Հովհաննես Շիրազ | Բիբլիական | համառոտ



Բնույթով «Բիբլիականը» քնարական պոեմ է և ունի գործողությունների ներքին զարգացում: Աշխարհն արարող անհայտ ոգին, այսինքն՝ Աստված, ստեղծում է տիեզերքն ու համայն աշխարհը: Լույսի հրճվանքը նա տալիս է երնքին, կապույտ ծիծաղը ծավալում է ծոցերի վրա, ճերմակ ժպիտը սփռում ձյուներին, բայց իր մոտ է մնում վշտի ծովը: Մտածում է Աստված, թե ո՞ւմ տա վիշտը, ո՞վ ունի այնքան լայն ու մեծ սիրտ, որ վիշտն անխռով տանի: Աստված վիշտը տալիս է ծաղիկներին ու գազաններին, սակայն ծաղիկներն իսկույն թոշնում են, իսկ գազաններն իրենց անբառ կաղկանձն անեծքի պես նետում են լուսնին: Վշտին չեն դիմանում անգամ անսասան լեռները: Դաշտերն անապատի են փոխվում, ծովերը՝ փոթորկվում, երկինքն ամպ ու որոտով կարկուտ է տեղում, աստղերը վերածվում են ասուպների:

Ու նորից խորհում է Աստված, որ եթե այսպես ընթանա՝ ցավը կմնա իրեն: Այդ պահին նա տեսնում է դեռևս անհոգ մարդուն և նրան տալիս երկրային վիշտը: Մարդն անմիջապես զգում է, որ ամենամեծ վիշտը մահն է.

Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
Գերեզմանի դեմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց…

Վիշտը դառնում է մարդու մանուկ մտքի մեծ դայակը, անգամ՝ հույսի օթևան, և նա, իր տառապանքների հաղթահարմամբ իմաստնանալով, սկսում է ցավերը համեմատաբար հեշտ տանել.

Եվ տիեզերքում լոկ մարդը անկեղծ
Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն…

Այսպես է գրում բանաստեղծը և հանգում այն երզրակացության՝

Որ ոչ թե Աստված ստեղծեց մարդուն,
Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն…

Մարդն այսպես դառնում է ամենակարող, տեր ու տիրակալ: Վերջին պահին անհայտ ոգին, հայտնվելով, մարդուն է ժառանգում տիեզերքը մեծ, որպեսզի իր մտքի թափով նրա արքան դառնա ու հրաշքներ ծնի.

Եվ իմաստնացած կգնաս այդպես,
Դարերի անտես սանդուղքով կելնես
Դեպի կատարը կատարելության,
Որ միջօրեի արևի նման
Փառատես ստվերն ոգուդ չարության
Եվ աղավնանաս քո նմանի դեմ,-
Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես,
Որ նոր լինես մարդ ու ծաղկես որպես
Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝
Հասնելով ոգու ներդաշնակության:

Ոգու կատարյալ ներդաշնակության հասնելու ցանկությամբ «Բիբլիականը» հիշեցնում է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ընդհանուր ոգին: Նարեկացու քնարական հերոսն ինքն իրեն հաստատում է Աստծո առջև իր թերի, աղավաղված էության խոստովանությամբ և ձգտում է դեպի կատարյալը, որն անհասանելի է:
Նարեկացին անընդհատ խորհել է կատարելության ձգտման հավերժական գաղափարը: Շիրազի պոեմում մարդն առավել չափով վերափոխվում է ցավի ու վշտի արտաքին ազդակներով, որոնք, աստիճանաբար վերածվելով ներքին հոգեբանական գործոնի, նրան պարտադրում են մաքառումներով նվաճելու իր կարողության սահմանները: Շիրազի քնարական հերոսը ոգու ներդաշնակության հասնելու ուղին սկզբում որոնում է իրենից դուրս և ապա միայն գիտակցում, որ իրենից դուրս եղածը կա այնքանով, որքանով արտացոլված է իր գիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով նրա հայացքն աստիճանաբար ուղղվում է իր հոգու խորքը, որն իր մեջ ընդգրկում ու խտացնում է ամբողջ տիեզերքը:
Մարդուն վիճակված տառապանք և տառապանքի ուղի, մարդը որպես սերունդների օղակ և սերունդների երազանքի իրականացման հնարավորություն, մարդը որպես մահկանացու, և մարդը որպես Աստված՝ սրանք են պոեմի հիմնադրույթները: Այս գաղափարը, որ հայ գրականության մեջ Նարեկացուց առաջ արտահայտվել է նաև Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհանքի երգերում, հետագայում ողողել Թումանյանի ամբողջ պոեզիան, իսկ Չարենցի տողերում խտացել «Չկա՛ ուրիշ ուղի…»:

Տես նաև Շիրազ Առակներ

Հովհաննես Շիրազ | Բիբլիական | համառոտ Հովհաննես Շիրազ | Բիբլիական | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2017 Rating: 5
Технологии Blogger.