Լոտրեամոն | Մալդորորի երգերը


Երգ առաջին
Արդ, առանց դույզն-ինչ հուզվելու, ներքին թելադրանքով իմ խանդալից, այս լրջմիտ ու զուսպ տողերը լիաձայն երգելու որոշումն եմ ընդունել. տողեր՝ ուղղված ձեզ, որ հիմա պիտի լսեք:
Դուք, սակայն, ուշի ուշով էությանն այս տողերի հոգ տարեք հետևել, զգուշանալով ծանր ու տանջալի տպավորությունից, որ անարգանքի ու նշավակության պես իր շունչն անկասկած թողնելու է ձեր տարտամ երևակայության մեջ: Չկարծեք, թե մահվան շեմին եմ արդեն, դեռևս կմախքի չեմ վերածվել ու ծերությունն էլ դրշմված չէ ճակատիս: Հետևաբար բացառենք ամեն կարգի համեմատություն կարապի հետ մեռնող՝ անդառնալի պահի մեջ վերջին, երբ գոյությունն իր թռչում, հեռանում է անդարձ: Ու պատրաստ եղեք ձեր առջև հրեշ տեսնել: Ի՞նչ երջանիկ եմ, որ դեմքը նրա տեսնել չեք կարող. հոգու հետ համեմատ, թերևս, այն պակաս հրեշավոր է:
Մինչդեռ, մարդասպան չեմ ես Բավ է այս նյութի շուրջ խոսենք: Դեռ վերջերս ես կրկին տեսա ծովը վիթխարի, թափառեցի նավահանգիստներում՝ նավերով լեցուն: Հուշերս, հիրավի, թարմ են, կենդանի. Կարծես երեկ եմ հեռացել այնտեղից: Եթե կարող եք, փորձեք ինձ նման հանդարտ, անվրդով լինել, տրվեք ընթերցանությանն այս, քանզի ափսոսում եմ արդեն այն ձեզ առաջարկելու համար ու մի շառագունեք՝ խորհելիս, թե ի՞նչ է սիրտը մարդկային: Ո՜հ, դու, ծովահրեշ՝ փաղաքուշ, հեզ հայացքով հոգիդ անքակտելիորեն ձուլված է հոգուս: Դու, գեղեցկագույն բնակիչ երկրագնդի, որ իշխում, հրամայում ես սեփական հարեմիդ՝ չորս հարյուր բուժապուլիկ անդամներով: Դու, ում մեջ արժանավայել ու պարկեշտորեն, ոստանում իրենց բնական գոյակցում ու ապրում են համերաշխ աստվածային շնորհներն ու առաքինությունը վարակիչ, ավաղ, դյուրափոփոխ Ինչո՞ւ ինձ հետ չես, սնդիկե փորդ չի հպվում կրծքիս ալյումինե և ինչո՞ւ ծովափի ժայռերից մեկին երկուսով չենք նստել՝ հիանալու տեսարանով այս՝ ինձ շատ սիրելի:
Զառամյալ օվկիանոս, բյուրեղյա ալյակներով, հարաբերականորեն նման ես դու հոգնաբեկ փրփուրի ուժասպառ մեջքին նշմարելի լաջվարդ խայտերին: Անեզր, անսահման կապույտն ես դու երկրի մարմնին ագուցված: Շատ եմ սիրում ես համեմատությունն այս գեղեցիկ: Ահա այսպես, քո նախնական, առաջնային կերպարանքն ի տես, զեփյուռի փայփայող շրշյուն հիշեցնող ու թախծի վերածված անծանոթ մի շունչ սահում է մեղմիկ՝ անջնջելի հետքեր թողնելով խորապես ցնցված հոգուս վրա ու մտքումդ վեր հառնող սիրեկաններիդ հուշից, բոլորին անհասկանալի, անսպասելի խաղով հիշեցնում ես դու մարդ արարածի սկիզբն ու նախնական էությունը դաժան, երբ նա տառապանքն ու ցավը ճանաչեց, ցավ, որ էլ երբեք լքելու չէ իրեն:
Ողջունում եմ քեզ, զառամյալ օվկիանոս:
Զառամյալ օվկիանոս, քո կլոր ներդաշնակ ձևը համաչափ, որից երկրաչափության խստաշունչ դեմքը պայծառանում է հանկարծ, ինձ հիշեցնում է մարդ արարածի աչքերը պստիկ՝ իրենց փոքրությամբ վարազի աչքերին շատ նման, իսկ ուրվագծերի շրջապտույտով ու ընկալմամբ կատարյալ գիշերային թռչուններին խավարի: Մինչդեռ, բոլոր ժամանակներում էլ մարդն իրեն գեղեցիկ է համարել: Ես ավելի շուտ կարծում եմ, ինքնասիրությունից է, որ մարդն իրեն գեղեցիկ է կարծում: Իրականում գեղեցիկ չէ բնավ, ինքն էլ կասկածում է հավաստիությանը դրա: Այլապես իրեն նմանի դեմքին ինչո՞ւ է նայում արհամարհանքով այդքան:
Ողջունում եմ քեզ, զառամյալ օվկիանոս:
Զառամյալ օվկիանոս, նույնականության խորհրդանիշ ես դու, ինքդ քեզ միշտ հավասար, անգերազանցելի: Հիմնովին չես փոխվում երբեք ու թե ինչ-որ տեղ ալիքներդ փոթորկահույզ մոլեգնում են խելահեղ, ապա հեռվում, մեկ այլ հատվածում ամենակատարյալ հանգստի մեջ նրանք ծփում են խաղաղ: Նման չես դու մարդ արարածին, որ փողոցում կանգնում է մի պահ՝ տեսնելու գազազած ցլաշներին զույգ, որոնք իրար կոկորդ են կրծում կատաղի, բայց, ավաղ, չի փորձի կանգնել անգամ, թե որ թափորը տեսնի հողարկավորության: Այս առավոտ մատչելի է նա, հասկանալի, երեկոյան, սակայն, տրամադրությունն է վատ: Ծիծաղում է այսօր, սակայն լաց է լինում հաջորդ օրը:
Ողջունում եմ քեզ, զառամյալ օվկիանոս:
Զառամյալ օվկիանոս, անհհնարին չի թվում ինձ այն, որ ի սեր մարդ արարածի ապագայի կրծքումդ անթիվ գանձեր ես թաքցնում դու: Դու նրան տվեցիր կետ ձուկը, գիտեմ: Բայց մի թույլ տուր, որ բնական գիտությունները աչքերով իրենց ագահ սեփական կազմությանդ գաղտնիքները աչքերով իրենց ագահ սեփական կազմությանդ գաղտնիքները բյուր բացահայտեն ու լույս աշխարհ հանեն: Դու համեստ ես: մարդն, ավաղ, անվերջ իր գովքն է անում, այն էլ ինչ դատարկ ու բաների համար:
Ողջունում եմ քեզ, զառամյալ օվկիանոս:
Զառամյալ օվկիանոս, ձկների բազմաթիվ տեսակները, որոնց կերակրում ես դու եղբայրության երդում չեն տվել միմյանց. ամեն տեսակ ապրում է իր համար: Յուրաքանչյուրի կառուցվածքի, խառնվածքի փոփոխությունները շարունակական բավարար կերպով բացատրում են այն, ինչ առաջին հայացքից բնականոն չի թվում այնքան: Նույնը կարելի է ասել նաև մարդու համար, որը, սակայն, ինքնաարդարացման նման համոզիչ փաստարկներ անգամ չունի: Ահա 30 000 000 մարդկային էակներ զբաղեցրել են հողակտորն այս մի բուռ, արմատի պես տարածված, քարացել են այդ հողակտորին, պարտավորվելով երբեք չխառնվել հարևանի կյանքին և գոյությանը: Հապա մի նայեք, մեծ թե փոքր, ամեն մեկն իր համար վայրենու նման փակվել է սեփական որջում ու հազիվ թե այնտեղից դուրս գա հարևանին հիշելու համար, որն էլ իր հերթին մեկ այլ որջում է ծվարել ահա: Մարդ արարածների մեծ ու բազմանդամ ընտանիքն այս ուտոպիա է սոսկ՝ ամենամիջակ տրամաբանությանն արժանի: Քո բեղուն արգասավոր կրծքերից անգամ բխում է երախտամոռության հասկացությունը թունավոր, քանզի նույն պահին նորից մտաբերում ես անթիվ բարեկամներիդ, որոնք բավական անշնորհակալ գտնվեցին Ամենակարողի հանդեպ, ուրանալով պտուղն իրեն թշվառ միության:
Ողջունում եմ քեզ, զառամյալ օվկիանոս

Ֆրանսերենից թարգմանեց Մարիամ Զենջիրջյանը
Լոտրեամոն | Մալդորորի երգերը Լոտրեամոն | Մալդորորի երգերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.