Գրիմ եղբայրներ | Երեք ոսկե մազերով սատանան



Ժամանակով մի աղքատ կին տղա է ունենում: Տղան շապիկով է ծնվում։ Կախարդները գուշակում են, որ 14 տարեկանում նա պետք է ամուսնանա թագավորի աղջկա հետ։ Այնպես է պատահում, որ տղայի ծնունդից անմիջապես հետո թագավորը ծպտված այցելում է տղայի գյուղը, ու երբ հարցնում է, թե ինչ նորություն կա, ասում են.

- Մի տղա է ծնվել մեր գյուղում, շապիկը հագին։ Նա բախտավոր տղա է լինելու, ինչ որ մտքում դնի, իրագործվելու է։ Բացի այդ կախարդները գուշակել են, թե իբր 14 տարեկանում ամուսնանալու է թագավորի աղջկա հետ։
Թագավորը շատ չար սիրտ է ունենում. երբ լսում է սա, շատ է բարկանում, գնում է երեխայի ծնողների մոտ, շատ մեղմ ու բարի մարդ ներկայանալով, ասում.
- Դուք աղքատ մարդիկ եք, ձեր երեխային տվեք ինձ, ես լավ կպահեմ։
Սկզբում նրանք չեն ուզում, բայց երբ օտարականը մեծ գումար Է խոստանում, մտածում են. «Քանի որ բախտավոր Է ծնվել, ամեն տեղ էլ հաջողություն կունենա»,- համաձայնում են, երեխային տալիս։ Թագավորը երեխային դնում է ճամփորդական սնդուկի մեջ, առնում թամբին ու ձին քշում, գնում։ Հասնելով մի խոր լճակի՝ սնդուկը գցում է ջուրն ու մտածում. «Աղջկաս փրկեցի անկոչ փեսայից»: Բայց սնդուկը չի սուզվում, նավակի պես լողում է ջրի երեսին ու գնում, գնում, դեմ ընկնում ջրաղացի ամբարտակին։ Բախտի բերմամբ ջրաղացպանի ծառան այդտեղ է լինում, նկատում է, ուրախանում, կարծում՝ գանձ է գտել, բացում է, տեսնում՝ մի սիրուն, առողջ, ուրախ երեխա։ Տանում է ցույց տալիս ջրաղացպանին ու կնոջը։ Սրանք երեխաներ չեն ունենում, ուրախանում, աշխարհով մեկ են լինում։ Ջրաղացպանի կինն ասում է.
- Այս երեխային աստված է ուղարկել մեզ,- ու պահում են, դաստիարակում։ Տղան մեծանում է, շնորհքով մարդ դառնում։
Օրերից մի օր թագավորն անձրևից պաշտպանվելու համար մտնում է ջրաղացը, տեսնում է մի սիրուն, բոյով տղա, ջրաղացպանին հարցնում է, թե իրե՞նց տղան է, ասում են.
- Չէ´, գտնովի է, 14 տարի առաջ սնդուկի մեջ մեր ամբարտակի մոտից ենք գտել։
Թագավորը գլխի է ընկնում, որ սա այն բախտավոր երեխան է, որին ինքը ջուրը գցեց, ասում է.
- Կարելի՞ է ձեր տղան նամակս տանի թագուհուն, երկու ոսկի կտամ։
- Հրամանքդ,- պատասխանում են ջրաղացպանն ու կինը և տղային պատվիրում ճանապարհ ընկնել։
Թագավորը թագուհուն գրում է. «Հենց որ նամակաբերս գա, անմիջապես սպանեք ու թաղեք։ Ամեն ինչ արեք վերջացրեք մինչև գալս»: Տղան նամակը վերցնում ու ճամփա է ընկնում, բայց անտառով անցնելիս մոլորվում է։ Մթության մեջ ինչ-որ լույս է տեսնում, գնում է լույսի ուղղությամբ, հասնում մի խրճիթի։ Ներս է մտնում, օջախի մոտ մենակ մի պառավ է լինում նստած: Պառավն ասում է.
- Որտե՞ղից ես եկել, ո՞ւր ես գնում։
- Ջրաղացից եմ գալիս,- պատասխանում է տղան,- գնում եմ թագուհու մոտ, նամակ եմ տանում, բայց անտառում մոլորվեցի, ուզում եմ այստեղ գիշերեմ։
- Խե՜ղճ տղա, գիտե՞ս, որ ընկել ես ավազակների որջը, երեկոյան որ տուն եկան, քեզ սպանելու են,- ասում է պառավը։
- Ով ուզում է գա, ես ոչ մեկից չեմ վախենում։ Այնքան եմ հոգնել, որ պիտի պառկեմ ու քնեմ,- ասում է, պառկում մահճակալին ու քնում։ Շուտով ավազակները տուն են գալիս ու չարությամբ հարցնում, թե ով է տղան, ինչու է այդտեղ պառկած։
- Ա՜խ,- հառաչում է պառավը,- երեխա է, ի՞նչ տղա, մոլորվել է անտառում, մեղքս եկավ, տեղ տվի։ Նամակ է տանում թագուհուն։ Ավազակները բացում են նամակը, կարդում, որ գրված Է, թե նամակը ստանալուն պես սպանեք տղային ու թաղեք։ Դաժան ավազակների գութը շարժվում է, նրանց պետը պատռում է նամակը ու մեկ ուրիշը գրում, թե՝ տեղ հասնելուն պես տղային պսակեք թագավորի աղջկա հետ։ Ավազակները թողնում են, որ տղան մինչև լույս մնա քնած, իսկ երբ արթնանում է, նամակը տալիս են ու ճանապարհում։ Թագուհին հենց որ նամակը ստանում է, անմիջապես կատարում է պատվերը. ճոխ հարսանիք է անում, աղջկան ամուսնացնում բախտավոր տղայի հետ։ Ու քանի որ տղան գեղեցիկ էր ու բարի, նրանք ուրախ ապրում են իրենց համար։ Շատ ժամանակ է անցնում, թե քիչ, մի օր էլ թագավորը պալատ է վերադառնում ու տեսնում` կատարվել է գուշակությունը, բախտավոր տղան ամուսնացել է իր աղջկա հետ։
- Ինչպե՞ս եղավ,- հարցնում է նա,- չէ՞ որ ես բոլորովին ուրիշ բան էի գրել։
Թագուհին ցույց է տալիս նամակը, թե՝ քո աչքով տես՝ ինչ է գրված։ Թագավորը կարդում է նամակը ու անմիջապես հասկանում, որ փոխած է։ Նա տղային հարցնում է, թե ինչ է արել իր գրած նամակը և ինչու է փոխարենը ուրիշ նամակ բերել։
- Չգիտեմ,- ասում է տղան,- հավանաբար, փոխել են գիշերը՝ իմ քնած ժամանակ։
Թագավորը բարկացած ասում է.
- Այդպես հեշտ ու հանգիստ դու թագավորի փեսա չես դառնա։ Ով ուզում է իմ աղջկան կին առնել, պետք է դժոխքից բերի ու իմ ձեռքը տա սատանայի գլխի երեք ոսկե մազը, թե որ բերես, կմնաս իմ փեսան։
Թագավորը մտածում է այդպես ազատվել տղայից։ Բայց տղան ասում է.
