Պարույր Սևակ | Ծախում-Առնում-Բաշխում եմ


Թե ավելորդ գորով ունեք՝
         Տարեք շուկա՜,
Ես ծախո՜ղ եմ, ո՛չ թե առնող:

Թե ավելորդ կորով ունեք՝
         Ես կամ ու կամ,
Էլ ինձնից էլ լավ ձեռք բռնո՞ղ:

         Խե՞լք եք ծախում՝
         Առնողը չեմ,
Թե գինն անգամ ջրի գին է,-
Հաջողությա՛ն համն եմ անգամ ես մոռացել,
         Ահա թե ի՜նչ:

         Ելք չե՞ք ծախում՝
         Հազա՜ր ափսոս,
Թե չէ մուտքը իմ կողքին է,
Չի պահանջվում և մուտքի տոմս -
Քիչ է մնում քաշեն թևից:

Ինչի՜ս է պետք և ձեր երգը,
Առնող ճարեք՝ ինքըս ծախեմ:
Դահլիճ լինի կամ լսարան՝
         Այդ ուրի՛շ բան,
         Կառնեմ ե՜ս էլ:

Ինչի՜ս է պետք ձեր տարերքը,
Փոխող բերեք՝ ինքըս փոխեմ:
Հանգի՜ստ փոխեմ իմ տարերքի գոնե կեսը:

Ո՞վ է այնտեղ համարյա թե ձրի ծախում նահանջ: Ունե՛մ:
Ինձ հարձակման թափ էլ պետք չէ:-
Ճարպկությա՜ն պահանջ ունեմ...

Ո՞վ է այնտեղ ներկեր ծախում,-
Ներկարա՞ր եմ ու նախշո՞ւմ եմ...

         ...Եվ շատ բաներ,
Որ չեն ծախվում ու չեն առնում,
         Ես բաշխո՜ւմ եմ:

Ես բաշխում եմ ազնըվության անցագըրեր,
Սակայն ո՛չ թե «մի անգամվա»,
Այլ «մշտական»՝ միանգամայն:

Ես բաշխում եմ հանդըգնությո՜ւն,
         Ո՛չ ճգնություն
Անզորության փակ շրջանում,
Եվ ո՛չ մտքի մթագնություն,
         Այլ տքնությո՜ւն,
Որ թռիչքով է վերջանում:

Գութ ու խղճից զրկվածներին՝
Մինչև անգամ ո՛չ խղճի խայթ,
Ողորմաբար խի՜ղճ եմ տալիս.

Ո՜չ թե դեմքի ծամածըռանք,
Այլ օգնություն աղերսելու ճիչ եմ տալիս՝
         Ցավածներին,
Անմահություն՝
         Զոհվածներին,
Ծլարձակում՝
         Բովվածներին,
Անդավաճան ընկերություն՝
         դավվածներին,
Բարի գալուստ՝
         չվածներին...

Համակրությո՞ւն է հարկավոր բարի գործին,
Եվ մաքրությո՞ւն է հարկավոր միտք ու հոգու,-
Թեկուզ մտքո՛վ, նույնիսկ հոգո՛վ լոկ կամեցեք
Եվ... մի՛ քաշվեք-կարկամեցեք,

         Մո՜տ համեցեք...
Ես ծախում եմ, նաև առնում
Եվ, հույս ունեմ, ինձ չեք խառնում
Չարաշահող չարչիներին,
Թե չէ, գիտե՞ք, ո՛չ թե աստված,
Չարչինե՜րն էլ ձեզ չեն ների...

04-05.VI.1957թ.  
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ծախում-Առնում-Բաշխում եմ Պարույր Սևակ | Ծախում-Առնում-Բաշխում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 08, 2019 Rating: 5
Технологии Blogger.