Նաղաշ Հովնաթան | Տաղեր

***
Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։

Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։

Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,
Վախեմ՝ թէ թառամի, շատ մի կենար պաս,
Թէ ինձ նշանց չտաս՝ ընկնե՛ս պատուհաս
Ես մնացի կարօտ՝ ձեռք տալոյ համար։

Մէջքդ նազլու բարակ, աղէկ լաւ պադան,
Վախեմ՝ թէ գիրկ ածէ նաշի մարդ նադան,
Քեամար էլ էս կապել տունդ աւադան
Ես մնացի կարօտ՝ գրկելոյ համար։

Բերանդ՝ կարմիր գինի, լեզուդ՝ համեղ նուշ,
Դու մինակ կու խմես ու կ'անէս անուշ,
Նաղաշն թողել ես ծարաւ ու բէուշ.
Ես մնացի կարօտ՝ խմելոյ համար։

***
Նման էս դու կարմիր վարդի
Ատամներըդ՝ շար մարգարտի,
Սիրտն էրել էս շատ մարդի:
Բոլո՛ր սուրաթ,
Ինձ արիր մաթ,
Այ բէմուրվաթ։

Ալ ըռանգ թուղթ գիր կու ղրկէս,
Կասէս «Բարով որդիդ կարգէս,
Չլնի՝ ինձ մոռանաս, թարգէս»։
Քեզ ո՞նց թողնիմ,
Ո՞նց հեռանամ,
Ո՞նց մոռանամ։

Ղէղաջ աչքով մտիկ անէս,
Ծիծաղելով հոգոց հանէս,
Ունքերովդ ինձ կու սպանէս։
Ջիկարս արիր
Փարայ-փարայ,
Սիրտս է եարայ։

Այսօր ամէն բան դարդս բանամ,
Կացիր բարով, ես կու գնամ,
Վախեմ՝ մեռնիմ, կարօտ մնամ։
Քեզ ղուրպան եմ,
Խիստ տխուր եմ,
Ե՛կ՝ համբուրեմ։

Շամամներիդ համար դառն եմ,
Թող, որ ձեռս մէջն խառնեմ,
Ինձ ծախեմ՝ էդ բախչէդ առնեմ։
Զալում, թո՛ղ՝ ես
Եմիշ քաղեմ,
Մէկ ծիծաղեմ։

Է՞ր էս կարմիր երեսդ ծածկում,
Չարսաւդ վերադ հաւաքում,
Նաղաշին սիրտն ես տապակում։
Ես բէչարայ,
Կանչեմ հարա՜յ,
Ըռա՛հմ արայ։

Տաղ Գուրջստանի գոզալներին

Գովեմ սրտիւ ուրախական
Թիֆլիզ քաղաքն պատուական
Խիստ գեղեցիկ են սիրական՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն:
Ինքնագոյ ջերմեռանդ համամ,
Միջի խաթուններն թամամ,
Սիպտակ բուխախ, բոլոր շամամ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շեն Թիֆլիզի թաւադներն:
Կարմիր երես նման վարդի,
Ինչպես ծաղիկ ծաղկազարդի,
Ու խելք կու տանեն մարդի՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն:

Տես նաև Նահապետ Քուչակ Հայրեններ, Հովհաննես Երզնկացի Քառյակներ և Դավթակ Քերթող Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին

Նաղաշ Հովնաթան | Տաղեր Նաղաշ Հովնաթան | Տաղեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.