Անակրեոն | Քնարերգություն


1
Ծնրադրում եմ, եղնիկասպա՛ն,
Զևսի խարտյաշ դստրիկ, վայրի
Գազանների տեր Արտեմիս.
Լեթեոսի հորձանքի մոտ
Արիասիրտ տղամարդկանց
Քաղաքին դու զվարթ նայիր,
Զի այստեղի քաղաքացիք,
Ում հովվում ես, վայրենի չեն:
2
Նետեց կրկին վրաս բոսոր
Իր գունդն Էրոսը ոսկեհեր.
Նա կանչում է ինձ հրճվելու
Գեղեցկամույկ աղջկա հետ,
Բայց վերջինս, որ ծագումով
Գեղեցկաշեն Լեսբոսից է,
Հեգնում է իմ ճերմակ հերքը,
Ուրիշի՜ն է նայում ագահ:
3
Էրոսին եմ երգում թովիչ,
Որը զուգված է պսակով՝
Հյուսված բազում ծաղիկներից:
Ենթարկում է իրեն մարդկանց,
Իշխում անգամ աստվածներին…
4
Ճերմակեց հերքը քունքերիս,
Ալեհեր է իմ գլուխը:
Անցավ չքնաղ ջահելությունն,,
Ատամներս ծեր են արդեն.
Քաղցր կյանքիս ժամանակի
Մեծ մասը ինձ արդեն լքեց:
Հաճախ ողբում եմ դրանից,
Տարտարոսից սոսկո՜ւմ եմ ես:
Հադեսի խորքն ահազդու է,
Ժանտ է ուղին դեպի այնտեղ,
Եվ ով արդեն իջնում է անդ,
Չունի այլևս վերադարձ:
5
Ով տեր, ում հետ Էրոսն իշխող
Ու սևաչյա Նիմփաները
Նաև բոսոր Ափրոդիտեն
Միշտ հրճվում են ու այցելում
Կատարները բարձր լերանց:
Աղերսո՜ւմ եմ քեզ ծնրադիր.
Դու հայտնվիր ինձ բարեհաճ,
Ականջ դիր իմ հեզ աղոթքին:
Թող, հանձին քեզ, Կլեոբուլան
Գտնի մի լավ խորհրդատու,
Սերս հարգիր, Դիոնիսո՛ս:
11
Պատանիները երևի
Սիրում են ինձ լեզվիս համար,
Զի հաճելի երգեր գիտեմ
Եվ հաճելի խոսել գիտեմ:

Թարգմանությունը Ա. Թոփչյանի

Տես նաև Սոլոն և Սափո 

Անակրեոն | Քնարերգություն Անակրեոն | Քնարերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 21, 2016 Rating: 5
Технологии Blogger.