Սուրեն Շտիկյան | Դատապարտյալի օրագիրը


Ստորև ներկայացնում ենք հատված գրականագետ Սուրեն Շտիկյանի (1930 -1996) «Դատապարտյալի օրագիրը» գրությունից, որը թվայնացրել է նրա դուստրը՝ Տաթևիկը: Գիրքը 2016 թ. անվճար տպագրել է ԵՊՀ  ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նոյեմբերի 15, երկուշաբթի, 1993թ.
Տան ջերմաստիճանը՝ 14°

Արթնացել եմ ժ. 9-ին, եթե կարելի է այդպես ասել, ողբերգականորեն-հանգիստ վիճակում: Այսպիսի վիճակում երևի լինում է այն հիվանդը, որը գիտե, որ միևնույն է, իրեն փրկություն չկա, կամ պատժի առավելագույն չափին դատապարտված այն հանցագործը, որը հաստատ գիտե, որ ինչ էլ անի-չանի՝ իր նկատմամբ պատիժը միևնույն է, իրագործելու են: Լույս չկա, ջուր չկա, իսկ դա նշանակում է, որ առավոտյան նախաճաշը կլինի պանիր-հաց, կամ կարագ-հաց, կամ նման սառը մի բան և առանց թեյի: Ճիշտ է, իմ անզուգական Տաթևիկը հավատացնում է, որ մի բան «կստեղծագործի», բայց ի՞նչ կարող է անել նա, երբ միայն չոր սպիրտ ունենք:
Այսօր մենք պետք է վառարան դնենք: Չգիտեմ, իմ օրագիրը կարդացող որևէ եվրոպացի, ասենք՝ ֆրանսիացի, իտալացի կամ գերմանացի կհասկանա՞, թե ինչ բան է վառարան դնելը, բայց ես պետք է ասեմ, որ, օրինակ, մեր տանը վառարան դնում էինք 1943-45-ական թվականներին, և հետո նույնիսկ մոռացանք այդ մասին: Իսկ հիմա 1993 թվականն է: Այսինքն՝ այսօր, 1993 թվականին, մենք շպրտվել ենք մինչև 1943-45-ի մակարդակը: Փա՜ռք անկախությանն ու անկախ Հայաստանին:

Դեկտեմբերի 4, ուրբաթ, 1993 թ.
 Տան ջերմաստիճանը՝ 10,5°

Երեկ մեր ինստիտուտի աշխատակից Լուսիկ Կարապետյանը բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան պաշտպանեց:
….Դահլիճում նստած՝ նայում էի ավագ ու կրտսեր գործընկերներիս հյուծված, սմքած և, թող ներվի ասել, ներքնապես քայքայված դեմքերին: Նայում էի կարեկցանքով ու հոգեկան անթաքույց խղճահարությամբ: Շարքի սկզբում փոխտնօրեն Արամ Գրիգորյանն է, որ ցրտից սառած ձեռքերը շփում է իրար ու երկու ձեռքերը՝ երեսին, քանզի դեմքն էլ է սառել: Կողքին Արմենուհի Սրապյանն է՝ 80-ական թվականների հրաշք-գեղեցկուհին, այժմ նիհարած, այտոսկրերն ու ծնոտի ոսկորը դուրս ցցված, իր թառամած ձեռքերով վերարկուն է ուղղում: Գուրգեն Հովնանին, որի հետ աշխատել եմ շուրջ քառասուն տարի, քիչ է մնում չճանաչեմ: Նիհարել ու սմքել է այնպես, որ ասես քամել են: Վաչե Նալբանդյանը դեռ աշխատում է պահպանել նախկին պահվածքը, բայց ցավագնորեն նիհարած, տառապած դեմքը դա չի ասում: Ապա Խաժակ Գյուլնազարյանն է, համով-հոտով, ասող-խոսող ու սրամիտ Խաժակը, որից պարզապես ոչինչ չի մնացել, և, ինչպես դառնորեն սրամտում է ինքը, «Ես նիհարում եմ այնպես, որ շուտով կպրծնեմ»: Քիչ ավել կամ պակաս, այդպես են նաև մյուսները՝ Գևորգ Հայիրյանը, Ռուզան Նանումյանը, Սերգեյ Սարինյանը, Ազատ Եղիազարյանը
Նայում էի մեր մտավոր դասի այս ընտրյալների՝ գութ հայցող ու ցավ սփռող կերպարանքներին ու ինձ անընդհատ թվում էր, որ սրանք այն աշխարհի ամենահավանական թեկնածուներն են, որոնք այսօր-վաղը, ահա այսպես շարք բռնած, պիտի ճանապարհ ընկնեն «ի վերին Երուսաղեմ»: Ուղեղումս անընդհատ պտտվում էր նույն հարցը.
-Տեր Աստված, սրանցից քանի՞սը կդիմանա մինչև գարուն
Հետաքրքիր է, ի՞նչ էին մտածում նրանք, երբ նայում էին ինձ

