1
Սուրհանդակ է եկել ահա փափագելի Սալամիսից,
Բայց ապրանք չէ բերել, այլ երգ, զարդարուն խոսք…
2
Լինեի՜ ես Փոլեգանդրոս կղզուց և կամ սիկիլիացի,
Ոչ Աթենքից, իմ հայրենիքը փոխեի,
Քանզի շուտով կտարածվի մարդկանց մեջ այս բամբասանքը.
«Ատտիկեցի է սա, կորցրեց Սալամիսը»:
………………………………………………
Եկե՛ք գնանք դեպ Սալամիս ու Մարտնչենք փափագելի
Կղզու համար, վանենք ամոթը այս դաժան»:
3
Չի խորտակվի մեր քաղաքը Զևսի վճռով կամ այլ անմահ,
Երանելի աստվածների որոշումով,
Քանզի զորեղ հոր դուստրն է մեր հսկիչը արիասիրտ,
Ինքն՝ Աթենաս Պալլասն է մեզ հովանավոր:
Կործանումն այս մեծ ոստանի, իրենց անմիտ վարքագծով,
Մեր ընչաքաղց քաղաքացիք են նյութելու:
Ժողովրդի առաջնորդներն անարդար են, խիստ գոռոզ են
Եվ բյուր ցավեր են պատրաստել իրենց համար.
Անկարող են նրանք սանձել հանդգնությունն ու չեն ուզում
Խաղաղության մեջ խնջույքներ անել ուրախ…
…………………………………………………………..
Հարստանում են անարդար արարքներով, չեն խնայում
Սուրբ վայրերի, ժողովրդի ունեցվածքը:
Գողանում են, կողոպտում են նրանք իրար ամենուրեք.
Չեն պատկառում Դիկեի սուրբ օրենքներից,
Իսկ նա լուռ է, բայց գիտե, թե ինչ է լինում, ինչ է եղել
Եվ բոլորին ժամանակին պատիժ կտա:
Մի անխուսափ արհավիրք է սպասում ամբողջ մեր քաղաքին.
Կամ շուտով մենք կմատնվենք ժանտ ստրկության,
Կամ էլ, երբ որ քնած լինենք, ներքին կռիվ, վեճ կծագի,
Կկորչի մեր ջահելությունը տենչալի…
Թշնամության պատճառով մեր հույժ սիրելի այս քաղաքը
Շուտ կավերվի բախումների մեջ անօրեն:
Ահա թե ինչ չարիք է մեր ազգին սպասում. աղքատներից
Շատ շատերը կհեռանան օտար հողեր,
Կվաճառվեն՝ անվայելուչ կապանքների մեջ կաշկանդված,
Բիրտ, ատելի ստրկությունը կհանդուրժեն:
Համազգային չարիքն այդպես յուրաքանչյուր տուն կմտնի,
Էլ չի ուզի ոչ ոք դրսի դուռ ունենալ,
Բայց աղետը կանցնի բարձր պատնեշները և կգտնի
Նույնիսկ նրան, ով կփախչի խորքը իր տան:
Պարտադրում է ինձ իմ հոգին՝ աթենացոց այս ուսուցել.
Անկարգությունը քաղաքին վիշտ է բերում,
Ճիշտ օրենքներն են հաստատում կարգ ու կանոն, վայելչություն
Եվ կապանքներ հագցնում հաճախ անարդարին,
Դժվարությունը հարթեցնում, գոռոզությանն ու լրբությանը վերջ տալիս,
Խաբեության փարթամ ծաղիկը չորացնում:
Ուղղում են թյուր կանոնները, լպիրշ բարքը սանձահարում,
Վերջ են տալիս գործունեությանը պառակտիչ
Ու մոլուցքին դաժան կռվի. դրանք են լոկ բերում մարդկանց
Ամեն տեսակ վայելչություն, խոհեմություն…
6
Չկա ոչ մի երանելի մահկանացու, այլ թշվառ են
Բոլոր մարդիկ, որոնց արևն է միշտ նայում…
7
Շատ վատ մարդիկ հարուստներ են, իսկ լավերը՝ կարիքավոր,
Բայց մենք երբեք ունեցվածքի հետ չենք փոխի
Վեհանձնությունը մեր, քանզի այն մշտապես հաստատուն է,
Մինչդեռ մարդկանց մեջ փողն անցնում է ձեռքից ձեռք…
8
(Միմներմոսին)
Եթե հիմա քեզ համոզեմ, դու քո այն խոսքը կջնջես.
Չես զայրանա, եթե քեզնից լավ խոսեմ ես
Եվ, փոխելով, Լիգիաստիա՛ն, դու հետևյալ ձևով կերգես.
«Թող մահը ինձ տանի ութսուն տարեկանում»:
Թարգմանությունը՝ Ա. Թոփչյանի
Տես նաև Սափո
Սոլոն | Քնարերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 19, 2016 Rating: