Ալեն Ռոբ-Գրիյե | Գաղտնախորհուրդ սենյակը


Գյուստավ Մորոյին

Կարմիր մի բիծ, մութ ստվերներով եզերված, վառ ու պայծառ, սևափայլ մի բիծ՝ նման հստակ ուրվագծեր ունեցող վարդակի, որի շուրջբոլորը տարածվում են տարբեր երկարության լայն առվակներ, որոնք այնուհետև երկճյուղվելով ու նվազելով՝ դառնում են բարալիկ ծուռումուռ գծեր: Այս է առաջին հայացքից աչքի զարնում ողորկ ու կլոր, անցոլք, բայց և սադափափայլ, դալուկ մի մակերեսի՝ մի կիսագնդի վրա, որը նուրբ ծալքերով միաձուլվում է նույնքան դժգույն մի զանգվածի: Ճերմակությունը, հակադրվելով մթամած տեղանքին, որ հիշեցնում է զնդան, ցածրիկ սրահ կամ մատուռ, խավարի մեջ սփռում է լույսի աղոտ շողեր:
Քիչ այն կողմ տարածությունը գրավում են գլանաձև սյուները, որոնց կանոնավոր շարքը հետզհետե հալչում է խորքերում, այնտեղ, ուր քարե լայն սանդուղքի ստորին մասն է նշմարվում: Սանդուղքը փոքր-ինչ թեքությամբ ձգվում է վեր և բարձրանալու հետ համընթաց փոքրանում է ու անհետանում սլացիկ կամարների արանքում:
Սենյակում՝ սանդուղքի կամ սյունաշարի մոտ ոչ ոք չկա: Միայն առջևում աղոտ առկայծում է գետնին փռված մի մարմին, որի վրա պարզորոշ երևում է կարմիր բիծը: Պիրկ ու փարթամ, ձյունաճերմակ մարմին, որ անշուշտ փխրուն է ու խոցելի: Արյունոտված կիսագնդի կողքին հազիվ նկատելի անկյան տակ դիտողի հայացքի առջև հառնում է մեկ ուրիշ նման կլորություն: Թմբի գագաթը զարդարող բոլորապսակ, ավելի մուգ գույնի ցցուն պտուկը անվնաս է մնացել, մինչդեռ առաջինը գրեթե ամբողջովին քրքրված է և կամ քողարկված է լպրծուն վերքով:
Խորքում՝ սանդուղքի վերևում մի սև ստվեր է ուրվագծվում՝ երկար ալեծոպ թիկնոցի մեջ փաթաթված մի մարդ, որն առանց ետ նայելու բարձրանում է վերջին աստիճաններով՝ ոճիրը գործելուց հետո: Երկաթյա բարձր արծաթափայլ հենարանին դրված խնկամանից օձագալար պտույտներով վեր է ելնում անկշիռ մի ծուխ: Սրան շատ մոտ հանգչում է կաթնահունց մարմինը, որի ձախ ստինքից կողի երկայնքով ու կոնքի վրայով հոսում են արյան լայն առվակներ:
Նրբագեղ ձևերով կնոջ հոլանի, պիրկ մարմին է այդ, որը մեջքի վրա փռված է արևելյան նախշերով զարդարված գորգին: Գորգին նետված թավ բարձերը ընկել են կռնակի տակ և փոքր-ինչ վեր մղել կուրծքը: Գոտկատեղը շատ բարակ է, մի կողմ թեքված վիզը՝ երկարավուն, ետ ընկած գլուխը թաղված է խավարի մեջ, թեև կարելի է կռահել դիմագծերը, կիսաբաց բերանը, լայն բացված մահացոլք աչքերը և երկար սևաթույր մազերի ալիքվող հոսքը, որ խռիվ մի ներդաշնակությամբ սփռվել է ծանրածալ մի գործվածքի, ըստ երևույթին թավշի վրա, ուր հանգչում են նաև թևն ու ուսը:
Դա հարթ, մուգ մանուշակագույն թավիշ է, կամ աղոտ լուսավորության տակ թվում է այդպիսին: Մանուշակագույնը, շագանակագույնը, կապույտը, կարծես, գերիշխում են բարձերի երանգներում ևս, որոնց մի մասն է միայն ծածկված թավշե գործվածքով, և որոնք ընկած են նաև ավելի ներքև՝ կնոջ իրանի և գոտկատեղի տակ: Գույների նման համադրությունն ունեն նաև գետնամած գորգի արևելյան նախշազարդերը: Ավելի հեռու նույն երանգները հանդիպում են քարե սալահատակի, սյուների, կամարների, սանդուղքի շինվածքներում և ավելի աղոտ ու անորոշ մակերեսներին, որտեղ կորչում են սրահի սահմանները:
Սրահի մեծության մասին դժվար է գաղափար կազմել: Առաջին հայացքից թվում է, թե սպանված կինը քիչ տեղ չի գրավում սենյակում, բայց սանդուղքի լայն աստիճանները, ընդհակառակը, ցույց են տալիս, որ տեղն ընդարձակ է և իրականում տարածվում ու ձգվում է չորս բոլորը, աջ ու ձախ, մինչև որ հեռանալով միաձուլվում է կողք կողքի շարված սյուների շագանակագույնին և կապույտին ու թերևս գնում է ավելի հեռուն՝ դեպի ուրիշ բազմոցներ ու հաստ գորգեր, ուրիշ խոշտանգված մարմիններ, ուրիշ խնկամաններ:
Դժվար է ասել նաև, թե որտեղից է թափանցում լույսը: Սյուների կամ գետնի վրա չկա ոչ մի նշույլ, որ կարելի լինի կռահել ճառագայթների ուղղությունը: Եվ հետո ոչ մի պատուհան, ոչ մի կանթեղ չի երևում: Դեպքի վայրը լուսավորողը, կարծես, կաթնահունց մարմինն է, ուռուցիկ ստինքներով կուրծքը, կոնքերի կորագիծը, փորը, մսեղ ազդրերը, ձգված ու չռված ոտքերը և մեջտեղի սևափայլ գեղմը՝ գրգռիչ, մատչելի, բայց այլևս անօգուտ:
Տղամարդն արդեն մի քանի քայլ հեռացել է: Հիմա նա սանդուղքի առաջին աստիճանների վրա է և ուր որ է պիտի վեր բարձրանա: Ներքևի աստիճանները երկար են ու լայն, ինչպես որևէ կոթող, տաճար կամ թատրոն տանող սանդուղք: Հետո քիչ առ քիչ, բարձրանալու հետ համընթաց, փոքրանում են և կտրուկ թեքվում, դառնալով նեղ ու անձուկ մի անցում և կիսաշրջանն անգամ չբոլորած անհետանում են սլացիկ կամարների արանքում, որտեղ մութն ավելի խիտ է, և հնարավոր չէ իմանալ, արդյո՞ք ելքը պատնեշված է վանդակաշար ճաղերով, թե ոչ:
Բայց տղամարդը չի նայում այս ուղղությամբ, ուր այնուամենայնիվ տանում են իր քայլերը: Ձախ ոտքը երկրորդ աստիճանին, աջ ոտքը՝ արդեն երրորդին, ծունկը ծալած՝ նա հետ է շրջվել, որպեսզի մի վերջին անգամ դիտի տեսարանը: Կտրուկ շրջադարձից գլուխն ու իրանը թեքվել են քայլքի հակառակ ուղղությամբ, իսկ երկար, ալեծոպ թիկնոցը, որ նա հապճեպ գցել է ուսերին և գոտկատեղի բարձրությամբ մի ձեռքով բռնել, գալարվել, ու փեշը կախվել է օդում այնպես, ասես տակից քամի փչեր: Քղանցքի վրա ալիքավոր երկտակ ծալքեր են գոյացել, որ թույլ են տալիս տեսնել ոսկեթելով ասեղնագործված կարմիր մետաքսե աստառը:
Տղամարդու դիմագծերն անթափանց են, բայց լարված, ասես, անձկությամբ ու վախով սպասելիս լինի հանկարծահաս մի բանի: Թեև ավելի հավանական է, որ նա մի վերջին ակնարկ է նետել համր ու դժնի տեսարանին: Չնայած հետադարձ հայացքին՝ մարմինը թեթևակի առաջ է հակվել, կարծես, շարունակելիս լինի իր վերելքը: Աջ ձեռքը՝ այն մեկը, որ չի բռնել թիկնոցի եզրը, կիսով չափ երկարած է այն կողմը, ուր պետք է գտնվեր բազրիքը, եթե սանդուղքը նման բան ունենար: Անիմաստ ու անհասկանալի շարժում, եթե միայն հաշվի չառնենք բնազդը, որ մարդուն մղում է ապավինելու նույնիսկ չեղյալ մի հենարանի:
Հայացքը, կարելի է հաստատապես ասել, ուղղված է դեպի զոհի մերկ մարմինը, որը փռված է բարձերի վրա՝ խաչաձև տարածված վերջույթներով, փոքր-ինչ վեր բարձրացած կրծքով, ետ ընկած գլխով: Սակայն սանդուղքի հայացքից գուցեև թաքցրել է նրա դեմքը: Դեռատի կնոջ աջ ձեռքը ընկած է հատակին՝ ճիշտ և ճիշտ սյան հիմքի մոտ: Երկաթյա մի ծանր ապարանջան սեղմել է փխրուն դաստակը: Թևը համարյա ստվերի մեջ է, միայն ձեռքի վրա է բավականաչափ լույս ընկնում և հստակորեն տեսանելի դարձնում նուրբ, չռված մատները, որ հպվել են սյան գլանաձև հենաքարին: Սև մետաղից մի շղթա գալարվել է հիմնաքարին և, ագուցվելով ապարանջանի վրա սարքված օղակին, դաստակը սեղմ կապել է սյունին:
Թևի մյուս ծայրին բարձերին հենված կլոր ուսն է, որ նույնպես լավ է լուսավորված, ինչպես և վիզը, կուրծքը, մյուս ուսը, աղվամազով ծածկված անութը, նույն կերպ ետ ձգված ձախ թևն ու դաստակը: Նույնպիսի հնարքով դաստակը գամված է մեկ այլ սյան հիմնաքարին, որ երևում է մոտիկից ու ավելի պարզորոշ: Այստեղ երկաթյա ապարանջանն ու շղթան երևում են կատարյալ հստակությամբ և պատկերված են ամենանրբին մանրամասներով:
Նույնպես հստակ ու ցայտուն, բայց արդեն մյուս կողմից, ավելի բարակ մի շղթա է ձգվում, որ անմիջապես կապված լինելով կոճին՝ երկու անգամ փաթաթվում է ոտքի շուրջը ու ամրանում գետնին գամված հաստ օղակին: Հետևում՝ մոտ մի մետրի վրա կամ գուցե մի քիչ ավելի, նույն կերպ շղթայված է նաև աջ ոտքը, թեև այնպես հստակ չի երևում, ինչպես ձախը:
Ոտքը փոքր է, նուրբ, վայելչագեղ: Տեղ-տեղ շղթան ճմլել է միսը՝ առաջացնելով խորը, թեև ոչ լայն փոսեր: Շղթայի օղակները ձվաձև են, խիտ շարված, աչքի մեծության: Գետնին խփված օղակը նման է այն օղակներին, որ ծառայում են ձիերին կապելու համար: Այն գրեթե պառկած է քարե սալարկին, որին ամրացված է երկաթյա մի հաստ կեռով: Մի քանի մատնաչափ այն կողմ նշմարվում է գորգի եզրը, որը երկտակվել է ու ծալքավորվել, անշուշտ, զոհի ջղաձիգ շարժումների հետևանքով, երբ շղթայագամ մանկամարդ կինը փորձել է հուսակտուր մաքառել:
Տղամարդը իր կանգնած տեղից կիսով չափ հակված է դեպի մարմինը: Նա անքթիթ նայում է կնոջ ետ ընկած դեմքին, շպարից ավելի խոշոր թվացող մութ աչքերին, լայն բացված բերանին, որտեղից ասես ելնում է հոգեվարքի աղեգալար ճիչը: Տղամարդու կեցվածքն այնպիսին է, որ թեև երևում է միայն կիսադեմը, բայց և այնպես զգացվում է, որ նա կատաղի մոլուցքի մեջ է եղել՝ չնայած քարացած կերպարանքին, լռությանը, անշարժությանը: Մեջքը փոքր-ինչ կորացած է: Ձախ՝ տեսանելի ձեռքը, մարմնից բավական հեռու է պահել մուգ գույնի զգեստի՝ հավանաբար ոսկեթելով ասեղնագործված աստառ ունեցող թիկնոցի քղանցքը, որ թավալվում է մինչև գորգը:
Տղամարդու խոշոր, չարագուշակ կերպարանքը փակում է հոլանի մարմնի մեծ մասը և քողարկում կարմիր բիծը, որ տարածվելով կորագմբեթ ստինքի վրա, այնուհետև երկար առվակներով ցած է հոսում և երկճյուղվելով ու նվազելով՝ ծորում է դժգույն իրանի ու կողի երկայնքով: Առվակներից մեկը հասել է մինչև անութը և բարակ, գրեթե ուղիղ գծով ծորել թևն ի վար: Մյուսները իջել են դեպի գոտկատեղ և փորի մի անկյունի, կոնքի ու ազդրի վերին մասի վրա գծագրել ավելի խճճված մի ցանց, որն արդեն սառչում է: Երեք թե չորս առվակ հասել են ցայլքի փոսորակին և զարտուղի պտույտներով խաչաձևվելով չռված ոտքերի մեջտեղում, անհետացել են սևափայլ գեղմի մեջ:
Մարմինը դեռևս անվնաս է: Դեռևս անաղարտ են սևաթույր գեղմն ու ճերմակ փորը, կոնքերի հեշտագրգիռ գոգավորությունը, բարակ գոտկատեղը և ավելի բարձր՝ սադափափայլ ստինքները, որ ելևէջում են արագ, հիմա արդեն հևիհև շնչառությունից: Տղամարդը խոյացել է նրա վրա և մի ծունկը գետնին հպած՝ գնալով ավելի է կռանում: Աղջկա հերարձակ, ալիքվող վարսերով գլուխն է միայն, որ պահպանելով շարժվելու որոշ ազատություն, գալարվում է, մաքառում: Հանկարծ նրա բերանը բացվում է և ծամածռվում, մինչդեռ մարմինը ընկրկում է, արյունը ժայթքում է նուրբ ու ձիգ մաշկի վրա, վայելչորեն շպարված սև աչքերը ահռելիորեն մեծանում են, բերանը էլ ավելի է բացվում, գլուխը կատաղությամբ աջ ու ձախ է գալարվում մի վերջին անգամ, հետո ավելի դանդաղ է տարուբերվում, որպեսզի ի վերջո ետ ընկնի ու անշարժանա, իսկ սև սաթե մազերը սփռվեն թավշին:
Քարե աստիճանների ամենավերևում փոքրիկ դուռը բաց է. այստեղից թափանցում է աղոտ մի լույս, որի տակ նշմարվում է երկար թիկնոցի մեջ փաթաթված տղամարդու մթին ուրվագիծը: Շեմին հասնելու համար նրան մնացել է անցնել ընդամենը մի քանի աստիճան:
Այնուհետև ամեն ինչ դատարկ է ու ամայի՝ մանուշակագույն ցոլքերով, քարակոփ բազմաշար սյուներով վիթխարի սրահը, հոյակերտ սանդուղքը, որի ծայրին վանդակապատ ճաղեր չեն երևում, և որը, թեքվելով, ձգվում է վեր ու բարձրանալուն հետ համընթաց փոքրանում է, խավարի մեջ  ձուլվում և անհետանում սլացիկ կամարների արանքում:
Մարմնի մոտ, որի արնաներկ վերքը սառել է, և որի դալուկ փայլը՝ արդեն խամրել, խնկամանից ելնող անկշիռ ծուխը հանդարտ օդի մեջ գծագրում է արտառոց ոլորապտույտներ: Ծուխը սկզբում դեպի ձախ է գալարվում, իջնում է ու նորից վեր ձգվում, հետո միանում է իր ելակետի առանցքին, այստեղից անցնում աջ կողմը, հետո նորից է գնում հակառակ ուղղությամբ, որպեսզի նորից վերադառնա ու այսպիսով գծի անկանոն մի կորանկյուն, որը գնալով բարակում է և ուղղահայաց բարձրանում դեպի կտավի վերին մասը:

Թարգմանությունը՝ Վահրամ Աբաջյան

Տես նաև Պիեռ Գամառա Բալերով տիկինը
Ալեն Ռոբ-Գրիյե | Գաղտնախորհուրդ սենյակը Ալեն Ռոբ-Գրիյե | Գաղտնախորհուրդ սենյակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 26, 2019 Rating: 5
Технологии Blogger.