Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), հայ պատմագիր և եկեղեցական գործիչ է։ Ուսանել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, եղել է կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու աշակերտը։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ: 1636–37 թթ. եղել է Հովհաննավանքի առաջնորդը։ 1645–46 թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար:
1651–62 թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը: Իր Պատմության մասին Դավրիժեցին իր առաջաբանում գրում է այսպես. «Պատմություն է այն անցքերի, որոնք վերջին ժամանակներս Շահ-Աբաս կոչված թագավորի և նրա ազգի կողմից, որ պարսիկներ են կոչվում, թափվեցին մեր Հայոց աշխարհի վրա: Նաև Էջմիածնի Սուրբ աթոռի, նրա կաթողիկոսների անշքանալու և քրիստոնեական կրոնի աղավաղված կարգերի մասին է:»
Գիրքը բաղկացած է 57 համարակալված գլուխներից: Իր աշխարհքաղաքական ընդգրկմամբ այն շատ լայն է: Այստեղ պատմվում է օսմանցիների թագավորների, Հրեից ազգի, Աղվանից աշխարհի, ինչպես նաև Վրաց աշխարհի մասին (Ա-ԾԶ): Բացվում են վրացիների վերաբերմամբ Շահ-Աբասի ներգ քաղաքականության ծալքերը:
ԺԸ, ԺԹ, Ի, ԻԱ գլուխներում պատմվում է Էջմիածնի անկյալ վիճակի, Մելքիսեթ կաթողիկոսի արկածների, շահամոլության, կաշառակերության մասին, որի արդյունքում վանքն ընկնում է ծանր պարտքի տակ և հոգևորականությունը պառակտվում է: Հոյոց եկեղեցին կորցնում է նախքին փառքը: Սրանք զուգահեռ Դավրիժեցին պատմում է այն հոգևորականների մասին, որոնք կրթական գործունեություն են ծավալում և իրենց աշակերտներին ուսուցանում են նաև փիլիսոփայական գրքեր՝ Արիստոտել, Պլատոն, Պորփյուր և այլն: Այս առումով ուշագրավ են ԻԱ, ԻԳ, ԻԵ, ԻԶ, ԻԹ գլուխները:
ԻԵ գլխում է պատմվում է Անդրեաս երեցի նահատակության մասին: Նա կնդում է պատանի աշակերտներին, որ տգեղ երևան և շահի առևանգման ու պղծության զոհ չդառնան: Եվ շահը, այս բանն իմանալով, Անդրեասին սրախողխող անել է տալիս:
Շահ-Աբասի բռնագաղթից և հատկապես 1639 թ. Իրանա-թուրքական հաշտությունից հետո սկսվում է խաղաղ շինարարական, ստեղծագործական և մտավոր զարգացման աշխուժացում: Հիմնվում և վերականգնվում են վանքեր, որոնց կից բացվում են դպրոցներ: Հատկապես Դավրիժեցին շատ է պատմում Սյունիքի Մեծ անապատի և Բաղեշի դպրոցների մասին: Խաչատուր Կեչառեցին և Սիմեոն Ջուղայեցին դպրոցներ են բացում նաև Նոր Ջուղայում:
Դավրիժեցին նաև պատմում է լեհահայոց կյանքից, վերլուծում է Նիկոլ Թորոսովիչի գործունեությունը:
Դավրիժեցին ժամանակագիր պատմիչ է, այսինքն՝ նկարագրում է իր ապրած ժամանակի անցքերն ու եղելությունները: Նրա աղբյուրները եղել են հիմնականում ականատես մարդիկ: Նա ոգևորությամբ պատմում է, թե ինչպես Կիրակոս ու Սարգիս եպիսկոպոսները Սյունիքում նոր անապատ են հիմնում, որի դպրոցից դուրս են գալիս Պողոս Վարդապետ Մոկացին, Մովսես վարդապետ Սյունեցին, որ բացում է Լիմի անապատն ու դպրոցը, տեր Արիստակեսը, որ հիմնում է Տանձափարախի անապատը:
Հիշատակում է, թե ինչ գրքեր են գրվել ու թարգմանվել 17-րդ դարում, տալիս է Սիմեոն Ջուղայեցու և Ստեփանոս Լեհացու ստեղծագործական աշխատանքի պատկերը:
Առաքել Դավրիժեցու գիրքը կարևոր աղբյուր է Ջալալինների շարժման ու գործունեության և Վրաստանի 17-րդ դարի պատմության համար:
Տես նաև Արիստակես Լաստիվերտցի Հայոց պատմություն, Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան և Կիրակոս Գանձակեցի Հայոց պատմություն
Առաքել Դավրիժեցի | Պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 10, 2016 Rating: