Գրիմ եղբայրներ | Հենզելն ու Գրետելը



Անտառի ծայրին ապրում է մի աղքատ փայտահատ, իր կնոջ ու 2 երեխաների հետ։ Տղայի անունը Հենզել է, աղջկանը` Գրետել։ Շատ դժվար են ապրում նրանք, գրեթե կիսաքաղց։ Մի տարի էլ ամեն ինչ այնպես է թանկանում, որ խեղճ մարդը չոր հաց էլ չի կարողանում գնել։ Մի երեկո պառկում է, բայց ծանր մտքերից քունը չի տանում, տխուր հառաչում է ու կնոջն ասում.
- Ո՞նց է լինելու մեր ճարը, ի՞նչպես ենք կերակրելու մեր երեխաներին, երբ ինքներս ուտելու ոչինչ չունենք։
- Գիտես ինչ,- ասում է կինը,- արի առավոտը, լույսը բացվելուն պես երեխաներին տանենք անտառ, ամենախուլ թավուտը, ամեն մեկին մի կտոր հաց տանք, մենք գնանք մեր գործին ու իրենց թողնենք այնտեղ։ Նրանք չեն գտնի տան ճանապարհը, այդպես կազատվենք երեխաներից։
- Չէ, կին,- ասում է փայտահատը։ - Ես այդպես բան չեմ անի, սիրտս չի դիմանա, ես չեմ կարող երեխաներին թողնել անտառում, որ վայրի գազանների բաժին դառնան։
- Է՛հ, հիմար,- ասում է կինը,- միևնույն է, չորսս էլ քաղցից մեռնելու ենք, մի գլուխ դագաղ ես շինելու։
Կինն այնքան է ասում, որ ամուսինը համոզվում է։ Դու մի ասա, սովից երեխաների քունը չի տանում, ու նրանք լսում են խորթ մոր ասածները։ Գրետելը լաց է լինում ու եղբորն ասում.
- Մենք կորած ենք։
- Սո´ւս, լաց մի լինի, Գրետել, ես մի բան կանեմ։
Եվ ահա, երբ բոլորը քնում են, Հենզելը վեր է կենում, շորերը հագնում ու կամացուկ դուրս գալիս տնից։ Լուսնյակ գիշեր է լինում, գետափի խճաքարերը արծաթադրամների պես շողշողում են լուսնի լույսի տակ։ Հենզելը հավաքում է խճաքարերն ու լցնում գրպանները։ Հետո գալիս է տուն ու քրոջն ասում.
- Դե հիմա հանգիստ քնի, քույրիկ, մենք չենք կորչի,- ասում է ու ինքն էլ մտնում անկողին։
Վաղ առավոտյան խորթ մայրը ձայն է տալիս.
- Էյ, անբաններ, բավական է քնեք, վեր կացեք, գնում ենք անտառ` փայտի։
Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս ու ասում.
- Սա ճաշի փոխարեն եմ տալիս, տեսեք, հա՜, շուտ չուտեք, հետո էլ ոչինչ չեք ստանալու։
Գրետելը հացը դնում է իր գոգնոցի մեջ, չէ՞ որ Հենզելի գրպանները լիքն էին խճաքարերով։ Ճանապարհ են ընկնում։ Մի քիչ որ գնում են, հանկարծ Հենզելը կանգ է առնում, ետ նայում իրենց խրճիթին։ Ամբողջ ճանապարհին Հենզելը կանգնում, ետ է նայում։ Հայրը նկատում է:
- Հենզել, ինչի՞ ես այդպես նայում, ետ կմնաս, շուտ-շուտ արի։
- Հայրիկ ջան, ես մեր սպիտակ կատվին եմ նայում, որ նստել է տանիքին ու այնպես է նայում, ասես «գնաս բարով» ասի։
Խորթ մայրն ասում է.
- Հիմար տղա, դա քո կատուն չի, արևի շողն է խաղում ծխնելույզի վրա։
Իսկ Հենզելն, իհարկե, կատվին չէր նայում, նա գրպանից սպիտակ քարեր էր հանում ու թափում ճանապարհին։ Երբ հասնում են անտառի խորքը, հայրն ասում է.
- Երեխաներ, չորուկ-մորուկ հավաքեք, ձեզ համար խարույկ վառեմ, որ չմրսեք։
Հենզելն ու Գրետելը չորուկներ են հավաքում, խարույկ անում, երբ բոցը վեր է ելնում, խորթ մայրն ասում է.
- Հիմա պառկեք կրակի մոտ, հանգստացեք, մենք գնանք փայտ կտրենք։ Հենց որ վերջացնենք, կգանք ձեզ էլ կվերցնենք ու միասին կգնանք տուն։
Հենզելն ու Գրետելը նստում են կրակի մոտ, երբ կեսօր է դառնում, նրանք մի-մի փոքր կտոր հաց են ուտում։ Հեռվից անընդհատ թխկոց է լսվում, երեխաները կարծում են, թե իրենց հոր կացնի ձայնն է, փայտ է կտրում։ Բայց դա կացնի թխկոց չի լինում: Փայտահատը դիտմամբ կոճղի ծայրը կապած է լինում չոր ծառին, քամին տանում է բերում ու կոճղը խփում ծառաբնին։ Երեխաները երկար մնում են խարույկի մոտ, նրանց աչքերը հոգնածությունից արդեն կպչում են, ու նրանք մուշ-մուշ քուն են մտնում։ Երբ արթնանում են, արդեն խոր գիշեր է լինում։ Գրետելը լաց է լինում ու ասում.
- Հիմա ինչպե՞ս ենք գնալու տուն։
Հենզելը հանգստացնում է նրան.
- Մի քիչ սպասիր, հիմա լուսինը դուրս կգա, ու մենք քարերի միջոցով կգտնենք ճանապարհը։
Երբ լուսինը դուրս է գալիս, Հենզելը բռնում է քրոջ ձեռքը, ու նրանք սկսում են մի քարից մյուսը գնալ, որ արծաթադրամների պես շողշողում են լուսնի լույսի տակ ու երեխաներին ցույց տալիս ճանապարհը։ Ամբողջ գիշեր քայլում են այդպես ու միայն լուսաբացին են հասնում հայրական խրճիթին։ Հասնում են ու ծեծում դուռը։ Խորթ մայրը բացում է դուռն ու տեսնելով` Հենզելն ու Գրետելն են, բարկանում է.
- Ինչի՞ այդքան երկար քնեցիք անտառում։ Մենք էլ կարծեցինք, թե էլ մտադիր չեք տուն գալ։
Իսկ հայրը շատ է ուրախանում, երբ տեսնում է նրանց, նրա սիրտը մղկտում էր, որ լքել էր երեխաներին։ Կարիքն ու հոգսը նորից նեղում են նրանց։ Երեխաները լսում են, թե խորթ մայրը ինչպես երեկոյան անկողին մտնելիս ասում է.
- Էլի ուտելու բան չունենք, մի կտոր հաց է մնացել միայն, երևում է, վերջներս եկել է։ Պետք է երեխաներից ազատվել։ Արի էլի տանենք անտառ, այս անգամ շատ հեռու կտանենք, որ չկարողանան ետ գալ։
Փայտահատը շատ է տխրում, մտածում է. «Ավելի լավ է վերջին կտոր հացը կիսեմ նրանց հետ», բայց կինը լսել անգամ չի ուզում, լացուկոծ է դնում, դժգոհում։ Դե, գործն ինչպես որ սկսում ես, այնպես էլ գնում է։ Որ մի անգամ զիջել էր, հիմա էլ է ստիպված զիջում։ Երեխաները դարձյալ լսում են ամբողջ խոսակցությունը, և երբ ծնողները քնում են, Հենզելն էլի վեր է կենում, որ դուրս գա, բայց խորթ մայրը դուռն ամուր փակած է լինում։ Հենզելը հանգստացնում է քրոջը, ասելով.
- Ոչինչ, լաց մի լինի, Գրետել, հանգիստ քնիր, մի բան կանենք։
Վաղ առավոտյան խորթ մայրը գալիս արթնացնում է երեխաներին ու ամեն մեկին առաջվանից էլ փոքր հացի կտոր տալիս։ Ճանապարհին Հենզելը հացը փշրում է գրպանում, շուտ-շուտ կանգ առնում ու փշուրները շաղ տալիս ճանապարհին։
- Ինչո՞ւ ես կանգնում ու ետ նայում, Հենզել, շուտ-շուտ արի։
- Իմ աղավնուն եմ նայում, նստել է տանիքին, ասես ինձ «գնաս բարով» ասի։
Հիմար տղա, ի՜նչ աղավնի, ծխնելույզի ծայրն է արևի տակ փայլփլում։
Իսկ Հենզելը շարունակում է հացի փշրանքները շաղ տալ ճանապարհին։ Խորթ մայրն այս անգամ շատ հեռու է տանում նրանց, անտառի խորքը, որտեղ երեխաները ոչ մի անգամ չէին եղել: Նորից մեծ խարույկ են վառում, խորթ մայրն ասում է.
