Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներորդ


Վթար

 Ոմանք կարծում են, թե օդում ինչքան վեր բարձրանաս, այնքան տաք կլինի: Բայց դա սխալ է: Ինչքան վեր, այնքան ցուրտ: Ինչո՞ւ է այդպես: Այն պատճառով, որ արևն իր ճառագայթներով քիչ է տաքացնում օդը, որովհետև օդը շատ թափանցիկ է: Ներքևում օդն ավելի տաք է: Արևն իր ճառագայթներով տաքացնում է երկիրը, օդը երկրից տաքանում է այնպես, ինչպես տաք վառարանից: Տաք օդն ավելի թեթև է, քան՝ սառը, դրա համար էլ վեր է բարձրանում: Ինչքան շատ է բարձրանում, այնքան շատ է սառչում: Դրա համար էլ մեծ բարձրության վրա միշտ ցուրտ է լինում:
Այդ զգացին ճստլիկները, երբ իրենց օդապարիկով հասան մեծ բարձրության: Նրանք այնպես մրսեցին, որ քթերն ու այտերը կարմրեցին: Բոլորը ոտքերով դոփում ու ծափ էին տալիս, որ գոնե մի քիչ տաքանան: Ամենից շատ մրսում էր Շվարիկը, որ գլխարկը տանն էր թողել: Սոսկալի ցրտից նրա քթից մի երկար սառցելուլա էր կախ ընկել: Նա ուռենու տերևի պես դողում էր ու ատամները կափկափում էին:
-Հերիք է ատամներդ իրարով տաս,- մռթմռթում էր Փնթփնթիկը: -Ցուրտը հերիք չի, սա էլ ատամներն է չխկչխկացնում:
-Ես մեղավո՞ր եմ, որ ցուրտ է,- ասաց Շվարիկը:
Փնթփնթիկը վեր կացավ տեղից ու ասաց.
-Տանել չեմ կարող, երբ ականջիս տակ մեկն ատամները չխկչխկացնում է, մարմինս դող է ընկնում:
Նա նստեց Ներկամոլիկի կողքին, բայց Ներկամոլիկն էլ էր ատամ ատամի տալիս: Փնթփնթիկը կասկածանքով նայեց նրան:
-Էդ ի՞նչ է, իմ ջգրո՞ւ է ատամներդ կափկափում:
-Ի՞նչ ջգրու, ցրտից մեռանք:
Փնթփնթիկը վեր կացավ և ուրիշ տեղ նստեց: Այդպես նա մի քանի անգամ տեղը փոխեց ու դրանով միայն ուրիշներին խանգարեց:
Օդապարիկը ցրտից եղյամով էր պատվել և փայլում էր մանչուկների գլխավերևում, ասես մաքուր արծաթից ձուլված լիներ: Կամաց-կամաց օդը կրկին սառեց ամպերի մեջ, և օդապարիկն սկսեց ցած իջնել: Մի քանի րոպե անց նա արդեն արագ թափով ցած էր սլանում: Պարկերի պաշարը վերջացել էր և ոչնչով չէր կարելի անկման առաջն առնել:
-Աղե˜-ե˜տ,- ճչաց Քաղցրահյութիկը:
-Կործանվո˜ւմ ենք,- ծղրտաց Անգետիկը և թաքնվեց նստարանի տակ:
-Դուրս ե՛կ,- գոռաց նրա վրա Գիտունիկը:
-Ինչո՞ւ,- նստարանի տակից ձայն տվեց Անգետիկը:
-Պարաշյուտներով պիտի թռչենք:
-Ինձ համար այստեղ էլ լավ է,- պատասխանեց Անգետիկը:
Առանց երկար մտածելու Գիտունիկը բռնեց նրա օձիքից և դուրս հանեց նստարանի տակից:
-Իրավունք չունե˜ս,- բղավում էր Անգետիկը: -Ես կբողոքե˜մ:
-Մի գոռգոռա,- հանգիստ պատասխանեց Գիտունիկը: -Առանց խուճապի: Ա՛յ, տես թե ես ինչպես եմ թռչում պարաշյուտով և թռիր իմ հետևից:
Անգետիկը մի քիչ հանգստացավ: Գիտունիկը մոտեցավ զամբյուղի եզրին:
-Ուշադրությո՛ւն, եղբայրներ,- գոչեց նա: -Հերթով բոլորդ թռեք իմ հետևից: Ով որ չթռչի, նրան օդապարիկը վեր կտանի: Դե, պատրաստեցեք պարաշյուտները… Գնացի˜նք:
Գիտունիկը առաջինը թռավ ու սլացավ ներքև: Նրա հետևից թռավ Հապճեպիկը, և այստեղ չկանխատեսված բան տեղի ունեցավ: Փոխանակ առաջ թռչելու և հետո պարաշյուտը բանալու, Հապճեպիկը շտապելուց նախ բացեց պարաշյուտը և ապա թռավ: Դրանից էլ պարաշյուտը կառչեց զամբյուղի կողից, Հապճեպիկի մի ոտքը խճճվեց քուղերի մեջ, և նա գլխիվայր կախվեց օդում: Նա սկսեց ոտքերը թափահարել ու ցնցվել ողջ մարմնով՝ ձկնորսական կարթին հագցրած անձրևորդի նման: Չնայած բոլոր ջանքերին՝ պարաշյուտը չէր պոկվում:
-Եղբայրնե˜ր,- ճչաց բժիշկ Հաբիկյանը: -Եթե պարաշյուտը պոկվի, Հապճեպիկի գլուխը գետնին կդիպչի:
Մանչուկները կառչեցին պարաշյուտից և Հապճեպիկին նորից զամբյուղ բարձրացրին:
Անգետիկը տեսավ, որ օդապարիկը կրկին վեր է թռչում ու ճչաց.
-Սպասեք, եղբայրներ: Էլ ոչ ոք թող չթռչի: Մենք նորից ենք վեր բարձրանում:
-Ինչո՞ւ ենք նորից վերև թռչում,- զարմացավ Երևիկը:
-Ախ, դո˜ւ խելքի տոպրակ,- պատասխանեց Փնթփնթիկը: -Ախր Գիտունիկը թռավ, օդապարիկն էլ թեթևացավ:
-Ի՞նչ պիտի անի Գիտունիկն առանց մեզ,- հարցրեց Պոնչիկը:
-Ի՞նչ կա…-ձեռքերը տարածեց Երևիկը: -Կամաց-կամաց տուն կգնա, էլի:
-Իսկ մենք ի՞նչ պիտի անենք առանց Գիտունիկի:
-Պահ, զարմացրի˜ր,- պատասխանեց Անգետիկը: -Կարծես թե անհնար է առանց Գիտունիկի յոլա գնալ:
-Ախր մեկը պիտի լինի, որին լսենք,- ասաց Պոնչիկը:
-Ինձ կլսեք,- հայտարարեց Անգետիկը: -Այժմ ե՛ս եմ գլխավորը:
-Դո՞ւ,- զարմացավ Փնթփնթիկը: -Այդպիսի գլխով գլխավո՞ր:
-Ախ այդպե՛ս: Իմ գլուխը դուրդ չի գալիս, հա˜,- ճչաց Անգետիկը: -Դե, խնդրեմ, ներքև թռիր ու փնտրիր քո Գիտունիկին, եթե իմ գլուխը քեզ դուր չի գալիս:
Փնթփնթիկը ցած նայեց ու ասաց.
-Էլ որտե՞ղ կգտնեմ նրան: Մենք հեռու ենք թռել: Պետք է բոլորս միասին թռչեինք:
-Չէ, թռի՛ր, թռի՛ր:
Փնթփնթիկն ու Անգետիկը սկսեցին վիճել, որ գրեթե մինչև երեկո տևեց: Գիտունիկը չկար, և այլևս ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրանց: Արևն արդեն դեպի մայրամուտ էր թեքվում: Քամին ուժեղանում էր: Օդապարիկն ավելի սառեց և կրկին սկսեց ցած իջնել, իսկ Փնթփնթիկն ու Անգետիկը դեռ վիճում էին:
-Հերի՛ք է կռվես,- ասաց Քաղցրահյութիկը Անգետիկին: -Քանի որ որոշել ես գլխավոր դառնալ, դե մի բան մտածիր: Տե՛ս, նորից ենք ցած թռչում:
-Հիմի կմտածեմ,- պատասխանեց Անգետիկը:
Նա նստեց, մատը ճակատին դեմ տվեց ու սկսեց մտածել: Իսկ օդապարիկը մինչ այդ ավելի ու ավելի էր վայր իջնում:
-Ի՞նչ պիտի մտածես,- ասաց Պտուտակիկը: -Եթե ավազով պարկեր ունենայինք, կարելի էր մեկը ցած գցել:
-Ճիշտ է,- վրա բերեց Անգետիկը: -Եվ քանի որ այլևս պարկ չունենք, ստիպված ենք մեզնից մեկն ու մեկին ցած գցել: Մեկն ու մեկին պարաշյուտով ցած կգցենք, օդապարիկը կթեթևանա ու նորից վեր կթռչի:
-Ո՞ւմ գցենք:
-Դե, էլ ո՞ւմ,- ասաց Անգետիկը: -Հարկավոր է ամենափնթփնթանին ցած շպրտել:
-Իսկ ես համաձայն չեմ,- պատասխանեց Փնթփնթիկը: -Այդպիսի օրենք չկա, որ ամենափնթփնթանին ցած գցեն: Հարկավոր է ամենածանրին գցել:
-Դե լավ, լավ,- համաձայնեց Անգետիկը,- ցած գցենք Պոնչիկին: Ամենահաստը նա է:
-Ճի՛շտ է,- հաստատեց Քաղցրահյութիկը:
-Ի՞նչ,- ճչաց Պոնչիկը: -Ո՞վ է ամենահաստը: Ե՞ս… Քաղցրահյութիկն ինձնից հաստ է:
-Մի դրա˜ն տեսեք,- գոռաց Քաղցրահյութիկը քրքջալով ու մատնացույց անելով Պոնչիկին: -Մի տեսեք, ես հա˜ստ եմ սրանից: Հա˜-հա˜-հա˜: Հլա մի արի չափվենք:
-Դե, արի՛, արի՛,- աքաղաղի նման վրա պրծավ Պոնչիկը:
Բոլորը շրջապատեցին Պոնչիկին ու Քաղցրահյութիկին: Անգետիկը գրպանից մի պարան հանեց ու չափեց Պոնչիկի գոտկատեղը: Ապա նույն ձևով չափեց Քաղցրահյութիկին և պարզվեց, որ Քաղցրահյութիկը գրեթե մեկ ու կես անգամ հաստ է Պոնչիկից:
-Ճիշտ չի˜,- ճչաց Քաղցրահյութիկը: -Պոնչիկը փորը ներս քաշեց: Ես տեսա:
-Իսկի էլ չեմ քաշել,- արդարանում էր Պոնչիկը:
-Չէ՛, քաշել է: Ես տեսա: Արի նորից չափվենք,- գոռում էր Քաղցրահյութիկը:
Անգետիկը նորից չափեց Պոնչիկին, իսկ Քաղցրահյութիկը պտույտ էր գալիս շուրջն ու ասում.
-Է˜,է˜: Էդ ի՞նչ ես անում: Դե փքվիր, է˜:
-Ինչո՞ւ պիտի փքվեմ,- պատասխանեց Պոնչիկը: -Եթե փքվեմ, իհարկե, քեզանից հաստ կերևամ:
-Դե, լավ, մի փքվիր: Բայց փորդ ներս քաշելու իրավունք էլ չունես: Եղբայրներ, տեսեք՝ ինչ է անում սա: Որտե՞ղ է արդարությունը: Որտե՞ղ է արդարությունը: Սա ինչ-որ խաբեություն է:
Անգետիկը Պոնչիկին չափելու գործն ավարտեց, իսկ հետո նույնպիսի խնամքով չափեց Քաղցրահյութիկին և այս անգամ պարզվեց, որ երկուսն էլ նույն հաստությունն ունեն:
-Ուզենք-չուզենք երկուսին էլ պիտի ցած գցենք,- ձեռքերը տարածեց Անգետիկը:
-Ինչո՞ ւ երկուսին, երբ մեկն էլ հերիք է,- ասաց Քաղցրահյութիկը:
Որսորդ Փամփուշտիկը դուրս նայեց զամբյուղից և տեսավ, որ երկիրը սպառնալի արագությամբ մոտենում է:
-Լսի՛ր, Անգետիկ,- ասաց նա,- շո՛ւտ արա, վճռիր, թե չէ շրմփալու ենք գետնին:
-Հարկավոր է հաշվել, թե ով պետք է պարաշյուտով թռչի,- ասաց Երևիկը:
-Ճի՛շտ է,- վրա բերեց Քաղցրահյութիկը: -Միայն թե բոլորին էլ պետք է հաշվել՝ հաստերին էլ, բարակներին էլ, որ ոչ ոք չնեղանա:
-Լա՛վ, եկեք հաշվենք,- համաձայնեց Անգետիկը:
Շրջան կազմեցին, և Անգետիկն սկսեց հաշվել՝ մատով տկկացնելով յուրաքանչյուրին:
Էնի, բենի, ե՛ս,
Կվինտեր, ֆինտեր, քեզ,
Էնի, բենի, ղորթ,
Կվինտեր, ֆինտեր, գորտ:
Ապա ասաց.
-Չէ՛, սա ինձ դուր չի գալիս: Եվ սկսեց ուրիշը.
Եղի, եղի, ձվածեղի,
Ով որ ուտի, նա վեր քաղի,
Ես գնացի պապոնց տուն…
Այդ ժամանակ զամբյուղը թափով զարկվեց գետնին ու շուռ եկավ:
Երևիկը գրկեց Գուցեմիկին, իսկ Գուցեմիկը կառչեց Երևիկից և երկուսով դուրս ընկան զամբյուղից: Նրանց հետևից սիսեռի նման դուրս թափվեցին մնացած ճստլիկները: Միայն Անգետիկը բռնած մնաց զամբյուղի կողից ու մեկ էլ՝ Քոթոթիկը, որ ատամներով կառչել էր նրա անդրավարտիքից: Գետնին դիպչելով օդապարիկը գնդակի նման վեր թռավ, հսկայական աղեղ գծեց օդում և նորից ցած իջավ: Զամբյուղը կրկին գետնին դիպավ ու շուռ եկավ: Օդապարիկն ինչ-որ կարծր բանի դիպավ ու խլացուցիչ ճայթյունով պայթեց: Քոթոթիկը օդում շուռ եկավ և հուսակտուր վնգստոցով մի կողմ վազեց: Անգետիկը դուրս ընկավ զամբյուղից և անշարժ փռվեց գետնին:
Օդային ճանապարհորդությունն ավարտվեց:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 08, 2019 Rating: 5
Технологии Blogger.