Ֆրիդրիխ Շիլլեր | Ձեռնոց


Սպասելով նոր մարտախաղի,
Գազանների դեմ իր կատաղի
Ֆրանց արքան է բազմած:
Գահի շուրջը ողջ դասն է պայազատ,
Շար ի շար տիկնայք շքեղազարդ՝
Չքնաղ պսակ կազմած:

Ազդանշան է տալիս արքան:
Վանդակն է բացվում հսկայական,
Եվ ասպարեզ է ելնում հանդարտ
Առյուծն հպարտ:
Նայում է լռին
Նա բոլորին,
Երկար հորանջում,
Բաշը ցնցում,
Հետո ձանձրացած
Փռվում է ցած:
Ազդանշան է տալիս արքան:
Բացվում է երկրորդ դարպասը լայն,
Ոստյունով դուրս է նետվում արագ
Վագրը վայրագ:
Առյուծին տեսնում է մեկնված,
Բարձր մռնչում փշաքաղված
Եվ պոչը դարձրած օղակ ահեղ՝
Կողերին խփում է խելահեղ,
Դուրս գցում լեզուն իր ահագին,
Հետո երկյուղով ու զայրագին
Առյուծի չորս կողմն է պտտվում,
Խուլ մռլտոցով մի կողմ քաշվում,
Գամվում գետնին:

Նշան է տալիս արքան կրկին,
Վանդակից դուրս են ժայթքում ահա
Երկու ընձառյուծ խոլ, աժդահա
Եվ կռվի խիզախ կրքով վառված՝
Նետվում են վագրի վրա փռված:
Վագրը զարկում է թաթով հուժկու,
Բայց մռնչյունով մի ահարկու
Իր տեղից առյուծն է բարձրանում:
Եվ իսկույն բոլորն են քարանում:
Հոշոտելու խենթ հրայրքով լի
Չար կատուները սարսափելի
Քաշվում են անձայն,
Մտնում դարան:

Հանկարծ ինչ-որ ձեռք՝ սիրուն, անբիծ,
Ձեռնոց է գցում պատշգամբից:
Ընկնում է ձեռնոցն այդ կանացի
Արանքը վագրի ու առյուծի:
Ասպետ Դելորժին, իբրև հեգնանք,
Օրիորդ Կունիգունդն է ասում մեղմ.
«Եթե ձեր սերը այնքան է ջերմ,
Ինչպես երդվում եք ինձ շարունակ,
Ապա ձեռնոցս բերեք խնդրեմ»:
Ասպետը հապճեպ ու ցասմամբ լի՝
Վանդակն է իջնում զարհուրելի
Քայլքով հաստատ
Եվ գազանների միջից անսաստ
Բարձրացնում է անահ
Ձեռնոցն ահա: 

Զարմանք, սարսուռ է պատում անանց
Պայազատներին, ազնիվ կանանց:
Չորս կողմից տեղում են գովեստներ,
Բայց ասպետն անցնում է անտարբեր:
Օրիորդը ձեռքն է առաջ մեկնում
Ու երջանկություն է խոստանում
Քնքշածոր ժպտով իր ասպետին:
Բայց սա ձեռնոցն է նետում գետին.
«Հատուցում, օրիորդ, չեմ ցանկանում»:
Եվ դուրս է գալիս ու հեռանում:

Տես նաև Բալլադներ

Ֆրիդրիխ Շիլլեր | Ձեռնոց Ֆրիդրիխ Շիլլեր | Ձեռնոց Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 21, 2017 Rating: 5
Технологии Blogger.