Գոթֆրիդ Բեն | Բանաստեղծություններ


Եկե՛ք
Եկե՛ք, խոսենք շարունակ
ով խոսում է՝ չի մեռել,
կրակներն են բովանդակ
մեր կարիքը փեռեկել:

Եկե՛ք, ասենք մենք կապույտ,
ասենք կարմիր, ասենք սև,
մենք լսում ենք ու տեսնում,
ով խոսում է՝ չի մեռել:

Անապատում միայնակ՝
Քո Գոբիում մոխրագույն,
Մենակ ես դու, և չկա
ո՛չ կուրծք, ո՛չ կին, ո՛չ արցունք,
շրջանցում ես խոչուխութ
մակույկում քո կիսավեր
բացե՛ք շուրթերը ձեր ձույլ,
ով խոսում է՝ չի մեռել:

Մեղեդիներ
1
Ո՞ւր էր թե մենք նախնյաց զարմը լինեինք:
Մի կույտ լորձունք մառախլապատ գոլ ճահճում:
Կյանքն ու մահը, պտղավորում ու ծնունդ
կաթկթում են բնահյութից համրաշունչ:

Թումբն ավազի, թերթիկները ծովաստղի,
Քամուց հղկված ու ծանրացող՝ ներքևում:
Թևը ճայի կամ գլխիկը ճպուռի
Կտրականապես այդժամ ցավից՝ խուլ հեռվում:

2
Սիրահարներն անարգված, ծանակողները մերժված,
ողջը հույս ու կարոտ, բայց հուսացողը չկա:
մենք ցավագար աստվածներ՝ համաճարակն ընդունված,
բայց խորհում ենք շատ հաճախ Աստծո մասին մեն-միակ:

Տե՛ս աստղերը, որսորդին
Տե՛ս աստղերը, Որսորդին,
ծով ու երկինք ու լույսեր,
օ՜ հովվերգեր սնոտի,
որ դեպի մեզ են հոսել,
դու էլ՝ շրջանդ լրած՝
ոգեկոչող ձայներից,
սանդուղքներով – իջիր ցած –
գիշերային բանբերի:

Հեռացի՛ր, երբ սպառած
լինես խոսք ու առասպել,
աստվածների նոր բանակ
դու չես տեսնի այսուհետ,
ո՛չ իսկ գահը Եփրատի,
ո՛չ էլ գիրը քարի մեջ -
Միրմիդոնե, արդ հեղի՛ր
Թանձր գինին հողի մեջ:

Ինչ էլ ժամերը կոչվեն՝
կենաց ցավ կամ արտասուք,
ողջն հոսքի մեջ է ծաղկում
գիշերային այս գինու,
լուռ հոսում է Էոնեն,
հազիվ ափից հեռացած –
ե՛տ տուր թագը – բանբերին -,
աստվածներն ու անրջանք:

Մի բառ
Մի բառ, մի խոսք – վեր են հառնում գրքերից
ապրված կյանքն ու իմաստն անմեկնելի,
արևն անշարժ, երկնոլորտներին անմռունչ,
և ամեն ինչ սեղմվում է նրա շուրջ:

Մի բառ – մի փայլ, հոգու ճախրանք, հրոզմունք,
Աստղից փրցված լույսի ծվեն ու հուզմունք,
և վերստին՝ աշխարհն ու ինձ շուրջառող
դատարկություն՝ մութ ու խավար ահավոր:

Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյան

Տես նաև Գոթֆրիդ Բեն Քնարերգության խնդիրները, Պաուլ Ցելան Մահվան ֆուգա և Գեորգ Թրակլ Կասպար Հաուզերի երգը
Գոթֆրիդ Բեն | Բանաստեղծություններ Գոթֆրիդ Բեն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 26, 2017 Rating: 5
Технологии Blogger.