Պարույր Սևակ | Բարեխոս եղիր իմ և իմ միջև


Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում։

Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ։
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Եվ ասեմ՝ ինչո՛վ.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։

Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող։

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղց, և՛ պապակ-փափագ։

Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես...

Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան։
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցըրո՛ւ այդ ձուն։

Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քունջութը՝ կաթնահունց հացին։
Ճանճը քունջո՛ւթ չէ.
Հացըս չի՜ ուտվում։

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև,
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով։
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձըրու։

Ասում են, իբըր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր։
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցըրու...

26.XI.1963թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բարեխոս եղիր իմ և իմ միջև Պարույր Սևակ | Բարեխոս եղիր իմ և իմ միջև Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 30, 2017 Rating: 5
Технологии Blogger.