
Մթնշաղի անուրջներ է կոչվում թե՛ առաջին ժողովածուն, թե՛ նույնանուն շարքը: Մթնշաղը իրիկնաժամն է, իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող մութի պահը, երբ երազներով տարված հաճելի է զբոսնել: Անուրջը երազանքն է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը, երանելի, փափագելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը: Տերյանի քնարական հերոսը նոր կերպար է: Ի տարբերություն 19-րդ դարի հայ բանաստեղծների՝ Տերյանը քաղաքի երգիչ է: «Քաղաք» վերնագրով ունի երկու բանաստեղծություն, որոնցից մեկն ունի «Քաղաքի երգեր» շարքից հղում, ինչը նշանակում է, որ նա մտադիր էր գրել համանուն շարք: Անկախ դրանից՝ Տերյանի ողջ շարքը հագեցած է քաղաքային բնապատկերներով: Քաղաքի բնակիչն է նրա հերոսը, մտավորական անհատը, որն ապրում է քաղաքային կենցաղով: Քաղաքի երգիչներին ասում էին ուրբանիստ, նրանցից էր բելգիացի բանաստեղծ Էմիլ Վերհարնը: Առաջին հրատարակությունից հետո Տերյանը հետագայում կատարել է լեզվաորճական փոփոխություններ: Նախապես եղած 72-ից բանաստեղծությունների թիվը հասել է 77-ի: Շարքը բացվում է «Տխրություն» բանաստեղծությամբ.
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Տխրությունը՝ թախծի, մենության, օտարվածության, անհուսության ապրումներով, առկա է գրեթե ամբողջ շարքում: Տխրության ու թախծի ապրումները Տերյանը դարձնում է քնարական հերոսի գլխավոր հոգեբանական վիճակ: Այստեղից պիտի ծնվեին «Աշնան մեղեդի», «Շշուկ և շրշյուն» հայտնի բանաստեղծությունները:
Տերյանի հերոսուհուն մենք տեսնում ենք բնության գրկում: Նա անցնում է՝ «ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով», նրա անցնելը նմանեցվում է «թփերն օրորող» թեթև հովի, նա շշնջում է արձակ դաշտերի ամայության մեջ, սիրո խոսք է ասում նիրհող դաշտերին, նրա շշուկը փոխանցվում է ծաղիկներին, որոնք էլ այդ սուրբ շշուկով լցնում են բանաստեղծի սիրտը: Աղջիկն ինքը ևս բնության մաս է, որ ձուլվում է ծաղիկներին և վերապրում է բանաստեղծի էության մեջ:
Տխրությամբ սկսված անուրջները մեկը մյուսի ետևից ներկայացնում են այն հոգևիճակները, որոնք առաջացրել են այդ տխրությունը: Դա մե՛կ հեռացած սերն է, մե՛կ՝ մահվան շունչը, որ հայտնվում է աշնան բազմապիսի պատկերներով, մե՛կ՝ լքված սրտի անծայր կարոտը… Մարդու էությունը տարրալուծված է հավերժության մեջ, և բանաստեղծությունը ինքնագտնումի և ինքնամբողջացման հնարավորություն է: Այդպիսին է «Սարի հետևում շողերը մեռան…» գործը.
Սարի հետրում շողերը մեռան,
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
- Սիրտս կարոտով կանչում է քեզ ե՛կ:
Տխրության հոգեբանական պատկերները խորանում են աշնանային պատկերներով՝ «Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ»: Աղբյուրի կարկաչը նմանվում է արծաթ խոսքի, որովհետև արծաթը ոչ միայն ջրի գույնն է, այլև ոսկուն հակադիր սառը գույն:
Դաշտերում փակվում են ծաղիկները, որովհետև մութի մեջ այլևս չեն երևում նրանց գույները, և բացվում են երկնային ծաղիկները, այսինքն՝ աստղերը: Կարոտը դառնում է տագնապ, որովհետև նա, ում կանչում էր՝ չկա: Ավարտվող օրվա մեջ այլևս սպասելու անհուսությունից բանաստեղծը խոսք է ուղղում իրեն. «Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում…»: Այս ընթացքում ժամանակ է անցնում, գիշերը դառնում է առավոտ, որովհետև վերևում աստղեր են մարում: Եվ պարզ է դառնում, որ այդ հոգեվիճակի մեջ նա եղել է թե՛ երեկ, թե՛ նախորդ օրը, ինչը ահա, կրկնվում է այսօր, կկրկնվի նաև վաղը: «Fatum» բանաստեղծության մեջ սիրատենչ հոգիները նմանվում են երնքում շողացող աստղերի, որոնք, ավա՜ղ, հեռու են իրարից.
Ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծությունները էլեգիաներ են և ունեն խորապես անձնական բովանդակություն: Աշնանային թախծոտ երաժշտությունը շարունակվում է «Աշնան մեղեդի» բանաստեղծության մեջ, դառնում է սառը, պաղ ստվերների շարք, հոգին պարուրող անուրախ անհանգստություն, ինչը վերստին ցավեցնում է նրա հիվանդ հոգին, և բանաստեղծն ասում է. «Իմ հոգու համար չկա արշալույս…»:
Տերյանի սիրերգությունը թեև մերժված հոգու երգ է, բայց դրանից նա չի չարանում, ընդհակառակը՝ ասում է, որ աղջիկն աղոթքի պես է ապրում իր հոգում: Ամեն ինչ սիրո նուրբ խաղի մեջ է: «Անջատման երգը» սկսվում է այսպիսի տողերով.
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի:
Իսկ «Հրաշք-աղջիկը» այդ անջատման ցավի հուսահատությունից վիհի եզերքին հասած քնարական հերոսի երկրպագություն է: «Մթնշաղի անուրջները» ամբողջական շարք է, ունի ներքին հոգեբանական սյուժե, ունի հերոսներ՝ անհույս սիրահարը և աստվածային գեղեցկուհին: Շարքի կենտրոնում սիրահարն է իր խոր ու դրամատիկ ապրումներով, գորշ կյանքին հակադրվող սիրո օրհներգով:
Տես նաև Հոգևոր Հայաստան
Վահան Տերյան | Մթնշաղի անուրջներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 15, 2017 Rating:
