Տիեզերական գաղտնիք
Օ՜ հատակը ջրհորի գիտեր ամեն բան,
Այն, որ խորն էր ու անխոս նախկինում համակ,
Եվ բոլորը գիտեին այդ մասին հստակ:
Կախարդական խոսքերին արձագանքելով,
Չըմբռնելով ոչ մի բառ, բանից անտեղյակ՝
Հիմա անցնում են շարքով բերանից- բերան:
Օ՜ հատակը ջրհորի գիտեր ամեն բան,
Գիտեր նա՛, ով խոնարհված ջրհորի վրա
Ողջն հասկացավ, բայց հետո մոռացավ իսպառ:
Ու նա խոսեց խենթի պես, ծոր տվեց մի երգ,
Եվ մանկիկը խոնարհվեց օրերից մի օր
Մութ հայելու մեջ նրա և իսկույն ցնդեց:
Եվ նա աճեց՝ անգիտակ, այլև ինքնագոհ,
Ու դարձավ կին՝ սիրելի ուրիշի համար,
Եվ, ո՜վ հրաշք, իր կողմից փոխադարձելով:
Օ՜ որքան շատ բան գիտի սերն անխարդավան,
Զի անորոշ ու պղտոր զգացումով մեղկ՝
Արթնանում ենք նրա ջերմ համբույրներից մենք:
Պահված է նա խոսքերում մեր հանապազօր,
Այսպես աղքատն է նրան կոխկրտում, սակայն
Պատվելով այն՝ երկյուղած, մասունքի նման:
Օ՜ հատակը ջրհորի գիտեր ամեն բան,
Եվ այս մասին գիտեին բոլորը հնում,
Հիմա՝ փարած երազին, մեր շուրջն է դառնում:
Բալլադ արտաքին կյանքի
Մանուկներն են մեծանում՝ փոս ընկած խոր աչքերով,
Այս աշխպարհից անտեղյակ՝ աճում են ու մահանում,
Եվ մարդկությունը համայն նրանց ճամփով է գնում:
Եվ պտուղն է քաղցրահամամ սիզախոտից ընձյուղվում,
Գիշերով ցած են ընկնում թռչունները սպանված,
Եվ քանի օր մնալով՝ անհետանում են հանկարծ:
Եվ քամին է շառաչում ու կաղկանձում շարունակ,
Մենք նույն խոսքերն ենք կրկնում անիմաստ ու սնամեջ,
Եվ կրքով է համակված հոգնած մարմինը մեր հեգ:
Եվ կածանն է երկարում բավիղներում խոտածածկ,
Տեղանքը՝ լի կրակով, ծառե՜ր-ծառե՜ր ու ճահճուտ
Սպառնալից է չորսդին՝ մահու պես չոր ու հատու:
Ո՞վ է ողջն այս ստեղծել: Մեկզմեկու աննման:
Եվ արդ ինչո՞ւ են նրանք այդքան շատ ու բազմերանգ:
Ի՞նչն է ծիծաղը փոխում լաց ու անձկության:
Մեզ ի՞նչ օգուտ այս բոլոր խաղերից պարապ-սարապ,
Երբ արդեն մեծ ենք մենք հույժ, հավերժորեն միայնակ,
Եվ այս կյանքում թափառիկ չունենք դույզն-ինչ նպատակ:
Ի՞նչ փույթ, թե դուք այս կյանքում դեռ շատ բաներ կիմանաք,
Արդ նա՛ է լոկ իմաստուն, ով հեգում է «երեկո»,
Բա՛ռ, որի մեջ պարփակված խոր իմաստ կա թախծածոր,
Ինչպես մեղրը ծանրածոր փեթակի մեջ հարամփոփ:
Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյան
Տես նաև Ռայներ Մարիա Ռիլկե Բանաստեղծություններ, Պաուլ Ցելան Բանաստեղծություններ և Գեորգ Թրակլ Բանաստեղծություններ
Հուգո ֆոն Հոֆմանսթալ | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 17, 2017 Rating: