Ալբերտ Կոստանյան | Առաջին հանրապետության դասերը



Երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայոց մշակույթը ապրում էր իր զարգացման բարձրակետը: Խոսքը նոր ժամանակի մասին է, որ առանձին մշակութաբանական դարաշրջան է և դեռ շարունակվում է: Դարաշրջանն անհամեմատ ավելի վաղ էր սկսվել, ազգային գիտակցությունն արդեն իսկ պատրաստ էր նոր պետականությանը սպասարկելու և նույնիսկ սահմանադրական վարժություններ էր անում օտար երկրների գաղթօջախներում, բայց արտաքին պայմանները շարունակ այլ կերպ էին տնօրինում իրերի ընթացքն ու ազգի բախտը:
Երբևէ մեր տերության սահմանեզրը տարածվելիս է եղել այնքան հեռու, և միջազգային հարաբերությունների պատմությանն ու միջազգային հարաբերությունների պատմությանն ու միջազգային իրավունքին հայտնի Արմենիան ընդգրկում էր այնպիսի տարածք, որ եթե այսօր մեր պահանջատիրության ընդգրկումը հասցնելու լինենք պատմական ու իրավական արդարության կշռին, ապա, ասենք միայն հարավային ուղղությամբ դեմհանդիման ենք կանգնելու ոչ միայն թուրքին ու պարսիկին, այլև՝ արաբներից ոմանց: Ավա՜ղ, մեր ախորժակն անհամեմատ չափավոր է. մենք, ըստ ամենայնի, կորուստների երկիր ենք, դեռ շատ վաղուց ու դարեդար կորցրել ենք ու կորուստներ ունեցել, մինչդեռ ուրիշները ձեռքբերումներ են ունեցել, հաճախ նաև՝ մեր հաշվին: Ինչևէ:
Հանրապետության հռչակման ժամանակաշրջանը մշակույթի ներդաշնակ զարգացման փուլին է համընկնում, և դրան համապատասխան է նոր պետության կառույցը՝ ազգային, ժողովրդավարական, անկախ, իսկ հեռանկարով՝ նաև միացյալ հանրապետություն: Շատ կարճատև եղավ նրա ժամանակը, որը սկսվեց վիթխարի փորձությամբ և ավարտվեց նույնպես փորձությամբ, բայց ողբերգական և հուսահատ: Առաջին փորձությունը, որ անշուշտ Սարդարապատն էր, փառքով պսակվեց, մենք պատվով նվաճեցինք ինքնութույն պետականություն ունենալու մեր իրավունքը: Որովհետև իրավունքը՝ իրավունք, բայց այն ևս պետք է նվաճել և, ինչու չէ, նաև պարտադրել: Սևրի դաշնագրի ստորագրումով նվաճված բարձրակետին հաջորդեց գահավեժ անկումը, և մյուս փորձությանը չդիմացանք և տեղի տվեցինք, կրկին դառնալով օտարի քմահաճույքի գերին ու սպասավորը:
Մեր գրականության ու մշակույթի դասական շրջանը, որը զուգադիպել է ազգային կյանքի անպետական, այսինքն՝ անտերունչ ժամանակին, իր ուսերին է կրել նաև այդ հանգամանքից բխող հավելյալ հոգսը և զգալիորեն նախապատրաստել է հանրային գիտակցության մի այնպիսի աստիճան, որ ի վիճակի լիներ ընկալելու հեղափոխական ու բախտորոշ պահի տրամադրությունն ու անելիքը: Իսկ գրականության ու մշակույթի դասական շրջանի ավարտն ու հանրապետության անկումը պարզապես համընկնում են: Որովհետև հետո սկիզբ առածը մի անկարելի ու ահավոր ջղաձգումների ու ծամածռությունների հանդես է, որից շեղումները, այսինքն՝ առողջ դրսևորումները, տեղի են ունեցել ի հեճուկս նոր ու օտար իշխանավորների, իսկ հատկանշականը բնորոշելի է հենց այդ՝ նոր և օտար բառերով, եթե ավելացնելու չլինենք բառեր, որ խուժում են առանց հրավերի՝ մեծամոլ, սուտ, կեղծավոր:
Առաջին հանրապետությունն ընկավ, բայց չպարտվեց: Մեր ճակատագրական առանձնահատկությունը դրսևորվեց մի անգամ ևս. գրի ու մշակույթի ապրող ոգին պարտությունը հաղթանակի վերածեց: «Հայաստանի հանրապետություն» վերնագրով հայտնի գրքերը տասնամյակներ շարունակ խորհրդանշում էին ազատության գոյատևող ամրապարիսպ կառույցը, ի չգոյե ստեղծում Տիեզերական Տերություն Հայոց՝ ստվերային, որքան և լուսեղեն մի հզոր զանգված, որ պանծալիորեն դիմակայում էր այսպես կոչված կոմունիզմի ուրվականին, մինչև որ իսպառ չքացրեց այդ՝ առանց այն էլ չքոտիք եղածը:
Այդ ուժը նկատելի է ինչպես դրսում՝ հայկական շրջանակներում և օտարների մեջ, որտեղ վտարանդիությունը ամուր հենարան ուներ ընդարձակածավալ Սփյուռքի մեջ, այնպես էլ ներսում՝ մեր ամենօրյա իրականության մեջ, որտեղ ապարդյուն հալածվում էր, արմատախիլ արվում և հողմացրիվ լինում:
Գրեղեն զենքից ու նրա փայլից սոսկում ու դողահար է լինում սնամեջ հակառակորդը, ամբողջատիրական փծուն Գողիաթը, շատացնելով փառքը մանուկ Դավթի:
Գիրքը գիրք է ծնում, գիրքը մշակութային ոգի է բովանդակում՝ վերածվելով ինքնաբավ մի գոյացության և հնարավոր դարձնելով աննախադեպ մի երևույթ, որ աշխարհը եվրոպական լեզուներով հենց այդպես էլ բնորոշեց. Տարածական մի տերություն, մթնոլորտի մեջ առկա մի պետություն, օդեղեն մի հաստատություն, որ ավելի է, քան չէ, որովհետև ապրում է՝ թեև աննյութական է, գործում է, և այն էլ՝ ամենուրեք:
Եվ այլ կերպ լինել չէր կարող: Դարասկզբի մտավորական այն սերունդը, որը նախ Հանրապետության հռչակմանը հասավ, ապա բիրտ ուժի հարկադրանքով զիջեց ասպարեզը եպերելի ու ճղճիմ ասպետներին, դիմեց մի միջոցի, որ միշտ չէ, որ գործում է, բայց երբ գործում է՝ ահարկու է լինում նրա արդյունքը:
Պետական կառույցը ինքնին մշակութային նվաճում է, մանավանդ, երբ ներդաշնակ է ապրող մշակույթին ու նրա ապրող շնչառությանը:
Լավ գրված գիրքը ավելին է, քան տանուլ տված ճակատամարտը և նույնքան արժե, որքան և շահած ճակատամարտը:
Ավարայր ընթացողները անպարտ են, որովհետև նրանց իրական պարտությունը պատահական մի դրվագ է, որ սրբագրելի է Եղիշե Վարդապետի ճշմարիտ գրչով: Եղիշե Վարդապետը, Ղևոնդ Երեցը և Քաջն Վարդանը սերնդակիցներ են, որոնք միևնույն մշակույթի կրողներ են, նույն երևույթի  ծնունդ ու սպասարկու, մեկի մահով կամ մյուսի խոշտանգումով չի փլուզվում երևույթը, որ ինքնաբավ է, տիրական ու կենդանի:
Ճիշտ այդպես մեր Առաջին Հանրապետությունը հասունացած, անխուսափելի ու կենսական էր, և նրա արհեստական վերջակետումով չվերացավ երևույթը, այլ տևեց, շարունակվեց, հարատևեց իբրև ճշմարիտ գիրք ու կայացված իրականություն: Ավելի ճշմարիտ ու ավելի կայացված, քան տասնամյակներին բռնացած ու տասնամյակները բռնաբարած ընդօրինակողների փաղանգը: Եվ եթե մշակույթը շարունակում էր գործել այդ ընդօրինակողների ժամանակ, ապա ի հեճուկս նրանց, որովհետև դա նրանցը չէր, նրանցը չէր գործում, քանի որ ի ծնե սուտ էր ու արհեստական, այլ հնի չընդհատվող, անընդհատելի, անընդհատական ոգին էր, մշակույթի ձևաբանական առանցքը, նրա Բանը, որ է Լոգոս:
Երկրորդ Հանրապետության մշակույթի Բանը, որ է Լոգոս, չապրեց, չծլարձակեց, որովհետև մեռածին էր, իսկ սփռած հետքը ընդամենը մակաբույծ տարր էր, պատմությամբ փորձված, մարսված ու դատապարտված ամլության, քանի որ շինծու էր ու մտացածին, անկյանք:
Երրորդ Հանրապետությունը, որ թևակոխել ենք անկախ, այսինքն՝ մեզանից անկախ, երկրորդի ծնունդն է, թեև հավակնում է առաջինի շառավիղը լինելու ու տարուբերվում է այդ երկուսի միջև իրենից անկախ, այսինքն՝ դարձյալ ոչ-անկախ: Բայց գոնե՝ բնականորեն, որովհետև այժմ խոսքը իրականության, երեկվա կարծրացած իրականության և նախանցյալ օրվա առասպելի, այսինքն՝ անցյալի առասպել դարձածի մասին է:
Բանը, որ է Լոգոս, երբ քայքայվում է, առասպելի է վերածվում: Առասպելը քայքայված Բանն է, որը իր ժամանակվա ապրող ու շնչող գոյացությունն էր և առասպելի վերածվելով դադարում է այդպիսին լինելուց, իսկ առասպելին նոր շունչ հաղորդելիս անգամ սա ընդամենը դառնում է կենդանի առասպել, կապող, կցող հոդ, հաջող կամ նվիրական ավանդ, պապերից մնացած ժառանգություն, որ հուշ է, հիշատակ, բայց ոչ ապրելու կառույց կամ գործելու ծրագիր:
Ստեղծենք, բայց ոչ թե ընդօրինակենք: Հների փառասիրությունն էր ընդօրինակելը իրենց նախնիներին, բայց դա այն ժամանակ էր, երբ մշակույթի կերպը նույնն էր մնում հարյուրամյակից հարյուրամյակ:
Հիմա այլ է ժամանակը, ու հարցն այն չէ, որ շատացել է օտարածինն ու օտարականը: Բնավ սարսափելի չէ օտարինը, եթե յուրացնելու ու մարսելու առողջ գործիք ունես: Ուրեմն, կարևորը այդ գործիքն ունենալն է՝ լինի դա պարզ մսաղաց, թե հոգու դրվածք, որ յուրովի է նայում աշխարհին, ստեղծում է մի բան, մի նոր բան, որ ապրեցնում է իրեն ու շարժման մեջ է դնում աշխարհը:

Տես նաև Նժդեհ Մտքեր 1 և Մտքեր 2 

Ալբերտ Կոստանյան | Առաջին հանրապետության դասերը Ալբերտ Կոստանյան | Առաջին հանրապետության դասերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 26, 2017 Rating: 5
Технологии Blogger.