Ֆրիդրիխ Շիլլեր | Հերո և Լեանդր


Տեսնո՞ւմ եք դուք այն հնագեղ
Դղյակները կանգնած շքեղ
Ոսկեծածան շողերում,
Ուր ալիքներն են ահռելի
Ժայռ-դարբասով Դարդանելի
Ետ ու առաջ միշտ սուրում:
Փշրվում է ծովն ափերին
Մոլեգնությամբ անհատնում,
Զատում Ասիան Եվրոպայից,
Բայց սերը չի~ բաժանում:

Սիրտն Հերոյի ու Լեանդրի
Խորն էր խոցել նետն Ամուրի
Իր զորությամբ սրբազան:
Նոր Հեբա էր Հերոն չքնաղ,
Իսկ Լեանդրը՝ որսորդ խիզախ,
Սար-ձոր ընկած խնդաձայն:
Բայց թշնամանքն էր հայրերի,
Ավա~ղ, զատում այդ զույգին,
Եվ պտուղն էր սիրո անուշ
Կախված վիհի եզերքին:

Սեստի ժայռե աշտարակից,
Որ ցնցվում էր միշտ հորձանքից
Հելլեսպոնտի փրփրադեզ,
Մատաղ կույսն էր մենակ, տրտում
Աբիդոսյան ափը դիտում,
Ուր տղան էր սիրակեզ:
Ա~խ, զույգ ափերն իրար կապող
Ո´չ մի կամուրջ փրկության,
Ու ո´չ մի նավ չէր երևում…
Բայց գտավ սերն իր ճամփան:

Լաբիրինթից սերը մարդուն
Մեն-մի թելով բերում է տուն,
Իմաստնացնում անբանին,
Գազանին է սերը սանձում
Եվ ամեհի ցուլին լծում
Ադամանդե գութանին:
Չի խափանի սիրո ճամփան
Անգամ հորձանքն Ստիքսի,
Դուրս կհանի սերը մարդուն
Մութ զնդանից Հադեսի:

Սերն էր հրով ջերմ կարոտի
Անգամ գրկում հորձանուտի
Բոցավառում Լեանդրին:
Երբ խամրում էր օրը դժգույն,
Քաջ լողորդն էր նետվում իսկույն
Պոնտոսի մեջ խավարչտին:
Ջուրը ճեղքում բազուկներով
Ու դեպի ափն էր լողում,
Ուր ամրոցի պատշգամբում
Պայծառ ջահն էր շողշողում:

Իր դժվարին ճամփան անցած
Սիրահարը երջանկացած
Սիրած կույսին էր փարում,
Շնորհներով աստվածային
Սերն սփոփում էր տղային
Գիշերային խավարում,
Մինչ արթնացներ այգը նրան
Երազներից բախտավոր,
Նետեր ծովի մահիճը պաղ
Սիրո գրկից ամեն օր:

Վայելքի մեջ խորհրդավոր
Արագ անցավ երեսուն օր,
Թռավ ինչպես մի գիշեր,
Քա~ղցր գիշեր հարսանեկան,
Որի թովքին հավերժական
Կնախանձեն աստվածներ:
Չի ճաշակել երջանկություն
Նա, ով պտուղն երկնային
Չի պոկում սև տարտարոսի
Հորձանուտի մութ ափին:

Գիշերաստղը Արուսյակին
Հաջորդում է կրկին, կրկին,
Բայց բախտավոր զույգը մեր
Չի էլ տեսնում, որ դալկացած
Տերևները թափվում են ցած,
Մոտենում է ցուրտ ձմեռ:
Կարճ է, կարճ է ցերեկն արդեն,
Զույգն է հրճվում սիրահար,
Գոհ է Զևսից, որ գիշերվա
Իրենց վայելքն է երկար:
Կշեռքն օրն ու գիշերն երկնում
Հավասար է արդեն դարձնում,
Եվ աղջիկն է գեղանի
Իր ամրոցից նայում երկար,
Թե ինչպես են սլանում վար
Նժույգները արփենի:
Ծովը մաքուր հայելու պես
Անդորր փռված է ահա,
Չի սարսռում հովի շնչից
Ջրաշխարհը բյուրեղյա:

Դելֆիններն են վտառ-վտառ
Չորս կողմ խաղում, խայտում կայտառ
Տարերքի մեջ փիրուզի,
Խորքից դեպի ափը տամուկ
Դուրս են գալիս խայտաճամուկ
Երամները Թետիսի:
Լոկ նրանք են գաղտնի սիրո
Վկաները մշտական,
Բայց առհավետ փակ է պահում
Նրանց լեզուն Հեկատան:

Տարված թովքով ծովի մաքուր,
Հերոն ձայնով իր քնքշալուր
Տարերքի հետ է խոսում.
«Չքնա´ղ աստված, դու՝ դավադի՞ր:
Ո´չ, կեղծիքով չար ու պատիր
Քեզ անարգել են ուզում:
Մարդկային ցեղն է միայն կեղծ,
Ահավոր է սիրտն իմ հոր,
 Բարի ես դու. հուզում է քեզ
Սիրո տանջող ցավը խոր:

Ժայռերի մեջ այս ամայի
Մենակ, տրտում կմնայի,
Կթոշնեի ես անհույս,
Բայց մեքջը քո արած նեցուկ՝
Դու անկամուրջ ու անմակույկ
Գիրկս ես բերում սիրելույս:
Ունես վիհեր զարհուրելի,
Ահեղ հորձանք ունես դու,
Բայց քո գութն է սերը շարժում,
Խիզախությունը մարդու:

Չէ՞ որ քեզ էլ՝ աստծուն ալյաց
Նետահարեց էրոսն հանկարծ,
Երբ վիհերով փրփրավետ
Խոյն էր լողում այս ոսկեգեղմ
Ու Հելլային չքնաղագեղ
Հեռուն տանում եղբոր հետ:
Կախարդվեցիր կույսի տեսքով,
Մութ անդունդից դուրս թռար
Եվ խլելով խոյի մեջքից՝
Նրան առար ու տարար:

Աստվածուհի դարձած անմահ՝
Ջրանձավում մինչև հիմա
Աստծո հետ է նա ապրում,
Գթությամբ լի սրտով բարի
Քո մոլուցքն է սանձում վայրի,
Նավորդին ափ է բերում:
Չքնա´ղ Հելլա, հե´զ դիցուհի,
Լսիր աղերսն իմ վշտոտ.
Այսօր էլ բեր իմ սիրածին
Ճանապարհով իր ծանոթ»:

Հորձանուտին իջավ խավար:
Ջահը նորից շողում է վառ
Պատշգամբում ամրոցի,
Որ ջրեղեն անապատում
Տղան լողա հույսը սրտում
Դեպի ափն իր սիրածի:
Բայց խոժոռվեց տարերքն ահա.
Ծովն է փրփրած մոլեգնում,
Լույսն է մարում աստղանց հույլի,
Եվ ամպրոպն է մոտենում:

Գիշերն իջավ Պոնտոսն ի վայր:
Սև ամպերի գրկից անծայր
Գահավիժում է հեղեղ:
Կայծակներեն են փայլատակում,
Փոթորիկներ են դուրս ժայթքում
Դամբաններից ժայռեղեն:
Երախներ են բացվում հսկա,
Իրար մեջ են մխրճվում,
Դժոխային անդունդի պես
Ծովի հատակն է բացվում:

«Վա~յ ինձ, վա~յ ինձ,- Հերոն ողբաց,-
Գթա´, ո´վ Զևս, հզո´ր աստված,
Ա~խ, ի~նչ փորձանք բերի ես.
Աստվածները եթե լսեն,
Կկործանվի տղան արդեն
Խարդախ ծովում փրփրադեզ:
Ա~խ, ծովասուն թռչուններն են
Սարսափահար խուճապում,
Հողմեր տեսած նավերն անգամ
Թաքնվել են շտապում:

Ա~խ, ես գիտեմ, կտրիճն այսօր
Ոգի առած աստծուց հզոր՝
Ծովն է մտել դավադիր.
Բաժանվելիս նա սրբազան
Երդում տվեց, որ մեզ միայն
Մահն իրարից կզատի:
Ա~խ, փոթորկի մոլուցքի դեմ
Մաքառում է այս պահին,
Եվ գազազած ալիքներն են
Անդունդ քաշում տղային:

Խարդա~խ Պոնտոս, անդորրը քո
Պատրանք էր լոկ, նենգության քող.
Նման էիր հայելու,
Սակայն այնքան լուռ մնացիր,
Մինչ լողորդին դուրս բերեցիր
Խաբեությամբ զոհելու:
Փակել ես դու դարձի ուղին
Դաժանությամբ ահավոր,
Հանել ես դու լողորդի դեմ
Արհավիրքներդ բոլոր»:

Ծովն ավելի է զայրանում,
Ծառս է լինում ու լեռնանում,
Ալիքներով շառաչող
Ժայռերին է բախվում, փրփրում.
Կկործանվեր այն ջրերում
Անգամ նավը կաղնեկող:
Հանգցնում է ջահն ուղեցույց
Քամին վայրագ չարությամբ:
Ահավոր է մնալ ծովում,
Ահավոր է դուրս գալ ափ:

Աղերսում է Հերոն արդեն,
Որ շուտ սանձի Աֆրոդիտեն
Ալիքները գազազած,
Ուխտ է անում ձայնով տխուր,
Որ կզոհի ցուլ ոսկեղջյուր,
Եթե լռի հողմն անսանձ:
Աստվածներին երկնի, երկրի
Աղերսում է՝ սրտում հույս,
Որ մեղմացնող յուղ անձրևեն
Ծովի վրա ալեհույզ:

«Աղերսում եմ, անսա´ դու ինձ,
Ե´լ քո կանաչ օթևանից,
Լևկոթե´ա, ե´կ դարձյալ,
Դու, որ ճանկից մրրիկների
Շատ ես փրկել ձեռքով բարի
Նավորդներին աղետյալ:
Նետի´ր քողը քո սրբազան
Եվ դամբարան-վիհերից
Դուրս բեր անփորձ ու անվնաս
Խեղդվողներին դու նորից»:

Անցան վայրի մրրիկները,
Եվ Էոսի նժույգները
Երկինք թռան հողմասույր:
Հնադարյան ծփուն մահճում
Ծովն է արդեն խաղաղ մնչում,
Մեղմ ժպտում են հող ու ջուր:
Ժայռերին են ահա փարվում
Ալիքները քնքշությամբ
Եվ խաղալով ու խայտալով
Մի դիակ են հանում ափ:

Նա~ էր. անգամ գրկում մահվան
Չդրժեց ուխտն իր սրբազան:
Նայեց Հերոն դիակին,
Չբարձրացրեց նա ողբ ու սուգ,
Չցողեց ոչ մի արտասուք,
Նայեց սառն ու վշտագին:
Նա հայացքն իր անմխիթար
Հառեց ջրի հորձանքին,
Եվ մի ազնիվ հուր բորբոքվեց
Կույսի դալուկ, հեզ դեմքին:

«Գիտեմ արդեն, երկնի´ ուժեր.
Ով զանց առնի սուրբ կամքը ձեր,
Կպատժեք դուք անխնա:
Ես վաղաժամ շիրիմ կիջնեմ,
Սակայն բախտից ես դժգոհ չեմ.
Ինձ սեր, վայելք տվեց նա:
Ուխտ եմ արել՝ տաճարը քո
Մտնել իբրև քրմուհի,
Քեզ համար եմ սիրով զոհվում,
Վենե´րա, մե´ծ թագուհի»:

Եվ զգեստը ծածանելով,
Աշտարակից նետվում է ծով
Ահա աղջիկն անվարան:
Սուրբ դիերը իր գիրկն առնում,
Աստված ի´նքն է, ի´նքն է դառնում
Նրանց համար դամբարան:
Իր ավարից գոհ է աստված,
Հեռանում է, որ նորից
Հեղի շիթերն իր անսպառ
Հավերժական սափորից:


Ֆրիդրիխ Շիլլեր | Հերո և Լեանդր Ֆրիդրիխ Շիլլեր | Հերո և Լեանդր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.