Խուլիո Կորտասար | Փոքրիկ դրախտ


Երջանկության եղանակները շատ տարբեր են և բնավ պետք չէ զարմանալ, որ  Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ դարձան այն օրից, երբ նրանց արյան մեջ հայտնվեցին ոսկե ձկները

Ճիշտն ասած, այդ ձկները ոչ թե ոսկուց են, այլ ոսկեգույն են, բայց բավական է տեսնել դրանց փայլն ու կայտառությունը և ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ոմն բնագետ որսաց առաջին ձկներին, և սկսեց բարենպաստ պայմաններում արագ բազմացնել դրանց: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը շատ փոքր է. պատկերացրեք ճանճի չափերի հավ: Ոսկե ձուկն այդ հավի մեծության է: Հետևաբար, երբ լրանում է երկրի բնակիչների 18 տարին, դյուրությամբ ներարկում են ձկներին նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման օպերացիան սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կմտնեն բժշկական այդ հատուկ կենտրոններից մեկը, որտեղ գալիս են իրենց ընտանիքների հետ և ձեռքի երակներին միացնում փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որի մեջ բաց են թողնում 20 ոսկե ձուկ: Երանելին ու նրա միասին նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկների խաղը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ շուքով նշելու իրեն հասած երանությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են գլխավորապես երևակայության, քան իրականության հետ ուղղակի շփման շնորհիվ: Ոսկե ձկները ներարկվելուց հետո անտեսանելի են, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք: Հատուկ հուզմունք է առաջացնում այն միտքը, թե 20 ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք ներխուժում գլխի մեջ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր խայտալու համար հարմար թեք ոլորաններ, լճակներ, սրընթաց հոսանքներ են: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ձկները ծանոթանում են, զույգեր կազմում, միավորում իրենց ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Ոմանք անգամ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքուստ համընկնում են նրանց ներսի ռիթմերին: Արդ, հնարավո՞ր է արդյոք ավելի ներդաշնակ երջանկություն: Պատկերը մթագնում է միայն այն հանգամանքը, թե երբեմն երբեմն ոսկե ձկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ - երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչառությունը, կա գլխապտույտ: Եթե այդպիսի բան են զգում, ապա իսկույն հանում են ներարկման սրվակը. որը նման դեպքերի համար պահում են տանը: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու արյան շրջանառությունը նորից կարգավորվում է: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը 3 սրվակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոսկե ձկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է 20 դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Երբ օտարերկրյա դիտորդները համարում են սա ծանր հարկ, երկրի բնակիչներն ընդվզում են, որովհետև ամեն սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը լիովին արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին մտածելիս (դա պատահում է հաճախ), իշխանությունը թույլ է տալիս նրանց ձեռք բերել սրվակներն ապառիկ՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ որևէ մեկը մնում է առանց սրվակների, ապա դիմում է գերհաջողակ սև շուկային, որը իշխանության համաձայնությամբ ծաղկում է` հասկանալով մարդկանց պահանջմունքն ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Վերջապես, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, եթե հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկներ, և ոսկե ձկներ կստանան բոլոր սերունդները, և նորից ու նորից կլինեն տոնակատարություններ, պարեր, երգեր:

Տես նաև Կորտասար Պատմվածքներ, Բորխես Պատմվածքներ և Սարոյան Պատմվածքներ

Խուլիո Կորտասար | Փոքրիկ դրախտ Խուլիո Կորտասար | Փոքրիկ դրախտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 07, 2016 Rating: 5
Технологии Blogger.