- Ինչ կա որ, կբերեմ ոսկե մազերը, ես սատանայից չեմ վախենում,- ասում է, հրաժեշտ տալիս թագավորին ու ճամփա ընկնում։ Գնում է, գնում, հասնում մի քաղաք։ Քաղաքի դռնապանը սկսում է հարցուփորձ անել նրան, թե ինչ արհեստ ունի, ինչ կարող է անել։
- Ամեն ինչ էլ կարող եմ,- պատասխանում է բախտավորը։
- Որ այդպես է, ասա տեսնենք, ինչի՞ց է փչացել մեր շուկայի շատրրվանը, որ առաջ գինի էր ժայթքում, իսկ հիմա սովորական ջուր էլ չի գալիս։
- Կասեմ, սպասեք մինչև վերադառնամ,- ասում է տղան ու շարունակում ճանապարհը, հասնում մեկ ուրիշ քաղաք։ Այս քաղաքի դռնապանն էլ է հարցնում, թե ինչ արհեստ ունի տղան, ինչ կարող է անել։
- Ամեն ինչ էլ կարող եմ,- պատասխանում է նա։
- Որ այդպես է, ասա տեսնենք, ինչու՞ պտուղ չի տալիս մեր քաղաքի ծառը, առաջ ոսկե խնձորներ էր տալիս, իսկ հիմա տերև էլ չկա վրան։
- Կասեմ,- պատասխանում է տղան,- սպասեք մինչև վերադառնամ։
Տղան գնում է, գնում, հասնում մի մեծ գետի, պիտի անցներ գետը։ Անցկացնողը հարցնում է, թե նա ինչ արհեստ ունի, ինչ կարող է անել։
- Ամեն ինչ էլ կարող եմ։
- Որ այդպես է, ասա տեսնեմ, ինչո՞ւ պիտի ես ամբողջ կյանքումս գետն անցկացնող աշխատեմ, ու ոչ ոք չփոխարինի ինձ։
- Կասեմ,- պատասխանում է տղան,- միայն սպասիր մինչև վերադառնամ։
Անցնում է գետն ու սկսում որոնել դժոխքի դուռը։ Դժոխքի դուռը սև-սև է լինում, ամբողջապես մրով պատված։ Սատանան տանը չի լինում, միայն սատանայի տատն է տանը լինում, մի մեծ ու լայն բազկաթոռի վրա նստած։
- Ի՞նչ ես ուզում, տղա,- հարցնում է պառավը, ու տղային թվում է, թե նա այնքան էլ չար չի։
- Ինձ սատանայի գլխից երեք ոսկե մազ է հարկավոր,- ասում է տղան,- թե չէ՝ ստիպված կլինեմ բաժանվել կնոջիցս։
- Մեծ բան է ուզածդ,- ասում է պառավը։- Որ սատանան տուն գա ու քեզ տեսնի, վերջդ եկել է։ Բայց խղճում եմ քեզ, տեսնեմ՝ ինչով կարող եմ օգնել,- ասում է ու տղային մրջյուն դարձնում։- Դե մտիր շորիս ծալքերի մեջ, ապահով կլինես:
- Շատ լավ,- ասում է տղան,- բայց ես կուզեի երեք հարցի պատասխան էլ իմանալ. ինչո՞ւ շատրվանից, որ առաջ գինի էր ժայթքում, հիմա ջուր էլ չի գալիս։ Ինչո՞ւ ծառի վրա, որ առաջ ոսկե խնձորներ էր տալիս, հիմա տերև էլ չի բուսնում, և ինչո՞ւ գետն անցկացնողը ամբողջ կյանքում այդ գործն է անում, ու ոչ ոք չի փոխարինում նրան։
- Դժվար հարցեր են,- պատասխանում է տատը,- բայց դու ուշադիր ականջ կդնես, թե ինչ կասի սատանան, երբ ես սկսեմ պոկել նրա երեք ոսկե մազերը։
Երեկոյան սատանան գալիս Է։ Հենց որ ներս Է մտնում, զգում է, որ օդը մաքուր չէ։
- Էս ի՞նչ մարդահոտ է գալիս,- ասում է նա։- Այստեղ ինչ-որ բան կա։
Նա նայում է տան բոլոր անկյունները, ամբողջը տակնուվրա անում, բայց ոչինչ չի գտնում։ Տատը սկսում է նախատել.
- Նոր եմ ավլել տունն ու ամեն ինչ կարգի բերել, դու էլի տակնուվրա արեցիր։ Քո քթին հենց միշտ մարդահոտ է խփում։ Լավ կանես նստես ու բան ուտես։
Սատանան կուշտ ուտում է, խմում, շատ է հոգնած լինում, գլուխը դնում է տատի գոգին, խնդրում, որ ոջիլները մաքրի։ Բայց տեղնուտեղն էլ ննջում է, ֆսֆսացնում ու խռմփացնում։ Այդ ժամանակ պառավը մի ոսկե մազ է բռնում ու պոկում, դնում կողքին։
- Վա՛յ,- գոռում է սատանան,- ի՞նչ ես անում։
- Ա~խ, վատ երազ տեսա,- պատասխանում է սատանայի տատը,- դրա համար էլ ձգեցի մազերդ։
- Ի՞նչ երազ տեսար,- հարցնում է սատանան:
- Երազում տեսա՝ շուկայի հրապարակում մի շատրվան կա, առաջ գինի էր ժայթքում, իսկ հիմա այնպես է ցամաքել, որ նույնիսկ ջուր էլ չի գալիս։ Ինչի՞ց կլինի։
- Էհ, որ իմանայի՜ն,- ասում է սատանան,- քարի տակ մի մեծ դոդոշ է նստած, եթե սպանեն նրան, էլի գինի կգա։
Տատն էլի սկսում է մաքրել սատանայի գլուխը, սատանան քնում է ու սկսում այնպես խռմփացնել, որ ապակիները զնգզնգում են։ Այդ ժամանակ տատը երկրորդ մազն էլ է պոկում։
- Վա՛յ, ի՞նչ ես անում,- գոռում Է կատաղած սատանան։
- Մի բարկանա, երազի մեջ էի,- ասում է տատը։
- Հիմա՞ ինչ տեսար,- հարցնում է սատանան։
- Տեսա մի թագավորությունում մի խնձորենի կար, առաջ ոսկի խնձորներ էին բուսնում վրան, հիմա անգամ տերև էլ չի բուսնում։ Պատճառն ի՞նչ է։
- Էհ, որ իմանայի՜ն։ Մուկը կտրտում է արմատները, որ մկանը սպանեն, էլի ոսկե խնձորներ կտա, իսկ եթե մնա ու շարունակի կրծել, ծառը կչորանա։ Բայց հանգիստ թող ինձ քո երազներով, որ մեկ էլ խանգարել ես քունս, ապտակ եմ տալու։
Տատը հանգստացնում է սատանային ու էլի սկսում մաքրել գլուխը, մինչև որ սա քնում Է ու նորից խռմփացնում։ Այդ ժամանակ տատը պոկում է երրորդ մազը։ Սատանան այնպես է գոռում, այնպես կատաղում, որ ուզում է տատի հախից գա, բայց սա էլի հանգստացնում է քնքշորեն ու ասում.
- Ի՞նչ կարող ես անել, նորից վատ երազ տեսա։
- Հիմա ի՞նչ տեսար երազում,- հարցնում է սատանան հետաքրքրությամբ։
- Գետի մոտ մեկը անց էր կացնում մարդկանց մի ափից մյուսը ու բողոքում էր, թե ամբողջ կյանքում այդ գործն է անում, ոչ ոք չի փոխարինում իրեն։ Պատճառն ի՞նչ է։
- Որովհետև հիմարի մեկն է,- պատասխանում է սատանան։- Երբ որևէ մեկին մյուս ափն անցկացնելիս լինի, թող ձողը նրա ձեռքը տա, այդ մարդը կդառնա տեղափոխող, ինքն էլ կազատվի։
Տատը երեք ոսկի մազն էլ պոկելուց և երեք հարցի պատասխանն էլ ստանալուց հետո էլ չի անհանգստացնում սատանային, ու նա մինչև լույս քնում է։ Առավոտյան սատանան գնում է իր գործին, տատը շորի ծալքերի միջից հանում է մրջյունին ու էլի մարդկային կերպարանք տալիս բախտավոր տղային։
- Առ այս երեք ոսկի մազերը, իսկ հարցերիդ պատասխանները ինքդ էլ լսեցիր,- ասում է տատը։
- Ես ամեն ինչ լսեցի և մտքումս պահեցի,- ասում է տղան։
- Դե ուրեմն կարողացա օգնել քեզ,- ասում է պառավը,- հիմա գնա քո գործին։
Տղան շնորհակալություն է հայտնում պառավին, դուրս գալիս դժոխքից գոհ ու ուրախ, որ ամեն ինչ այդպես հաջող վերջացավ։ Գալիս հասնում է գետի մոտ, որտեղ պատասխանելու էր տեղափոխողի հարցին:
- Ինձ անցկացրու մյուս ափը, նոր քո պատասխանը կտամ,- ասում է տղան, ու երբ անցնում են մյուս ափը, հայտնում է սատանայի խորհուրդը,- եթե մեկնումեկը գա խնդրի, որ անցկացնես մյուս ափը, ձողը կտաս ձեռքը։
Հետո գնում է, հասնում այն քաղաքը, որտեղ աճում էր անպտուղ ծառը, և որտեղ քաղաքի դռնապանը սպասում էր իր հարցի պատասխանին։ Սրան էլ է հայտնում սատանայից լսածը. «Սպանեք արմատները կրծող մկանը, ծառն էլի ոսկի պտուղներ կտա»: Դռնապանը շնորհակալ է լինում և ոսկով բարձված երկու ավանակ տալիս նրան։ Վերջապես տղան հասնում է այն քաղաքը, որտեղ շատրվանը դադարել էր գործելուց։ Նա դռնապանին հայտնում է սատանայից լսածը. «Պետք է բռնել ու սպանել դոդոշին, որը գտնվում է շատրվանի քարի տակ, շատրվանից էլի գինի կժայթքի»: Դռնապանը շնորհակալ է լինում ու ինքն էլ ոսկով բարձված երկու ավանակ նվիրում։ Վերջապես մեր բախտավոր տղան վերադառնում է տուն, կինը ուրախանում, աշխարհով մեկ է լինում, որ էլի տեսավ նրան։ Տղան սատանայի երեք մազը տանում տալիս է թագավորին։ Թագավորը շատ գոհ է մնում, մանավանդ՝ երբ տեսնում է ոսկով բեռնված չորս ավանակները։
- Հիմա բոլոր պայմանները կատարեցիր։ Աղջիկս քեզ հալալ լինի։ Բայց, սիրելի փեսա, մի ասա տեսնեմ, որտեղի՞ց քեզ այսքան ոսկին։
- Անցնում էի մի գետով, ափին ոսկին թափված էր ավազի պես, ես էլ հավաքեցի։
- Իսկ չի՞ կարելի, որ ես էլ հավաքեմ,- ագահությունից այրվում է թագավորը։
- Ինչու չի կարելի, ինչքան ուզեք,- պատասխանում է բախտավոր տղան,- գետի ափին մի փոխադրող կա, դուք խնդրեք նրան, որ ձեզ անցկացնի մյուս ափը։ Այնտեղ ինչքան ուզեք, ձեզ համար ոսկի կվերցնեք։
Ագահ թագավորը շտապ ճամփա է ընկնում, հասնում գետին, նշան անում փոխադրողին, որ իրեն անցկացնի մյուս ափը։ Փոխադրողը մոտենում է, առաջարկում նավակ նստել, իսկ երբ մոտենում են մյուս ափին, նա ձողը խոթում է թագավորի բուռը, իսկ ինքը թռչում է նավակից ու գնում։ Ու այդ օրվանից սկսած թագավորը, որպես պատիժ, դառնում է փոխադրող։
- Ի՞նչ է, մինչև հիմա էլ դեռ փոխադրո՞ւմ է։
- Բա ինչ է անում, ո՞վ է անխելք, որ ձողը նրա ձեռքից վերցնի: 

Գրիմ եղբայրներ | Երեք ոսկե մազերով սատանան Գրիմ եղբայրներ | Երեք ոսկե մազերով սատանան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 19, 2016 Rating: 5
Технологии Blogger.