Պարույր Սևակ | Խաղա՜ղ-խաղա՜ղ


Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում,
Դրսում մութն էր իջնում խաղաղ:
Սիրում էի ձեր տան բակում խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հե՜տ, քեզ հե՜տ խաղալ:

Աստղերն էին ելնում մեկ-մեկ, լուսինն արծաթ
Լեռան ժայռոտ պռունգին էր հոգնած նստում:
Մութը՝ լուսնից հալածվելով՝ իջնում էր ցած,
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում մեզ տուն:

Վառվում էին ճրագները մեկ-մեկ գյուղում,
Շներն էին մեկ-մեկ տալիս լուսնահաչի:
Ես չեմ հիշում՝ ինչպե՞ս էինք մթնում խաղում,
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում հացի:

Ինձ մի մթին իրիկուն է կարծես պատում.
Մոռացել եմ, ես չեմ հիշում շատ բան հիմա,
Բայց հիշում եմ՝ սիրում էի խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հետ՝ ձեր տան բակում, մեր տան դիմաց:

02.V.1946թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Խաղա՜ղ-խաղա՜ղ Պարույր Սևակ | Խաղա՜ղ-խաղա՜ղ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 22, 2018 Rating: 5
Технологии Blogger.