- Երեխաներ, նստեք կրակի մոտ, որ հոգնեք, քնեք, մինչև մենք կտրենք փայտը, վերջացնենք։ Հետո կգանք, միասին կգնանք տուն։
Կեսօրին Գրետելն իր հացը կիսում է Հենզելի հետ, չէ որ նա իր բաժինը փշրել-թափել էր ճանապարհին։ Հետո քնում են։ Շուտով մթնում է, բայց երեխաների ետևից ոչ ոք չի գալիս։ Կեսգիշերին արթնանում են, ու Հենզելն սկսում է հանգստացնել քրոջը.
- Սպասիր, հիմա լուսինը դուրս կգա, հացի փշրանքներով մենք կգտնենք ճանապարհը։
Լուսինը դուրս է գալիս, բայց երեխաները չեն կարողանում գտնել հացի փշրանքները, անտառի ու դաշտի թռչունները բոլորը կերած են լինում։ Հենզելն էլի սիրտ է տալիս.
- Մի մտածի, Գրետել, մի կերպ կգտնենք ճանապարհը։
Բայց չեն գտնում։ Նրանք քայլում են ամբողջ գիշերը, հետո հաջորդ օրը առավոտից մինչև երեկո, չեն կարողանում անտառից դուրս գալ։ Երեխաները շատ են քաղցած լինում, ճանապարհին պատահած հատապտուղներից բացի ուրիշ բան չի լինում, որ ուտեն։ Այնքան են հոգնում, որ հազիվ են քարշ տալիս ոտքները, դրա համար էլ պառկում են ծառի տակ ու քնում։ Լույսը բացվում է։ Դա արդեն երրորդ առավոտն է լինում։ Վեր են կենում ու էլի սկսում գնալ: Գնում են, գնում ու քանի գնում են, այնքան ավելի են խորանում անտառի մեջ։ Ու եթե օգնությունր վրա չհասներ, նրանք ուժասպառ կլինեին։ Կեսօրին ծառի ճյուղի վրա մի ձյունասպիտակ թռչնակ է նստում։ Թռչնակն այնպես քաղցր է երգում, որ երեխաները կանգնում հիանում են։ Բայց հանկարծ նա լռում է, թևերը թափահարում ու թռչում, երեխաները հետևում են թռչնակին ու այդպես, թռչնակի ետևից ընկած, հասնում մի խրճիթի, որտեղ թռչնակը նստում է տանիքին։ Երեխաները մոտենում են ու  ի՜նչ տեսնում. տնակը հացից է շինված, տանիքը` գաթայից, իսկ ապակիների փոխարեն թափանցիկ սառնաշաքար է։
- Արի ուտենք այս համեղ տնակից,- ասում է Հենզելը։ - Ես տանիքից մի կտոր կուտեմ, իսկ դու պատուհաններից սկսի, երևում է, շատ քաղցր է։
Հենզելը բարձրանում է տանիք ու մի կտոր պոկում, որ փորձի համը, իսկ Գրետելը սկսում է կրծել պատուհանը։ Հանկարծ ներսից մի բարակ ձայն է լսվում.
Խը՛րթ հա խը՛րթ, խը՛րթ հա խը՛րթ
Ո՞վ է կրծում տանիքս։
Երեխաները պատասխանում են.
Քամին է այս
Աներես։
Եվ շարունակում են ուտել տնակը։ Հենզելին շատ է դուր գալիս տանիքը, մի կտոր պոկում, ցած է գցում Գրետելի համար, իսկ Գրետելը մի մեծ կտոր սառնաշաքար է պոկում ու խրճիթի մոտ նստած ուտում։ Հանկարծ դուռը բացվում է ու դուրս է գալիս մի պառավ կին։ Նա ձեռնափայտին հենվելով առաջ է գալիս։ Երեխաները նրան տեսնելուց այնպես են վախենում, որ ձեռքից ցած են գցում քաղցրավենիքը։ Պառավը գլուխն օրորում է և ասում.
- Այ սիրունիկ բալիկներ, այս ո՞վ է ձեզ բերել։ Դե ներս եկեք, ներս եկեք, մի վախեցեք:
Նա բռնում է երեխաների ձեռքից ու ներս տանում, բերում է համով-համով ուտելիքներ դնում սեղանին` կաթ ու քաղցր թխվածքներ, խնձոր ու ընկույզ։ Հետո էլ մաքուր անկողիններ բացում ու երեխաներին ծածկում սպիտակ վերմակներով։ Հենզելն ու Գրետելը պառկում են ու նրանց թվում է, թե դրախտում են։ Պառավը բարի է ձևանում, բայց իրականում նա չար վհուկ է լինում, որ հետապնդում է երեխաներին ու հացե տնակը նրանց գրավելու համար է շինած լինում։ Երբ նրա ձեռքը մարդ է ընկնում, սպանում է, հետո եփում ու ուտում, նրա համար դա մեծ ուրախություն է։ Վհուկները կարմիր աչքեր ունեն և հեռուն վատ են տեսնում, փոխարենը լավ հոտառություն ունեն ու հեշտությամբ զգում են մարդու ներկայությունը։ Երբ Հենզելն ու Գրետելը մոտենում են նրա խրճիթին, վհուկը չարախնդում է ու ծաղրելով ասում.
- Ա, թե բռնվեցի՜ք։ Էլ իմ ձեռքից չեք պրծնի։
Առավոտ վաղ, երբ երեխաները, դեռ քնած են լինում, նա վեր է կենում, նայում նրանց տռուզ թշիկներին ու ինքն իրեն ասում. «Այ թե համով ճաշ կստացվի սրանցից»: Նա իր ոսկրոտ ձեռքով Հենզելին դուրս է քաշում անկողնից ու տանում մտցնում գոմը, վրան փակում վանդակապատ դուռը, ինչքան ուզում է թող գոռա, նրան այլևս ոչինչ չի օգնի։ Հետո գնում է Գրետելին քաշքշում, արթնացնում ու ասում.
- Վեր կաց, ծույլ-անբան, վեր կաց, գնա ջուր բեր, եղբորդ համար մի համով բան եփիր։ Փակված է գոմում, թող կուշտ ուտի, իսկ երբ լավ չաղանա, ե՛ս կուտեմ նրան։
Գրետելը դառը-դառը լաց է լինում, բայց ինչ կարող էր անել, պետք է կատարել վհուկի հրամանը։ Ու այդպես Հենզելի համար ամեն օր համով-համով ուտելիքներ է պատրաստում, իսկ Գրետելին միայն մնացորդներ է բաժին հասնում։ Ամեն առավոտ վհուկը գնում է գոմի դռան մոտ և ասում.
Հապա մի մատդ մեկնիր այդ անցքից, տեսնեմ ինչքան ես չաղացել:
Բայց Հենզելը մատի փոխարեն ոսկորի կտոր է մեկնում, ու չար վհուկը, որ վատ է տեսնում, զարմանում է, թե ինչու չի չաղանում այս տղան։ Այսպես անցնում է չորս շաբաթ, պառավի համբերությունը սպառվում է, նա կատաղած ձայն է տալիս.
- Է՜յ, Գրետել, շուտ գնա ջուր բեր, մեկ է` ուզում է նիհար լինի Հենզելը, ուզում է` չաղ, վաղն առավոտ եփելու եմ, ուտեմ։
Խեղճ Գրետելն ինչպե՜ս է լաց լինում ջուր բերելիս, արցունքներն առուներով հոսում են նրա աչքերից։
- Տեր Աստված, օգնիր մեզ, ավելի լավ չէ՞ր վայրի գազանները մեզ պատառոտեին անտառում, այն ժամանակ գոնե երկուսս միասին կլինեինք։
- Ինչքան ուզում ես լաց եղիր, մեկ է, հիմա էլ ոչինչ չի օգնի,- ճղճղում է վհուկը։
Առավոտ վաղ պետք է Գրետելը վեր կենար, գնար բակ, կրակ աներ, կաթսան ջրով լցներ, դներ կրակին։
- Նախ հաց կթխենք,- ասում է վհուկը,- ես արդեն վառել եմ փուռը, խմորն էլ շաղախել,- ասում է ու խեղճ Գրետելին հրում դեպի փուռը, որտեղ բոցկլտում են կրակի լեզվակները։
- Դե բարձրացիր, գլուխդ մտցրու փուռը, տես լավ տաքացե՞լ է, հաց թխելու ժամանակն է, թե չէ։
Հենց որ Գրետելը բարձրանում է, վհուկն ուզում է ետևից խուփով փակել փռան բերանը, որպեսզի աղջկան խորովի ներսում, հետո ուտի։ Բայց Գրետելը շուտ հասկանում է նրա միտքն ու ետ քաշվում՝ ասելով.
- Ախր ես չգիտեմ ինչպես պետք է անել։
- Այ քեզ հիմա՜ր,- բացականչում է պառավը։ -Տես, որքան լայն է փռի բերանը, նույնիսկ ես կտեղավորվեմ,- ասում է ու բարձրանում, գլուխը մտցնում է ներս, որպեսզի ցույց տա, թե ինչպես պետք է անել։
Գրետելն այնպես է հրում պառավին, որ սա ընկնում է փռի մեջ, ետևից էլ դնում է խուփն ու փակում սողնակով։ Պառավն այնտեղ սկսում է գոռալ։ Գրետելը փախչում է, իսկ չար պառավն այրվում է փռի մեջ։ Գրետելը վազելով գնում է գոմը, Հենզելի մոտ, բացում դռնակն ու ասում.
-  Մենք փրկված ենք, Հենզել, պառավ վհուկը վառվեց։
Հենզելը դուրս է թռչում, ինչպես թռչնակը, երբ բացում ես վանդակի դուռը։ Ուրախությունից քույր ու եղբայր փաթաթվում են իրար, համբուրվում, վեր-վեր թռչում։ Ու քանի որ այլևս վախենալու բան չեն ունենում, մտնում են վհուկի խրճիթը, որտեղ թանկագին քարերով ու մարգարիտներով լի արկղիկներ են դարսված լինում։
- Սրանք մեր խճաքարերից ավելի լավ կլինեն,- ասում է Հենզելն ու լցնում գրպանները։
- Ես էլ եմ ուզում որևէ բան տանել տուն,- ասում է Գրետելն ու լցնում իր գոգնոցի փեշը։
- Դե հիմա շուտ փախչենք այստեղից, չէ որ պետք է շուտ դուրս գանք վհուկի անտառից։
Այդպես երկու ժամ գնում են, մինչև որ հասնում են մի մեծ լճի։
- Ինչպե՞ս ենք անցնելու լիճը,- ասում է Հենզելը,- ո´չ կամուրջ է երևում, ո´չ էլ մի արահետ։
- Ոչ էլ գոնե մի նավակ կա,- պատասխանում է Գրետելը,- բայց, այ, մի սպիտակ բադ է լողում, որ խնդրենք, գուցե նա օգնի մեզ անցնել մյուս ափը։
Գրետելը ձայն է տալիս.
Բադիկ, բադիկ, այ բադիկ,
Խնդրում ենք քեզ գաս մոտիկ,
Պատել է մեզ սարսափը,
Օգնիր անցնենք այն ափը։
Բադիկը մոտենում է, Հենզելը հեծնում է նրան և քրոջն էլ կանչում, որ նստի կողքին.
Չէ,- ասում է Գրետելը,- շատ ծանր կլինենք, թող քեզ անցկացնի, հետո ինձ։
Բարի բադիկը այդպես էլ անում է։ Երբ նրանք բարեհաջող անցնում են մյուս ափը, անտառը կամաց-կամաց դառնում է ծանոթ, շուտով երևում է նաև հայրական տունը։ Երեխաները ուրախ վազ են տալիս, մտնում տուն, փարվում հոր վզին։ Հայրը նրանց անտառում թողնելու օրվանից հետո ուրախ օր չէր ունեցել, իսկ կինը մեռել էր։ Գրետելը բաց է անում գոգնոցը, և թանկագին քարերն ու մարգարիտները ցրիվ են գալիս սենյակով մեկ, Հենզելն էլ բռերով հանում է իր գրպաններից ու թափում հոր առաջ։ Այսպես վերջանում են նրանց հոգսերն ու կարիքները, ու նրանք ուրախ ու ապահով միասին ապրում են մինչև իրենց կյանքի վերջը։

Գրիմ եղբայրներ | Հենզելն ու Գրետելը Գրիմ եղբայրներ | Հենզելն ու Գրետելը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 22, 2016 Rating: 5
Технологии Blogger.