Վա՜յ, օրը մթնում է և ես նոր հիշեցի, որ այսօր չեմ լվացվել: Ավելի ճիշտ լվացել եմ միայն ձեռքերս, իսկ երեսս՝ ոչ: Ցուրտ է

Դեկտեմբերի 18, շաբաթ, 1993թ.
Տան ջերմաստիճանը՝ 10°

Տասն աստիճանը մեր բնակարանում այն է, երբ խոսելիս բերանից գոլորշի է դուրս գալիս: Վառարանը դրել ու վառում ենք, բայց որովհետև վառելիքը քիչ է, աշխատում ենք խնայողաբար օգտագործել ամեն մի ծեղը, իմ թռցրած գրքի ամեն մի էջը: Գիրք թռցնելու հարցում արդեն մասնագիտացել եմ:
Արդեն երրորդ օրն է, որ Տաթևիկս գնում է ԲՇՏ, օգնության նավթը ստանալու համար և հերթ է կանգնում օրական…10-12 ժամ: Կրկնում եմ՝ օրական 10-12 ժամ, և հերթը չի հասնում: Բարեբախտաբար չեմ տեսնում, թե ինչպես է տուն գալիս, որովհետև եթե ես այդ էլ տեսնեմ, երևի սրտի նոպա կստանամ: Եվ գիտեմ, թե ինչպես է հոգնում իմ եղնիկը, իմ Տաթևիկը: Արդեն չեմ խոսում այն մասին, որ նավթը ժողովրդին բաժանելիս յուրաքանչյուրը 40 լիտրի մեջ 2-3 լիտր պակաս են տալիս: Սա գիտեն բոլորը, և սա նույնիսկ օրինաչափ է դարձել: Չեմ խոսում այն մասին, որ դեռ օդանավակայանում «լավ տղերքը» գործը դասավորել են այնպես, որ այդ նավթի մի մասը ուղարկվում է վերավաճառելու և, ուրեմն, դրա որոշ մասը ժողովրդի ձեռքը չի հասնում: Այդ մասին նույնսիկ պաշտոնապես հայտնեց ռադիոն:
Երեկ տանը, բառի իսկական իմաստով, հիստերիայի նոպա ունեցա: Այս անտանելի ցուրտըերբ ամեն ինչ սառն է, երբ անկողին մտնելը ամենասարսափելի բանն է աշխարհում, քանզի սառն է, երբ անկողնուց վեր կենալը ավելի սարսափելի է, քանզի շուրջդ ամեն ինչ սառն է, երբ տհաճորեն սառն են, օրինակ, քո ակնոցը, գրիչը, գրամեքենայի ստեղները, գրասեղանի ապակին, քո գուլպաները, դռան բռնակը, թեյի գդալի պոչը, քո երեսսրբիչը, որի պատճառով էլ վախենում ես երեսդ սրբել
Եվ երբ չես տեսնում այդ բոլորի վերջը, երբ ավելի ու ավելի ես հանգում այն մտքին, որ սա կործանման դատապարտված ազգի վերջին խելահեղ ջղաձգումներ են, և երբ դու էլ, ցավագնորեն զգայուն ու ջղաձիգ բնավորություն ունեցող մարդ ես
Դե էլ ինչպե՞ս հիստերիա չանեի  

Ապրիլի 14, հինգշաբթի, 1994 թ.
Տան ջերմաստիճանը՝ 18,5°

Հետաքրքիր երևույթ է: Ինչպես արդեն նշեցի, տան ջերմաստիճանը 18,5° է: Բայց ես շարունակում եմ քնել իմ երեք վերմակներով, կնոջս «խավլու» խալաթը հագած և բոլորովին չեմ շոգում: Այսպես քնում էի նաև այն ժամանակ, երբ մեր տան ջերմաստիճանը էր:

Պայծառ, անամպ երկինք է և շուտով դուրս կգա արևը՝ մեր փրկարար, ջերմություն ու կյանք պարգևող արևը: Սա նշանակում է, որ ձմեռն անցկացրինք
Սուրեն Շտիկյան | Դատապարտյալի օրագիրը Սուրեն Շտիկյան | Դատապարտյալի օրագիրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 25, 2016 Rating: 5
Технологии Blogger.