Խորխե Լուիս Բորխես | Էմմա Ցունց


1922 թվականի հունվարի տասներեքին, «Թարբչ և Լոուենթալ» գործվածքների գործարանից տուն վերադառնալով՝ Էմմա Ցունցը միջանցքում գտավ Բրազիլից ուղարկված մի նամակ, որը գուժում էր հոր մահը: Սկզբում նրան շփոթեցրին կնիքն ու ծրարը, հետո նրան անհանգստացրեց անծանոթ ձեռագիրը: Ինը թե տաս անփույտ տողեր սպառել էին թուղթը. Էմման կարդաց, որ պարոն Մայերը սխալմամբ ընդունել էր վերոնալի ուժեղ դոզա և վախճանվել Բագեի հիվանդանոցում՝ սույն ամսվա երեքին: Լուրն ստորագրել էր հոր հարևաններից մեկը՝ ոմն Ֆեին կամ Ֆաին Ռիո Գրանդեից, չգուշակելով անգամ, որ երկտողն ուղղված է հանգուցյալի դստերը: 
Թուղթն ընկավ Էմմայի ձեռքից: Սկզբում որովայնում ու ծնկներում թուլություն զգաց, հետո կույր մի մեղք, հետո անիրականի զգացումը պատեց նրան, հետո սրսռաց, հետո երկյուղեց, հետո ցանկացավ, որ հաջորդ օրը շուտ գա: Անմիջապես հասկացավ, որ այդ ցանկությունն անհեթեթ է, քանզի իր հոր մահը աշխարհի վրա միակ կատարվածն ու կատարվելիքն էր: Վերցրեց թուղթն ու սենյակ մտավ: Այնպես գաղտագողի նամակը պահեց դարակում, որ կարծես ինչ-որ ձևով գիտակցելիս լիներ գալիք դեպքերը: Նա արդեն սկսել էր նշմարել, գուցե նա արդեն դարձել էր այն, ինչ հետո պիտի լիներ:
Աճող մթության մեջ, մինչև այդ օրվա վախճանը Էմման ողբաց Մանուել Մայերի՝ անցյալի երջանիկ օրերի  Էմանուել Ցունցի ինքնասպանությունը: Գուալեգուայի շրջակայքում գտնվող ամառներն հիշեց, հիշեց (փորձեց հիշել) մորը, աճուրդի հանված Լանուսի տնակն հիշեց, հիշեց պատուհանի դեղին վարագույրները, ձեռրբակալման հրամանն հիշեց, նախատինքը, աշխատավարձի հետ ստացած «գողության համար» գանձապահին մեղադրող անստորագիր նամակներն հիշեց, հիշեց (սակայն դա երբեք չէր էլ մոռանում), որ վերջին գիշերը հայրն երդվել էր, թե գողը Լուենթալն է: Լուենթալ, Ահարոն, Լուենթալ, գործարանի նախկին կառավարիչ, այժմ՝ տերերից մեկը: Էմման գաղտնիքը պահում էր 1916 թվականից: Ոչ ոքի չէր հայտնել, անգամ իր ամենամտերիմ ընկերուհուն՝ Էլզա Ուրշտայնին: Գուցե խուսափում էր սովորական թերահավատությունից, գուցե հավատացած էր, որ այդ գաղտնիքը կապ էր իր և հոր միջև: Լուենթալը չգիտեր, որ Էմման գիտեր այդ պատմությունը: Եվ այդ աննշան դեպքը Էմմա Ցունցին տալիս էր իշխանության զգացողություն:
Այդ գիշեր Էմման չքնեց, և երբ արշալույսը ուրվագծեց պատուհանի ուղղանկյունին, նրա ծրագիրն արդեն պատրաստ էր: Էմման ցանկացավ, որ այդ օրը, որն անվերջանալի թվաց, մյուսների պես լիներ: Գործարանում գործադուլ էր պատրաստվում: Էմման, ինչպես միշտ, դեմ էր ամեն տեսակ բռնությունների: Աշխատանքից հետո, ժամը վեցին Էլզայի հետ գնաց մարզարան և լողավազան ունեցող կանանց ակումբ: Արձանագրվեցին, պարտադրված կրկնեց և տառ առ տառ արտասանեց անունն ու ազգանունը, ժպտաց ստուգումը մեկնաբանող անմակարդակ կատակներին: Էլզայի և Ֆրանֆուսների փոքրի հետ կիրակնօրյա ծրագրի համար ընտրվելիք կինոսրահի մասին վիճեց: Հետո տղամարդկանց մասին խոսեցին, և Էմմայի լռությունը բնական էր: Ապրիլին լրանում էր նրա տասնինը տարին, սակայն տղամարդիկ նրան դեռ գրեթե հիվանդագին երկյուղ էին պատճառում… Վերադարձին սուպ ու բանջարեղեն պատրաստեց, շուտ ընթրեց, անկողին մտավ և ինքն իրեն պարտադրեց քնել: Այդպես տաժանելի և սովորական անցավ ուրբաթ տասնչորսը՝ նախօրյակը:
Շաբաթ օրն անհամբերությունն արթնացրեց նրան: Անհամբերությունը և ոչ թե անհանգստությունը, և վերջապես այդ օրն ապրելու յուրահատուկ հանգստությունը: Այլևս հարկավոր չէր ոչ նյութել, ոչ էլ երևակայել՝ մի քանի ժամ հետո վրա կհասներ դեպքերի բնական ընթացքը: «Լա Պրենսայում» կարդաց, որ Մալմյոյի «Նորդստյառնոն»-ը խարիսխ էր բարձրացնելու հենց այդ գիշեր. Զանգահարեց Լուենթալին, ասաց, որ ուզում է գործադուլի մասին ինչ-որ բան հաղորդել և խոսք տվեց մթնելուն պես հանդիպել: Ձայնը դողում էր. դողը համապատասխանում էր նյութած դավին: Այդ առավոտ հիշատակի արժանի ոչ մի այլ դեպք չպատահեց: Էմման աշխատեց մինչև ժամը տասներկուսը և Էլզայի ու Պեռլա Քրանֆուսի հետ ճշտեց կիրակնօրյա զբոսանքի մանրամասները: Ճաշելուց հետո պառկեց և աչքերը փակ վերհիշեց նյութած ծրագիրը: Մտածեց, որ վերջին փուլը առաջինից պակաս սարսափելի էր լինելու, և ինքը հաղթանակի ու արդարության համն էր զգալու: Հանկարծ տագնապած վեր կացավ և վազեց դեպի պահարանի դարակը: Բացեց, Միլտոն Սիլսի նկարի տակ, այնտեղ, ուր թողել էր նախանցյալ գիշեր՝ Ֆաինի ուղարկած նամակն էր: Ոչ ոք չէր կարող տեսած լինել, կարդաց և պատռեց: Ճշմարտանման պատմել այդ երեկոյի դեպքերը դժվար և գուցե անհիմն լինի: Դժոխային ապրումների հատկանիշներից մեկը անիրականն է, հատկանիշ, որ կարծես թեթևացնում է նրա սարսափները, գուցե և՝ սաստկացնում: Ինչպե՞ս հավանականություն հաղորդել մի գործողության, որին գրեթե չհավատաց կատարողն անգամ, ինչպե՞ս վերականգնել այդ հակիրճ քաոսը, որ այսօր Էմմա Ցունցի հիշողությունը նզովում և խառնում է: Էմման ապրում է Ալմագրո թաղամասի Լինիերս փողոցում. ստույգ է, որ այդ երեկո նավահանգիստ գնաց: գուցե վատահամբավ Պասեո դե Խուլիոյում ինքն իրեն լույսերի մեջ ողողված հայելիներում բազմապատկված տեսավ, սովյալ աչքերում մերկացավ, թեև ավելի տրամաբանական է մտածել, որ սկզբում անտարբեր ոհմակի աչքերի առաջ թափառեց աննկատ… Երկու, թե երեք բարեր մտավ, տեսավ այնտեղի կանանց սովորական առօրյան կամ ամենևին էլ ոչ սովորական հնարամտությունները: Վերջապես գտավ «Նորդստյառնոնի» մարդկանց: Խուսափեց մի երիտասարդից՝ նա կարող էր քնքշություն ներշնչել, նախընտրեց ուրիշին, որ իրենից ավելի կարճահասակ էր, բռի, որպեսզի չթուլանար աղջկական սարսափը: Տղամարդու հետ կանգ առան մի դռան առաջ, անցան կիսամութ միջանքցքով, հետո բարձրացան ծուռումուռ աստիճաններով, անցան մի դահլիճ (Ուր Լանուսի իրենց տան պես վարագույրներ ու ցուցափեղկ կային), հետո անցավ մի նոր միջանցքով, իսկ հետո մի դուռ փակվեց: Օրհասական դեպքերը ժամանակից դուրս են, քանի որ նրանց մեջ կամ անմիջական անցյալը կտրված է ապագայից, կամ էլ նրա բաղկացուցիչ մասերը կարծես զուրկ են հաջորդականությունից:
Ժամանակից դուրս այդ ժամանակում, սարսափելի անկապ զգացմունքների այդ ապշահար անկարգության մեջ արդյոք Էմմա Ցունցը գեթ մեկ անգամ մտածե՞ց հանգուցյալի մասին, որն իր այդ զոհաբերության պատճառն էր: Ինձ թվում է, որ այնուամենայնիվ մեկ անգամ մտածեց, և այդ պահին վտանգվեց նրա հուսահատ նպատակի իրագործումը: Մտածեց (չկարողացավ չմտածել), որ հայրն իր մորն արել էր այդ սոսկալի բանը, ինչ հիմա իրեն էին անում: Մտածեց թույլ զարմանքով և անմիջապես պաշտպանվեց գլխապտույտով: Տղամարդը շվեդ կամ ֆին էր, իսպաներեն չէր խոսում և ընդամենը Էմմայի համար գործիք էր, ինչպես ինքը նրա համար, սակայն Էմման ծառայեց հաճույքին, իսկ տղամարդը՝ արդարությանը:
Երբ Էմման մենակ մնաց, անմիջապես չբացեց աչքերը: Լուսամփոփի սեղանի վրա տղամարդու թողած փողերն էին, Էմման վեր կացավ և անմիջապես պատռեց, ինչպես դրանից առաջ նամակն էր պատռել: Դրամ պատռելը նույնքան ամբարշտություն է, ինչպես հաց նետելը: Էմման անմիջապես զղջաց: Ամբարտավանությո՜ւն, և այդպիսի օր… Սարսափն անցավ մարմնի տանջանքի և զզվանքի մեջ: Զզվանքն ու տանջանքը կաշկանդում էին, բայց Էմման դանդաղորեն վեր կացավ և հագնվեց: Սենյակում վառ գույներն անհետացել էին, մայրամուտի վերջին շողը ծանրանում էր: Էմման կարողացավ աննկատ դուրս գալ, խաչմերուկում արևմուտք գնացող մի ավտոբուս բարձրացավ: Իր ծրագրի համաձայն առջևի նստարաններից մեկն ընտրեց, որպեսզի դեմքը չտեսնեին: Փողոցների միապաղաղ անցուդարձում գուցե հաճույքով ստուգեց, որ կատարվածն իր մեջ ոչինչ չէր փչացրել: Անցավ խուլ թաղամասերով, տեսավ և մոռացավ անմիջապես, իջավ Ուառնեսի փողոցներից մեկում: Գուցե տարօրինակ թվա, բայց հոգնությունը նրան ուժ էր տալիս, քանի որ պարտադրում էր արկածի մանրամասնությունների վրա կենտրոնանալ և ոչ թե թափանցել գործի բնույթի և հետևանքների մեջ:
Ահարոն Լոուենթալը ընդհանուր կարծիքով լուրջ մարդու համբավ ուներ, իսկ իր մի քանի մտերիմները նրան ժլատ էին համարում: Ապրում էր մենակ, գործարանի վերնահարկում: Հաստատված խուլ արվարձանում՝ նա վախենում էր գողերից, գործարանի բակում մի մեծ շուն կար, իսկ գրասեղանի դարակում, որ ոչ ոքի համար նորություն չէր, ատրճանակ: Անցյալ տարի պատշաճ սուգով լացել էր կնոջ հանկարծակի մահը, կինը՝ Գաուս աղջկական ազգանվամբ, հետը լավ օժիտ էր բերել, իսկ նրա իսկական կիրքը դրամն էր: Ներքին ափսոսանքով նա գիտակցում էր, որ ավելի ունակ է այն պահպանելու, քան թե շահելու համար: Շատ կրոնասեր էր, նրան թվում էր, թե Տիրոջ հետ գաղտնի մի պայմանագիր ունի, Տերն իր ջերմեռանդության և աղոթքների փոխարեն իրեն ազատում է բարիք գործելուց: Ճաղատ, մեծամարմին, սգազգեստ, մուգ քթակնոցով և շեկ մորուքով՝ պատուհանի մոտ կանգնած սպասում էր բանվորուհի Ցունցի գաղտնի տեղեկությանը:
Պատուհանից տեսավ, երբ նա հրում էր ցանկապատի դռնակը (որն ինքը հատկապես կիսաբաց էր թողել), տեսավ նրա անցնելը մութ բակով, շան հաչոցից վախենալը: Էմմայի շուրթերը ցածրաձայն աղոթողի շուրթերի էին նման, հոգնած կրկնում էին այն դատավճիռը, որ պարոն Լոուենթալը պետք է լսեր մեռնելուց առաջ:
Դեպքերը չկատարվեցին Էմմա Ցունցի կանխատեսածի պես: Նախորդ արշալույսից սկսած՝ արդեն մի քանի անգամ երազել էր ինքն իրեն տեսնել ատրճանակը չդողացող ձեռքին, թշվառին իր ստոր մեղքը խոստովանել ստիպելիս և երևան հանելով իր անվեհեր հնարքը՝ թույլ տալ, որ Աստծո արդարությունը հաղթեր մարդկային արդարությունը: (Չէր ուզում պատժվել՝ ոչ թե պատժից վախենալով, այլ ինքն իրեն Արդարության գործիք համարելով): Հետո կրծքի կենտրոնում մի միակ կրակոց վերջ կտար Լոուենթալի կյանքին: Սակայն դեպքերն այդպես չընթացան:
Էմման, Ահարոն Լոուենթալի դիմաց կանգնած, զգաց ոչ թե հոր վրեժն առնելու, այլ դրա համար իր կրած անարգանքը հատուցելու ստիպողականությունը: Ջանադրաբար նախապատրաստած այդ մանրակրկիտ անպատվությունից հետո չէր կարող չսպանել նրան: Ոչ էլ ձևեր թափելու ժամանակ ուներ: Երկչոտ նստած աթոռին, Էմման ներողություն խնդրեց Լոուենթալից և (ինչպես վայել է մատնիչին) հիշեց հավատարմության պարտականությունները, արտասանեց մի քանի անուն, մի քանիսինն ակնարկեց և կարծես երկյուղից հաղթված՝ ձայնը կտրեց: Լոուենթալը դուրս եկավ մի գավաթ ջուր բերելու: Երբ նա՝ հուզմունքի այդպիսի չափազանցությունների հանդեպ ընդհանրապես թերահավատ, բայց այս անգամ ներողամիտ, վերադարձավ ճաշասենյակից, Էմման արդեն գրասեղանի դարակից հանել էր ծանր ատրճանակը: Երկու անգամ սեղմեց բլթակը: Ահագին մարմինը, կարծես կրակոցներն ու ծուխը կոտրել էին այն, վայր ընկավ, գավաթը փշրվեց, դեմքը Էմմային զարմացած ու զայրացած, դեմքի բերանը հայհոյեց իսպաներեն ու երբրայերեն. Էմման նորից կրակեց: Բակում կապած շունը հաչեց, և հանկարծակի արյունը դուրս ժայթքեց լպիրշ շուրթերից ու կեղտոտեց մորուքն ու զգեստը: Էմման սկսեց իր նախատեսած մեղադրականը. («Հորս վրեժն եմ առնում և ինձ չեն կարող պատժել…»), բայց չավարտեց, պարոն Լոուենթալն արդեն մեռած էր: Էմման այդպես էլ երբեք չիմացավ, թե արդյոք նա հասցրեց հասկանալ:
Հաչոցները հիշեցրին, որ դեռ հանգստանալու ժամանակը չէ: Խառնեց բազմոցը, արձակեց դիակի բաճկոնի կոճակները, հանեց արյունոտած քթակնոցը և դրեց պահարանի վրա: Հետո վերցրեց հեռախոսն ու կրկնեց այն, ինչ այս ու այլ բառերով կրկնելու էր բազում անգամներ: Անհավատալի մի բան է կատարվել… Պարոն Լոուենթալն ինձ իր մոտ կանչեց գործադուլի պատրվակով… Անարգեց, սպանեցի…
Պատմությունն իսկապես անհավատալի էր, սակայն բոլորն էլ ընդունեցին, քանի որ առարկայորեն ճշմարտացի էր: Ճշմարտացի էր Էմմա Ցունցի տոնը, ճշմարտացի էր ամոթխածությունը, ճշմարտացի էր ատելությունը: Ճշմարտացի էր նաև կատարված անարգանքը, միայն թե կեղծ էին հանգամանքները, ժամը և մեկ կամ երկու հատուկ անուն:       

Թարգմանությունը իսպաներենից՝ Հովհաննես Բոդուկյանի

Խորխե Լուիս Բորխես | Էմմա Ցունց Խորխե Լուիս Բորխես | Էմմա Ցունց Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 21, 2016 Rating: 5
Технологии Blogger.