Ռափայել Պատկանյան | Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը | համառոտ


Պոեմում կիրառված է դիմառնություն: Հեղինակը լուսնին հարցնում է, թե ինչու է վերջինիս դեմքն այլայլված: Լուսինը պատմում է, որ շատ ժամանակ առաջ շրջում է Հայաստան աշխարհով, որը գտնվում է անմխիթար վատ վիճակում: Նա լինում է Ավարայրի դաշտում, որտեղ հայկական զորքերի մեջ տեսնում է քաջ Վարդանին: Այնուհետև նկարագրվում է հայերի և պարսիկների միջև բախումը: Վարդանը դիմում է իր փոքրաթիվ զորքին.

Կորավ Հայաստանն, էլ ի՞նչ հույս մնար,
Մեր կյանքն ի՞նչ է, թե ոչ սուգ ու լաց.
Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք,
Թո՛ղ կորչին, երբ որ կորավ Հայրենիք:

Վարդանը պատկերացնում է Հայաստանի և հայության վիճակը, եթե չկռվեն պարսիկի դեմ: Նա կոչ է անում իր զինվորներին պայքարել: «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» քնարաէպիկական պոեմում Ռ. Պատկանյանը Վարդանի կերպարով, որը հերոսական մահը գերադասում է նվաստ կյանքից, փորձել է ոգեշնչել երիտասարդությանը: Վարդանի երգը հնչում է որպես մարտակոչ.

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դըրել,
Իր օրհասական սուրը մեր կըրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացեք, եղբարք հայեր, ի՞նչ անենք.–
Հիմի է՞լ լըռենք:

Այնուհետև նորից նկարագրվում է թշնամի զորքերի միջև բախում, որի ժամանակ էլ զինվորները իրենց տեսադաշտից կորցնում են Վարդանին: Հետո տեսնում են իրենց քաջ սպարապետին վիրավոր: Նա զինվորներին պատվիրում է չվախենալ պարսիկից և միշտ անհաշտ մնալ նրա հետ: Հանում է մահաբեր նետը և ավանդում հոգին: Զինվորները նրան հրաժեշտ են տալիս:
Ասվում է, որ Վարդանի նման ոչ ոք չսիրեց Հայաստանը, սակայն նրա հետնորդները մոռացան նրա պատգամը և ատելության փոխարեն պարսիկին սեր ու հարգանք ցույց տվեցին: Վասակների թիվը շատացավ, պարսիկն ունի հզոր երկիր, իշխում է շատ ազգերի, իսկ հայն ունի միայն անուն, որը հաճախ ամոթից չի էլ ընդունում:
Հեղինակն ասում է, որ ամեն անգամ լուսնի տխրամած դեմքին նայելիս հիշում է ազգի թշվառ վիճակը.

Պատմե՛ շատերուն Վարդանի մահը,
Կամ` ի՛նչպես կորավ հայ ազգի գահը,
Կամ ի՛նչ վեհ սիրով սիրում էր Վարդան

Մայրենի հողը աշխարհ Հայաստան:

Նյութը տրամադրեց Թամարա Գասպարյանը


Ռափայել Պատկանյան | Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը | համառոտ Ռափայել Պատկանյան | Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 20, 2016 Rating: 5
Технологии Blogger.