Պոլ Վալերի | Ոգու ճգնաժամ | Նամակ առաջին



Մենք քաղաքակրթություններս, հիմա գիտենք, որ մահկանացու ենք:
Մենք պատմություններ ենք լսել հիմնովին անհետացած աշխարհների մասին, ողջ իրենց մարդկանցով ու տեխնիկայով հանդերձ խորտակված, իրենց աստվածներով ու օրենքներով, ակադեմիաներով և զուտ ու կիրառական գիտություններով, իրենց քերականություններով ու բառարաններով, դասականներով, ռոմանտիկներով ու սիմվոլիստներով, իրենց քննադատներով ու քննադատների քննադատություններով դարերի անպեղելի խորքերն իջած տերությունների մասին: Մենք քաջ գիտեինք, որ բովանդակ տեսանելի աշխարհը ստեղծված է մոխրից, իսկ մոխիրը նշանակում է ինչ-որ բան: Պատմության թանձր քողի միջով մենք նշմարում ենք հարստությամբ ու ոգով ծանրաբեռ հսկայական նավերի ուրվականներ: Եվ անկարող էինք դրանք հաշվել: Սակայն այդ խորտակումներն ըստ էության, մեզ չէին վերաբերում:
Էլամը, Նինվեն, Բաբելոնը հրաշալի, անորոշ անուններ էին, և այդ աշխարհների լիակատար կործանումը մեզ համար ուներ նույնքան քիչ նշանակություն, որքան դրանց գոյությունը: Ֆրանսիան, Անգլիան Ռուսաստանը… ևս կարող են դառնալ գեղեցիկ անուններ: Լուզիտանիան՝ նույնպես: Այժմ տեսնում ենք, որ պատմության վիհը բավականաչափ մեծ ամենքին ընդգրկելու համար: Զգում ենք, որ քաղաքակրթությունը կյանքի նման դյուրաբեկ է: Քիթսի և Բոդլերի երկերը Մենանդրոսի գործերի ճակատագրին արժանացող հանգամանքները բնավ էլ անհավանական չեն. դրանք կարելի է գտնել ամեն լրագրում:

***
Եվ սա ամենը չէ: Այրող դասը է՛լ ավելի լիակատար է: Մեր սերնդին բավական չէր սեփական փորձով ճանաչել, թե դիպվածով ինչպես են կործանվում անսահման գեղեցիկ և ամենահին, խորապես սքանչելի ու լավագույնս կարգաբերված իրերը. նա ականատես եղավ մտքի, առողջ դատողության և զգացմունքի ոլորտում տեղի ունեցող արտասովոր երևույթների, պարադոքսների հանկարծական դրսևորումների, ակներևության դաժան հիասթափությունների:
Բերեմ մեկ օրինակ. գերման ժողովուրդների մեծ հատկությունները ծնել են ավելի շատ չարիք, քան երբևէ անբանությունն է ստեղծել արատ: Մենք տեսանք, և տեսանք սեփական աչքերով, սոսկալի նպատակների ծառայեցված բարեխիղճ աշխատանք, ամենահիմնավոր կրթություն, լրջագույն կարգապահություն ու ջանադրություն:
Բոլոր այս սարսափները հնարավոր չէին լինի առանց այդպիսի հատկությունների: Անտարակույս, մեծ հմտություն էր պետք չափազանց կարճ ժամանակահատվածում անթիվ անհամար մարդկանց սպանելու, վիթխարի հարստությունների ցրիվ տալու, բազում քաղաքներ կործանելու համար. բայց պետք էր նաև ունենալ ոչ պակաս բարոյական որակներ: Իմացություն և Պարտք, ուրեմն ձե՞զ պետք է կասկածի տակ առնենք:

***
Այսպես հոգևոր Պերսեպոլիսը պակաս ավերված չէ, քան իրական Սուսան: Ամեն ինչ չէ, որ մատնվել է կորստյան, բայց ամեն ինչ ապրել է կործանման զգացումը:
Եվրոպայի ողնաշարով մեկ անցավ արտասովոր սարսուռ: Իր մտածող բովանդակ կորիզով նա զգաց, որ այլևս չի ճանաչում ինքն իրեն, որ դադարել է ինքն իրեն նմանվելուց և ուր որ է կկորցնի գիտակցությունը, գիտակցություն, որ դարերի ընթացքում ձեռք էր բերել կրած տառապանքով, հազարավոր առաջնակարգ մարդկանցով, աշխարհագրական, էթնիկական, պատմական անհամար հնարավորություններով:
Այնժամ ասես ի հուսահատ պաշտպանություն իր ֆիզիոլոգիական լինելության և ունեցվածքի՝ նրա ողջ հիշողությունը սկսեց աղոտ կերպով վերականգնվել: Նրա երևելի մարդիկ ու նշանավոր գրքերը հառնեցին խառնիխուռն դեպի նա: Երբեք այդքան շատ, ոչ էլ այդքան կրքոտորեն չընթերցվեցին գրքեր, որքան պատերազմի ժամանակ. հարցրեք գրավաճառներին: Երբեք այդքան սրտագին, ոչ էլ այդքան ներհունորեն չաղոթեցին. հարցրեք քահանաներին: Ոգեկոչվեցին բոլոր փրկիչները, հիմնադիրները, հովանավորները, մարտիրոսները, հերոսները, հայրենիքի հայրերը, կորովասիրտ սրբուհիները, ազգային բանաստեղծները:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան

Տես նաև Պաուլ Ցելան Նամակ Ռընե Շարին, Ժակ Դերիդա Նամակ  Ժան Լուի Ուդմինին և Անտոնեն Արտո Նամակներ դաժանության մասին

Պոլ Վալերի | Ոգու ճգնաժամ | Նամակ առաջին Պոլ Վալերի | Ոգու ճգնաժամ | Նամակ առաջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 09, 2016 Rating: 5
Технологии Blogger.