Մոտավորապես երկու տարի առաջ (նամակը կորցրել եմ) Գանոնը Գուալեգուայից գրել էր, տեղեկացնելով, թե պատրաստում է Ռալֆ Ուոլդո Էմերսոնի The Past պոեմի առաջին իսպաներեն թարգմանությունը, իսկ հետգրության մեջ ավելացնում է, թե մի քանի գիշեր առաջ թոքերի բորբոքումից մահացել է դոն Պեդրո Դամիանը, ում ես պետք է գոնե թեթևակի հիշեի: Ջերմության, տենդի մեջ մարդը վերապրել էր Մասոլլերի արյունոտ ճակատամարտը: Լուրը բնական էր, նույնիսկ սովորական, քանի որ դոն Պեդրոն տասնինը, թե քսան տարեկանում մարտնչել էր Ապարիսիո Սարավիայի դրոշի տակ:
1904 թվականի հեղափոխության ժամանակ նա կովարած էր Ռիո Նեգրոյի թե Պայսանդուի էստանսիաներից մեկում: Պեդրո Դամիանը էնտրեռիոսցի էր Գուալեգուայից, սակայն ընկերների պես թևավորված ու անգիտակ հետևեց նրանց: Կռվեց մի քանի փոքր ընդհարումներում և վերջին ճակատամարտում: 1905 թվականին վերադարձավ հայրենիք և անտրտունջ համառությամբ վերսկսեց դաշտային գործերը: Որքան գիտեմ՝ այլևս իր նահանգից չհեռացավ: Վերջին 30 տարիներն անցկացրեց խորին մենության մեջ, Նիանկայից մեկ թե երկու վերստ հեռավորության վրա մի պահակակետում: Կարծեմ 1942 թվականին՝ այդ միայնության մեջ, ես մի երեկո զրուցեցի նրա հետ (փորձեցի զրուցել նրա հետ): Մռայլ, սակավախոս մարդ էր: Մասոլլերի ճակատամարտի որոտներն ու դաժանությունը սպառում էին նրա ողջ պատմությունը: Եվ ինձ համար զարմանալի էր, որ նա մահվան ժամին վերապրել էր այդ ամենը… Իմանալով, որ այլևս չէի տեսնելու Դամիանին, ուզեցի վերհիշել նրան: Այնքան թույլ է իմ տեսողական հիշողությունը, որ միայն Գանոնի բերած մի լուսանկարը հիշեցի: Դեպքը չպետք է տարօրինակ թվա, ես մարդուն տեսել էի մեկ անգամ, 1942 թվականի սկզբին, իսկ ընկերը՝ մի քանի անգամ: Գանոնն էր ուղարկել այդ նկարը. կորցրել եմ և այլևս չեմ փնտրում: Նույնիսկ վախենում եմ գտնել: Երկրորդ դրվագը մի քանի ամիս հետո տեղի ունեցավ Մոնտեվիդեոյում: Էնտրոռիոսցու ջերմությունն ու տենդն իմ մեջ ծնել էին Մասոլլերի պարտությունը բացատրող ֆանտաստիկ մի պատմվածք: Էմիր Ռոդրիգես Մոնեգալը, ում պատմել էի սյուժեն, մի երկտող տվեց այդ ճակատամարտում կռված Դիոնիսիո Տաբարեսին տանելու համար: Գնդապետն ինձ ընդունեց ընթրիքից հետո: Բակում կախված ճոճաթոռին պառկած, նա քնքշորեն և խառնթիփնթոր վերհիշեց հին ժամամանակները: Խոսեց տեղ չհասած զինամթերքի, հոգնած ձիերի, անհոգ, տնաբույս զինվորների, լաբիրինթոսների մուտքերին կուտակված մարդկանց, Սարավիայի մասին, որ կարող էր Մոնտեվիդեո մտնել, բայց շրջանցեց՝ «քանի գաուչոն վախենում է քաղաքից», մինչև ուսերը գլխատված մարդկանց, մի պատերազմի մասին, որն ավելի շուտ չարագործի երազանք էր, քան թե երկու կանոնավոր զորքերի ընդհարում: Խոսեց Իլլեսկայից, Տուպամբաեից, Մասոլլերից: Այնքան տրամաբանված ու խոսուն էր նրա պատմելաձևը, որ անմիջապես հասկացա, թե շատ էր կրկնել այդ խոսքերը և վախեցա, որ գրեթե հուշեր չմնացին այդ խոսքերից հետո: Ընդհատումներից մեկի ժամանակ կարողացա մեջ գցել Դամիանի անունը.
- Դամիա՞ն: Պեդրո Դամիա՞ն,- ասաց գնդապետը,- մոտս է ծառայել: Այդ լակոտին տղերքը Դայման էին անվանում: - Հետո բարձրաձայն ծիծաղեց և հանկարծ, չգիտեմ, կեղծ թե անկեղծ անհարմարություն զգալով՝ կանգ առավ:
Փոխելով ձայնի հնչերանգը՝ ասաց, որ պատերազմը կանանց պես, փորձում է տղամարդու տղամարդկությունը և որ ոչ ոք չգիտի ճակատամարտ մտնելուց առաջ իր ով լինելը: Մարդ կարող է ինքն իրեն վախկոտ համարել և լինել քաջ և, ընդհակառակը, խեղճ Դամիանի պես, որ ամեն տեղ պարծենում էր և աջուձախ շռայլում իր «սպիտակ» փողերը, բայց Մասոլլերում վհատվեց: Zumac-ների հետ ինչ-որ կրակոցների փոխանակման ժամանակ ինքն իրեն տղամարդու նման պահեց, սակայն երբ բանակներն հանդիպեցին իրար, և սկսվեց թնդանոթաձգությունը, և ամեն մարդ հասկացավ, որ իրեն սպանելու համար հինգ հազար մարդ են միավորվել, այլ բան կատարվեց: Իր կյանքը ոչխարներ լողացնելով անցկացրած խեղճ տղան, որ այդ հայրենասիրական շարժմանը մասնակցել էր անգիտակցորեն… գուցե անհեթեթ թվա, բայց Տաբարեսի պատմածը շփոթեցրեց ինձ: Կնախընտրեի, որ դեպքերն այդպես չկատարվեին: Մի երեկո, տարիներ առաջ, ծերունի Դամիանից ես ակամա մի տեսակ կուռք էի ստեղծել: Տաբարեսի տարբերակը ոչնչացնում էր նրան: Հանկարծ հասկացա Դամիանի սակավախոսության ու համառ միայնության պատճառը, այն ոչ թե համեստությունը, այլ ամոթն էր թելադրել: Զուր կրկնեցի, թե ամոթից հետապնդված մարդն ավելի բարդ ու հետաքրքրական է, քան պարզապես քաջը: Մտածեցի, որ Լորդ Ջիմն ու Ռազումովն ավելի են արժանի հիշատակի, քան Մարտին Ֆիեռոն: Այո, սակայն Դամիանը, որպես գաուչո և մանավանդ արևևելցի՝ գաուչոների առաջ պարտավոր էր Մարտին Ֆիեռո լինել: Տաբարեսի ասածի չասածի մեջ առա Արտիգիսմո կոչվածի վայրի համը, նշմարեցի, հասա (գուցե անվիճելի) այն գիտակցությանը, թե Ուրուգվայը ավելի պարզունակ է, քան մեր երկիրը, ուստի և՝ ավելի քաջ… Հիշում եմ, որ այդ գիշեր չափազանցված սիրալիրությամբ բաժանվեցինք:
Ձմռանը, իմ ֆանտաստիկ պատմվածքի համար (որ անճարակ համառությամբ չէր ուզում գտնել իր վերջնական ձևը) մեկ կամ երկու հանգամանքի պակասն ինձ գնդապետ Տաբարեսի տուն տարավ: Նրա մոտ էր տարիքոտ մի մարդ՝ դոկտոր Խուան Ֆրանցիսկո Ամարոն, Պայսանդուից, ինքն էլ Սարավիայի հեղափոխության մասնակիցներից մեկը: Բնականաբար, խոսքը դարձավ Մասոլլերի շուրջ: Ամարոն մի քանի անեկդոտներ պատմեց և հետո, բարձրաձայն մտածելու պես, դանդաղ ավելացրեց.
- Հիշում եմ, գիշերեցինք Սանտա Իրենեյում, մի խումբ միացավ մեզ: Նրանց մեջ էին Ֆրանսիացի մի անասնաբույժ, որ մահացավ գործողության նախօրյակին և Էնտրե Ռիոսից եկած ոչխար խուզող մի երիտասարդ, ոմն Պեդրո Դամիան:
Քամահրանքով ընդհատեցի.
- Գիտեմ,- ասացի,- փամփուշտներից վախեցած արգենտինացին:
Լռեցի: Երկուսն էլ զարմացած ինձ էին նայում:
- Դուք սխալվում եք, պարոն,- ասաց վերջապես Ամարոն,- Պեդրո Դամիանը մահացավ տղամարդուն վայել մահով: Երեկոյան ժամը չորսն էր: Կարմիրների հետևազորն ամրացել էր բլրի գագաթին, մերոնք՝ նիզակներով զինված՝ գրոհեցին: Դամիանը բացականչելով առաջ նետվեց, փամփուշտը խրվեց կրծքավանդակի կենտրոնը: Կանգնեց ասպանդակներին, ավարտեց կիսատ բացականչությունը և գետին տապալվեց ու ձիերի ոտքերի տակ մնաց: Մեռած էր, և Մասոլլերի վերջին գրոհը նրա վրայով անցավ: Այդքան քաջ և դեռ քսանն էլ չէր լրացել:
Անկասկած Ամարոն խոսում էր մի այլ Դամիանի մասին, բայց ինչ-որ բան ինձ դրդեց հարցնելու, թե ինչ էր տղայի գոռացածը:
- Հայհոյանքներ,-ասաց գնդապետը,- ուրիշ ի՞նչ կարող էր գոռալ գրոհի ժամանակ:
- Հնարավոր է,- ասաց Ամարոն,- բայց ես լսեցի, որ գոչում էր. «Կեցցե Ուրիսան»:
Լռեցինք: Վերջապես գնդապետը շշնջաց:
- Կարծես ոչ թե Մասոլլերում, այլ մի դար առաջ Կագանչայում կամ Ինդիա Մուերտայում էի կռվում:
Անկեղծ զարմանքով ավելացրեց.
- Այդ զորքերին ես եմ առաջնորդել: Բայց պատրաստ եմ երդվելու, որ առաջին անգամ եմ լսում Դամիանի անունը:
Չկարողացանք հիշեցնել:
Բուենոս Այրեսում նրա մոռացկոտությունից ավելի մեծ անակնկալ էր ինձ սպասում: Մի երեկո Միտչելի անգլիական գրախանութի ներքնահարկում, Էմերոսոնի ստեղծագործությունների 11 հատորների առաջ կագնած, Պատրիսի Գանոնին հանդիպեցի: The Past-ի թարգմանության մասին հարցրի: Ասաց, որ թարգմանելու մտադրություն չուներ և որ իսպանական գրականությունն այնքան ձանձրալի է, որ Էմերսոնի կարիքն ընդհանրապես չի զգացվում: Հիշեցի, որ այդ թարգմանության մասին նա ինձ գրել էր այն նամակում, ուր հայտնում էր Դամիանի մասին: Դամիանի ով լինելը հարցրեց: Իզուր բացատրեցի: Վախով նկատեցի, որ տարօրինակ ձևով է ինձ լսում և սկսեցի խոսել դժբախտ Պոյից ավելի բարդ, ավելի տաղանդավոր և անկասկած ավելի ինքնատիպ բանաստեղծ Էմերսոնին պարսավողների մասին ծավալվող գրական մի վեճի շուրջ:
Մի քանի դեպք ևս պետք է նշեմ: Ապրիլին գնդապետ Դիոնիսիո Տաբարեսից նամակ ստացա. նա արդեն հիշում էր Մասսոլլերի ճակատամարտում գրոհողներին մարտի տանող պատանուն, որին իր զինվորները թաղել էին այդ գիշեր բլրի լանջին: Հուլիսին անցա Գուալեգուայու, սակայն Դամիանի տունը չգտա՝ նրան ոչ ոք չէր հիշում: Մահվան ժամին նրա մոտ գտնվող Դիեգո Աբարոային ուզեցի հարցաքննել՝ ձմեռնամուտից առաջ մահացել էր: Ուզեցի Դամիանի դիմագծերն հիշել. ամիսներ հետո հաստատեցի, որ մտաբերածս մռայլ դեմքը հայտնի տենոր Թամբելիկի դեմքն է Օթելլոյի դերում:
Այժմ կանցնեմ ամենադյուրին կռահումներին, բայց միևնույն ժամանակ և ամենահամոզիչին. ընդունել երկու Դամիանների գոյությունը, մեկը՝ վախկոտը, 1946 թավականին Էնտրե Ռիոսում վախճանված, մյուսը՝ քաջը, որ 1904 թվականին մահացավ Մասոլլերում: Սրա թերությունն այն է, որ չի բացատրում բուն թյուրիմացությունը՝ գնդապես Տաբարեսի հիշողության անբացատրելի կորուստը, մոռացում, երբ կարճ ժամանակի ընթացքում հիշողությունից դուրս է ընկնում մարդու ինչպես դեմքը, այնպես էլ անունը: Չեմ ընդունում, չեմ ուզում ընդունել ավելի պարզ մի կռահում, որ ես նիրհած եմ եղել առաջին հանդիպման ժամանակ): Ավելի հետաքրքրական է Ուլրիկ ֆոն Կյուլմանի հնարած գերբնական կռահումը: Պեդրո Դամիանը, ասում է Ուլրիկը, վախճանվեց ճակատամարտում և մահվան ժամին Աստծուց խնդրեց, որ իրեն վերադարձնի Էնտրե Ռիոս: Աստված մի վայրկյան տատանվեց, խնդրողը մեռավ, և մի քանիսը տեսան նրա վայր ընկնելը, Աստված, որ չի կարող փոխել անցյալը, բայց կարող է փոխել անցյալի պատկերները, մահվան պատկերը փոխարինեց ուշաթափության պատկերով և էնտրեռիոսցին տուն վերադարձավ: Վերադարձավ, բայց չպետք է մոռանանք նրա ստվեր լինելը: Առանց կնոջ, առանց ընկերների ապրեց մենության մեջ, ամեն ինչ սիրեց, ունեցավ ամեն ինչ, բայց հեռվից՝ ապակու միջից, «մահացավ», և ինչպես ջուրը ջրի մեջ՝ կորավ նրա անոսր ստվերը: Այս կռահումը արհեստական է, բայց պետք է, որ ինձ հուշի իրականում պատահածը (այն, որ ես այսօր ճիշտ եմ համարում), որ միևնույն ժամանակ ավելի և՛ պարզ է, և՛ ավելի անհավատալի: Գրեթե պատահմամբ գլխի ընկա: Պիեռ Դամիանիի De Omnipotentia տրակտատն էի թերթում՝ «Դրախտի XXI երգի երկու տողն ուսումնասիրելու համար, երկու տող, ուր հենց նույնացման համար մի խնդիր է առաջարկվում: Սույն տրակտատի հինգերորդ գլխում Պիեռ Դամիանին, հակաճառելով Արիստոտելին և Ֆրեդեգար Տուրացուն, գտնում է, որ Աստված կարող է եղած չեղածը դարձնել: Այդ հին աստվածաբանական վեճերը կարդալով՝ սկսեցի հասկանալ դոն Պեդրո Դամիանի ողբերգական պատմությունը»:
Ես այսպես եմ մեկնաբանում: Դամիանը Մասոլլերում իրեն վախկոտի պես պահեց, և ամբողջ կյանքը նվիրեց այդ ամոթալի թուլությունը սրբագրելու գործին: Էնտրո Ռիոս վերադարձավ, ոչ մեկի վրա ձեռք չբարձրացրեց, ոչ մեկի դեմքին դանակի հետք չթողեց, քաջի համբավ չորոնեց, բայց նյանկայի դաշտերում սարերի ամայության դեմ կռվելով՝ պնդացավ: Անգիտակցաբար պատրաստեց հրաշքը: Սրտի խորքում մտածեց. «Եթե ճակատագիրն ինձ մի այլ ճակատամարտ նվիրի, ես նրան արժանի կլնեմ»: Աննկուն հույսով քառասուն տարի սպասեց, և մահվան ժամին վերջապես հասավ ճակատամարտը: Թեև պատրանքի ձևով, բայց հույներն արդեն գիտեին, որ լոկ երազի ստվերներն ենք: Հոգեվարքի մեջ վերապրեց իր ճակատամարտը և ինքն իրեն տղամարդու պես պահեց, և գրոհի ժամանակ առաջնամարտիկի դիրք գրավեց, ու փամփուշտը խրվեց նրա կրծքավանդակը: Այդպես բուռն կրքի հետևանքով Պեդրո Դամիանը կարողացավ 1946 թվականին մեռնել Մասոլլերի ճակատամարտում, որ տեղի է ունեցել 1904 թվականի ձմռան ու գարնան միջև:
Աստվածաբանական աշխատություններում հերքվում է այն միտքը, թե Աստված կարող է անցյալը ջնջել, սակայն ոչինչ չի ասվում պատճառահետևանքային այն բարդ հարաբերության մասին, այնքան ընդարձակ ու սերտ, որ հնարավոր չի լինի թեկուզ մի աննշան դեպք, որքան էլ անկարևոր, ոչնչացնել առանց ներկան արժեզրկելու: Փոփոխել անցյալը չի նշանակում փոփոխել մի դեպք, այլ ոչնչացնել բոլոր հետևանքները, որոնք դեպի անսահմանություն են ձգտում: Այլ կերպ ասած՝ նշանակում է ստեղծել երկու համաշխարհային պատմություն: Առաջինում (ասենք) Պեդրո Դամիանը մահանում է Էնտրե Ռիոսում, 1946 թվականին, երկրորդում՝ Մասոլլերում, 1904 թվականին: Մեր այժմյան ապրած պատմությունն այս է, սակայն մյուսի խափանումն անմիջական չեղավ, և դրա հետևանքը նշածս անհեթեթություններն են: Գնդապետ Դիոնիսիո Տաբարեսը վերապրեց բոլոր դրվագները՝ սկզբում հիշեց, որ Դամիանն իրեն վախկոտի պես է պահել, հետո մոռացավ նրան, հետո հիշեց նրա հերոսական վախճանը: Աբարկոյի դեպքը պակաս հետաքրքրական չէ. գտնում եմ, որ նա մահացավ Պեդրո Դամիանի մասին շատ բան իմանալու պատճառով:
Իսկ ինձ այդպիսի վտանգ չի սպառնում: Գուշակել ու գրանցել եմ տրամաբանական մտածողության մի խառնակություն, մարդկանց համար անըմբռնելի մի ընթացք, սակայն այդ երկյուղալի նախապատվությունը թուլանում է մի քանի հանգամանքների պատճառով: Նախ վստահ չեմ, թե միշտ ճշմարտությունն եմ գրել: Ինձ թվում է, որ պատմածիս մեջ կեղծ հուշեր կան: Ինձ թվում է, որ Պեդրո Դամիանը (եթե գոյություն է ունեցել) այլ անուն է կրել, որ ես այդ անվամբ եմ հիշում նրան, որպեսզի մի օր հավատամ, թե այս պատմությունն ինձ Պիեռ Դամիանիի գաղափարներն են ներշնչել: Նման բան է կատարվում առաջին պարբերությունում հիշատակված պոեմում, ուր անցյալի անդարձության մասին է խոսվում: 1951 թվականին ինձ կթվա, որ ֆանտաստիկ մի պատմվածք եմ գրել և պատմած կլինեմ իրական մի դեպք. մոտ երկու հազար տարի առաջ միամիտ Վերգիլիոսին թվում էր, որ մարդու ծնունդն էր ազդարարում, մինչդեռ պարզվեց, որ նա գուշակել էր Աստծունը:
Խեղճ Դամիան: Մահը նրան տարավ 20 տարեկանում, մի տխուր, անիմաստ ու չնչին պատերազմում, սակայն հասավ նրան, ինչին սիրտն էր տենչում, և երկար տևեց տենչանքին հասնելը, և գուցե դրանից մեծ երջանկություն չկա:
Թարգմանությունը իսպաներենից՝ Հովհաննես Բոդուկյանը
Խորխե Լուիս Բորխես | Մյուս մահը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 23, 2016 Rating: