլ՝ միայն այն, ինչ ձևավորում է այն դրսից:
Ո՞վ չի նստել իր սրտի վարագույրի առջև, տագնապելով:
Ահա բացվել է այն. և հրաժեշտն է բեմանկարը:
Հեշտ է հասկանալ: Ծանոթ պարտեզը,
և ճոճվում էր խաղաղ. հետո պարողը հայտնվեց:
Ոչ Այն: Բավական է: Եվ նա էլ է թեթևությամբ
Զգեստափոխվում և վերածվում մի քաղաքենու
և իր խոհանոցով մտնում բնակարանը իր:
Ես չեմ ուզում դիմակներն այս կիսադատարկ,
տիկնիկն եմ գերադասում: Լիքն է այն: Ես կտոկամ
նրա խրտվիլակին և խաղաթելերին, և հայացքին նրա
արտաքինի: Այստեղ: Նրա դիմաց եմ ես:
Թեկուզ լապտերները հանգչեն, թեկուզ և ինձ
ասեն՝ ավարտվել է խաղը արդեն,-թեկուզ բեմից
դատարկությունն սկսի փչել գորշ քամու հետ,
թեկուզ իմ լուռ նախնիներից ոչ մեկն այլևս
չնստի այստեղ ինձ հետ, ոչ կինը, նույնիսկ
տղան՝ շեղ աչքերով իր դարչնագույն
միևնույն է՝ կմնամ ես: նայելու բան միշտ կա:
Ճշմարիտ չե՞մ ես: Դու, որ հանուն ինձ այդպես դառնորեն
կյանքը ճաշակեցիր, համտեսելով, հայր,
առաջին պղտոր թորվածքը իմ պարտավորության,
երբ ես մեծացա, միշտ նորից համտեսելով
համը իմ օտար ապագայի՝
փորձեցիր դու իմ հայացքը կոփված,-
հայր իմ, դու, որ քո մահվանից ի վեր հաճախ
իմ հույսի մեջ, իմ ներսում, սարսափում ես,
և անվրդովությունը, որը ունեցվածքն է մեռյալների,
հարստությունը քո անվրդովության, լքում ես՝ իմ փոքրիկ
ճակատագրի համար, ճշմարիտ չե՞մ ես: Եվ դուք, ճշմարիիտ չե՞մ ես,
դուք, որ սիրեցիք ինձ՝ ի սեր ձեզ տածած սիրուս
փոքրիկ սկզբի համար, որը միշտ կորցնում էի ես,
քանզի տարածությունը ձեր աչքերի մեջ ինձ,
երբ սիրում էին այն, մղեց դեպի տարածությունները տիեզերքի,
որում դուք այլևս չկաք… - երբ պատրաստ եմ ես
մնալ տիկնիկների բեմի առջև, ոչ,
այնպես լրիվ տրվել դիտումին, որ իմ դիտումը վերջում
հավասարակշռելու համար, որպես դերասան,
հրեշտակը պետք է մտնի խաղի մեջ և հեռու քշի խրթվիլակներին:
Հրեշտակ և տիկնիկ. և այդժամ կսկսվի ներկայացումը վերջապես:
Այդժամ կմիանա այն, ինչ մենք մշտապես
պառակտել ենք, որի մեջ ենք հիմա: Այդժամ
կծագի մեր տարիներից շրջապտույտը
ողջ փոփոխումների: Հրեշտակը կխաղա
մեր վերևում: Նայիր, մեռյալները,
նրանք չպետք է կռահեն, թե ինչ լիքն է պատրվակներով
այն ամենը, ինչ մենք անում ենք այստեղ: Ոչինչ
ինքը չէ: Օ, մանկության ժամեր,
երբ ֆիգուրների ետևում ավելին էր, քան
Անցյալը միայն, և մեր առջևում ապագան չկար:
Մենք մեծացանք, իրոք, և երբեմն՝ ի սեր նրանց,
որոնք այլևս չունեին ոչինչ, բացի տարիքից:
Եվ սակայն միայնակ մեր ընթացքի մեջ
Բավարարվեցինք Տևականությամբ և մնացինք
աշխարհի և խաղալիքի միջև ընկած Միջտարածության մեջ.
մի վայր, որը ի սկզբանե
հիմնված էր մի մաքուր կատարումի համար:
Ո՞վ է ցուցանում երեխային, այնպես, ինչպես նա կա: Ո՞վ է դնում
Նրան համաստեղությունների մեջ և տալիս չափը հեռավորության
նրան՝ ձեռքի մեջ: Ո՞վ է արարում մահը երեխայի
դառն ու կարծր հացից,- ո՞վ է թողնում այն
նրա բերանի մեջ, ինչպես կորիզը
գեղեցիկ մի խնձորի Մարդասպաններին   
դժվար չէ հասկանալ: Բայց սա՝ մահը,
ամբողջ մահը, դեռ կյանքից Առաջ այսպես
քնքշորեն կրել քո մեջ և չչարանալ բնավ
հնարավոր չէ նկարագրել:

Թարգմանությունը գերմաներենից՝ Հակոբ Մովսեսի


Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա չորրորդ Ռայներ Մարիա Ռիլկե | Էլեգիա չորրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 25, 2016 Rating: 5
Технологии Blogger.