Հովհաննես Շիրազ | Առակներ


Համեստություն
Արծիվը թառել կիսավեր վանքին.
Մտքում՝ նայում էր իր անցած կյանքին.
Բայց հանկարծ վանքի մի որմի վրա,
Տեսավ քանդակված պատկերն ինքն իրա.
Ու շա՜տ զարմացավ արքան ալեհեր.
Ե՞րբ է քանդակված՝ չէր տեսել դարեր,
Ինչո՛ւ չէր տեսել քանդակն երբևէ՝
Շուրջը չէ՜ր նայում օրերում իր վեհ.
Երբ, որպես ճճի՝ մարդուն ցած թողած
Ճախրում էր ինքը՝ աստղերին հասած․․․
Գոռո՜զ էր, ի՞նչ է,-
Բայց նո՛ր հասկացավ
Թևաթափ ոգին՝ երբ փառքից ընկավ.
Որ գոռոզ աչքը շուրջը չի տեսնում.
Մինչ համեստության հայացքն աստղերից
Մինչև ծովերի հատակն է հասնում․․․


Ցածրում է, իրավ, բայց բարձր է նորից
Համեստ մրջունը հպարտ արծվից․․․

Վիշտը
I
Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը,
Տես դու ապերախտ աշխարհի բանը,
-Շատ է զառամել, էլ պետք չի գալու,
Գող ու գայլի հոտն էլ չի զգալու
Իր քթի տակ էլ,
Շան օրն է ընկել՝
Էլ տուն չի պահե ու մարդ անբանը
Նավակից ծովն հրեց իր շանը.
Թշնամու նման
Ծովն հրեց նրան՝
Իր հավատարմին, իր հին մտերմին։
Ապշեց մի վայրկյան դողահար շունը
Նա, որ տարիներ պահում էր տունը,
Հսկում էր քունը տիրոջ ապիկար։
Գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար,
Ձմռան գիշերն էլ հազար գայլով լի,
Բայց օր ծերության հանդիպեց գայլի։

II
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եվ ինքը մեռավ իր սրտի ցավից․․․

Իմաստուն շունը
Տերն ու շունը եղնիկ տեսան,
Եղնիկ տեսան,
Վրա հասան,
Բայց չքացավ եղնիկը հեզ․․․
- Հասիր, միսն ինձ, ոսկորը քեզ,-
Ձայնեց որսկանն իր բարակին։
Բարակն անհույս թռավ կրկին,
Շատ ահագնեց,
Բայց շուտ հոգնեց,
Համ էլ՝ նոթի,
Միշտ անոթի՝
Սև օր հաշվել՝
Շատ էր մաշվել,
Ու հևալով,
Շուտ ետ գալով՝
Կերավ քացին իր որսկանի.
- Չամաչեցի՞ր, փուչ կենդանի,
Եղնիկն ի՞նչ է, որ չհասար․․․
- Ո՞նց հասնեի, տեր իմ, ասա՛,
Ես վազեցի․․․ փորիդ համար,
Եղնիկն իր իսկ գլխի համար

Գրագողների առակը
Արևը հանգավ լեռների ետև,
Լուսինը ելավ, շունչ քաշեց թեթև,
Արևի հանած շապիկը հագավ՝
Նայեց աստղերին և այսպես ասավ՝
- Ես եմ արևը, իրավ եմ ասում,
Ձեզ խավարի դեմ կռվել չի սազում։
Ես եմ ժառանգորդն արևի մեռած։
Ուզեմ՝ բոլորիդ կմարեմ ձեռաց։
Ես որ չլինեմ՝ գիշերը մթին
Անդունդ կնետե անլույս ճամփորդին,
Գողի ու գայլի գիշերներ կգան։
Ես եմ աշխարհի արևն իսկական։
Բայց աստղերն ասին.
- Լուսագող լուսին,
Գիտենք՝ քո լույսը ումից գողացար,
Որ մեր գլխին էլ թագուհի դարձար։

Շատ մի պարծենա քո լույս երեսով՝
Ծաղիկ չի ծնվի գողացած լույսով։
Մեր լույսը փոքր է, իրավ է, սակայն,
Մեր սեփականն է, մերն է իսկական։
Հիմար աչքերի համար ես դու լույս,
Կմեռնես՝ հենց որ արևը գա դուրս․․․

Արծիվն ու աքլորը
Ինչո՞ւ չես թռչում, հարցրեց մի օր
Արծիվն աքլորին,
Թե՞ չես կարոտում հեռու, հեռավոր
Մեր սար ու ձորին,
Ինչո՞ւ չես ձգտում մի օր դեպի վեր,
Թե թևավոր ես, ինչո՞ւ չես թռչում։
- Իմ ինչի՞ն էին թռիչք ու թևեր,
Ոչ մի բարձունքի սիրտս չի տենչում.
Այսպես ինձ լավ է, չէ՞ որ ինձ այստեղ
Թե բույնն են տալիս և թե հաց ու ջուր։
- Այդ ասա,― ասաց արծիվը շքեղ,-
Այդ մի պուտ ջուրն է երկինքդ մաքուր,
Այդ հաց ու ջուրն է թևերդ պոկել
Ու սիրտդ կապել այս աղբանոցին,
Այդ է, որ կյանքում դու դեռ չես ջոկել,
Թե ինչ է արծիվն, ինչ են հավն ու ցին․․․

Ասաց իմ արծիվն ու երկինքը նետվեց,
Ու սավառնում էր ու խորհում էր խոր,
Թե բանաստեղծ չէ ամեն բանաստեղծ.
Ինչպես արծիվ չէ ամեն թևավոր։

Աղավնիներն ու անգղը
Եվ անգղն ասավ աղավնիներին.
- Երանի ասեմ ձեր փոքրիկ փորին,
Բավ է ցորենի մի երկու հատիկ,
Որ ձեղ ողջ օրը պահե երջանիկ.
Մինչ ես օրերով մնում եմ սոված,
Ես, որ անգղն եմ բոլորիդ գոված,
Դուք եք բախտավոր ու վայ իմ օրին,
Որ նախանձում եմ ձեր փոքրիկ փորին։
Բայց աղավնիներն ասացին նրան.
- Իրավ ես ասում, ով թրաբերան,
Բայց լավ իմանաս՝
Սոված կմնաս,
Քանի միս ուտես, մնաս գիշատիչ,
Քեզ նմաններին սովն էլ է դեռ քիչ։

Աղավնին ու ագռավը
Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
- Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
 Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,-
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
- Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,-
Ասաց աղավնին ու երկինք թռավ։

Աղվեսն ու ոզնին
I
Աղվեսն ասավ՝
- Հե՜յ վախ, ավա՜ղ,
էլ մարդ չկա աստվածավախ,
էլ մարդ մարդու չի հավատում,
Ասես գայլ են անապատում։

Ոզնին ասավ՝
- Ո՞նց թե չկա,
Հավատում եմ, աստված վկա։

- Բայց գիտե՞ս որ,-աղվեսն ասաց,-
Սանձվել է կռիվն անսանձ,-
Ամեն մի թուր պատյան դրվեց,
Վագրի հետ էլ դաշն գրվեց՝
Հարյուր տարվա խաղաղության,
Բաց թող դուռը դու էլ քո տան։
էլ փուշ նետերն ի՞նչ ես անում,
էլ ինչո՞ւ ես զինված մնում,
Ինչի՞դ են պետք, երբ քեզ վրա
Ծանր բեռ են զենք ու զրահ։
II
Եվ հավատաց
Ոզնին զինված,
Հանեց իր փուշ-զենքն ու զրահ՝
Դարձավ մի գունդ
Հեք մսագունդ,
Աղվեսն ընկավ ոզնու վրա
Եվ մի բերան արավ իսկույն․․․
Անփուշ, անզեն, հիմար ոզնուն․․․

Քանի չար կա երկրի վրա՝
Պիտի հագնես զենք ու զրահ։

Տես նաև Խնկո Ապեր Առակներ, Ավետիք Իսահակյան Առակներ և Հայրապետ Հայրապետյան Առակներ

Հովհաննես Շիրազ | Առակներ Հովհաննես Շիրազ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 11, 2016 Rating: 5
Технологии Blogger.