Սիրելի Մամիկոն,
Մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, և ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)- հույս ու ավետում!
Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, և ոչ մի նամակ չեմ ստացել որևէ մեկից, և ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս և գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին,- մի խոսքով – ինչի մասին որ կուզես,- և, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես – նամակներով, գրքերով, ինչով կուզես!!
Ամենից առաջ «Նորքը»: Ի՞նչ է անում: Լույս կտեսնի՞, թե ոչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը: Հետո – Պետթատրոնը: Ի՞նչ ծրագիրներ ունի: Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը». հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել: Ի՞նչ են անում այդտեղ գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին: Այստեղ է ընկ. Կարինյանը. նրա ասելով - ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա:
Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ – կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայանման մի բան չի պղտորում երևակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն - դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երևակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս – քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երևանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա - Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ – ու տեղը թողեց - բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երևանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եվ կբեղմնավորվի՞ արդյոք, և ինչո՞վ, և ե՞րբ - անհայտ է ինձ, պոետիս,- բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին - բերքը ավելի բարձր, ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, - կամ ընդհակառակը` ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով միևնույնն է. երեխան և ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում) - ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը,- մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու - եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ և իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին:
Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից - և իմ առաջ հիմա, դեռևս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը և ապագա կենցաղը (սովետական կարգեր + ամերիկանիզմ) - այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գան, եթե միայն նրան վիճակված է գտնել - իմ ստեղծագործական կարողությունը:
…
Չարենց Էսպես: Սրանով վերջացնենք: Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ և տեխնիցիզմ – որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում Леф-ը,- և այնքան հանճարեղ – Ուելսը:
Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն - գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց – կմնա այս մի հատիկ տրադիցիան էլ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու - և պատասխան չսպասել:
Հասցես, որ չասես թե չգիտեի. Москва, Армянск. пер., д. N 2, Д. К. С. А., Егише Чаренцу.
Բարևներ ինձանից ու Արփիկից:
Քո` Չարենց
Մոսկվա, 1924, 8, II
Տես նաև Պոլ Վալերի Ոգու ճգնաժամ. նամակ առաջին, Պաուլ Ցելան Նամակ Ռընե Շառին և Անտոնեն Արտո Նամակներ դաժանության մասին
Եղիշե Չարենցի նամակը Մամիկոն Գևորգյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 01, 2017 Rating: