
Զարթոնքի շրջանի առաջին խոշոր պատմագիրը, ավելի ստույգ՝ ժամանակագիրը, Գրիգոր Դարանաղցին է (Կամախեցի, Բուք, 1576-1643): Նախնական կրթությունն ու դաստիարակությունն ստացել է Սեպուհ լեռան վանքերից մեկում, Պարոն Ճգնավորի մոտ: 1590-1597 թվականներին քահանայություն է արել Սեպուհի Ս. Լուսավորչի վանքում: Այնուհետև աշակերտել է «քաջ հռետոր» Սրապիոն Բաբերդցուն, որից և 1603-ին ստացել է «գաւազան վարդապետական իշխանութեան»: Եղել է հմուտ գրիչ ու գրահավաք, պատրաստել է բազում «գրոց աշակերտներ»: Հանգամանքների բերումով վարել է աստանդական կյանք. եղել է Արևելյան Հայաստանում, Ղրիմում, Երուսաղեմում, Պոլսում և այլուր: Ծավալել է եկեղեցական-հասարակական լայն գործունեություն: Երկար ժամանակ եղել է Ռոդոստոյի հայոց հոգևոր առաջնորդ:
1634-1640 թվականներին Գրիգոր Դարանաղցին գրել է մի ծավալուն պատմական երկ, որը հայտնի է «ժամանակագրութիւն» խորագրով: Սա բավական արժեքավոր հուշարձան է XVII դարի առաջին կեսի հայոց պատմության համար: Հատկապես կարևոր տեղեկություններ է հաղորդում Արևմտյան Հայաստանի, Օսմանյան կայսրության ներքին կյանքի, ջալալիների շարժման և հայության վիճակի մասին:
Դարանաղցու երկը բաղկացած է երկու մասից. առաջինը, որ բուն ժամանակագրությունն է, ընդգրկում է 1018-1634 թվականները, իսկ երկրորդը ներկայացնում է հայոց կաթողիկոսների, այլև հին ու նոր երևելի վարդապետների գործունեությունը: Նա միջնադարի մեր որոշ պատմիչների նման (Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Օրբելյան և ուրիշներ) հաղորդել է բավական ինքնակենսագրական նյութ, որից նրա երկը որոշ չափով ձեռք է բերել հուշագրական բնույթ:
Սակայն իր բուն ժանրային դիմագծով Դարանաղցու երկը (հատկապես առաջին մասը) ժամանակագրություն է: Պատմական այս երկը համակարգված չէ նյութի տրամաբանական ու ժամանակագրական զարգացմամբ և չունի կառուցիկ ամբողջականություն: Սա նկատել են թե´ Լեոն, թե´ Մ. Աբեղյանը: Բայց պետք է նկատել, որ Գրիգոր Դարանաղցին երբեմն փորձել է նաև բացահայտել պատմական իրողությունների (օրինակ՝ ջալալիների շարժման) հասարակական պատճառներն ու հետևանքները:
Դարանաղցին գրել է պարզեցված, աշխարհաբարին մոտեցող գրաբարով՝ առանձնապես չդիմելով արտահայտչական ու պատկերավորման միջոցների, որոնցով, ինչպես երևում է, շատ էլ հարուստ չի եղել: Այսուհանդերձ, նրա երկը կարդացվում է բավական հետաքրքրությամբ, քանի որ հեղինակը պարզ ու անհավակնոտ ոճով խոսում է անկեղծորեն, երբեմն հետաքրքիր մանրամասներով, մի տեսակ զրուցատիպ պատումով:
Հայոց ավերված տաճարներն ու սրբությունները զգայուն ժամանակագրի մեջ արթնացրել են հայ պատմագրության ավանդած և ժողովրդի հիշողության մեջ ամբարված հեռավոր հուշեր, որոնք վերակենդանացնում է նա՝ նկարագրելով հատկապես իր գավառը, որը եղել է «Լուսաւորչի հանգստարանի տեղիք» և «Արշակունի թագաւորաց շիրիմաց պահարան»: Նա երանությամբ ու ոգևորությամբ է վերհիշում անցյալը, երբ Հայաստանն ուներ հզոր պետականություն և քրիստոնեական լույսի ու իմաստության կենտրոն էր:
Հայրենասեր պատմագիրը միշտ տագնապած է եղել «տառապեալ վշտատես» Հայոց ազգի համար և հալածական հայերի մեջ է եղել նաև ինքը: Երբեմն նա պատկերել է իր վիճակը որպես կոնկրետ, հավաստի օրինակ:
Դարանաղցին բազմիցս տրտմությամբ ու դառնությամբ նկարագրել է հատկապես իր հալածանքները, որ կրել է Պոլսի պատրիարք Գրիգոր Կեսարացուց:
Ինչպես Մարտիրոս Ղրիմեցին իր տաղերում, Դարանաղցին էլ իր Ժամանակագրության մեջ ձաղկել է տգետ ու խարդախ հոգևորականներին, այլև եկեղեցու սրբություններն առուծախի առարկա դարձրած կաթոլիկներին՝ չխնայելով նաև հայոց հոգևոր առաջնորդներին:
Դարանաղցին բազում դրվագներ է պատմում ժամանակի խաբեբա կրոնավորների մեքենայություններից ու շահատակություններից՝ ստեղծելով առանձին զրույցներ ու մանրապատումներ:
Դարանաղցին արատավոր հոգևորականությանը հակադրում է սրբակենցաղ և ուսումնասեր մարդկանց: Հատկապես Ժամանակագրության երկրորդ մասում հեղինակը դրվատել է ժողովրդի լուսավորության և ինքնության գաղափարներով համակված բազմաթիվ հայ մտավորականների՝ սկսած Հովհաննես Պլուզ Երզնկացուց ու Հովհան Որոտնեցուց մինչև իր ժամանակակիցները, տալով նրանց համառոտ կամ ընդարձակ բնութագիրը: Դրանց մի մասը գրված են որպես վարք-վկայաբանություններ:
Տես նաև Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան և Խրիմյան Հայրիկ
Գրիգոր Դարանաղցի | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 21, 2018 Rating:
