Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Շուռ տված գայլը


Չգիտեմ ինչու, բայց հաճախ պատահել է, որ ամենակատաղի և ամենավտանգավոր գազանների ես հանդիպել եմ այն ժամանակ, երբ անզեն ու անօգնական եմ եղել։
Մի անգամ գնում էի անտառով։ Հանկարծ դեմս դուրս եկավ մի հսկա գայլ։ Բերանը բաց արած ուղիղ ինձ վրա էր գալիս։
Իսկ մոտս ոչ հրացան կար, ոչ դանակ, ոչ դաշույն։ Ի՞նչ անել։
Փախչե՞լ։ Բայց գայլն արդեն հարձակվել է ինձ վրա, գետին է գցել և այս րոպեիս կոկորդս կկրծի։ Ուրիշը որ իմ տեղը լիներ, իրեն կկորցներ, իսկ դուք ճանաչում եք բարոն Մյունհաուզենին։ Ես վճռական եմ, հնարամիտ, համարձակ։ Րոպե չկորցնելով, բռունցքս ներս կոխեցի գայլի բերանը, որ ձեռքս չկծի, և սկսեցի բռունցքս ավելի ու ավելի խոր տանել։
Գայլը կատաղած նայում էր ինձ։ Նրա աչքերը չարությունից վառվռում էին։ Բայց գիտեի, որ եթե ձեռքս հանեմ, ինձ պատառ-պատառ կանի, այդ պատճառով աներկյուղ ձեռքս ավելի ու ավելի խոր էի տանում։
Հանկարծ գլխումս հրաշալի միտք ծագեց, բռնեցի նրա փորոտիքը, ձեռքս արագ դուրս քաշեցի և գայլին ձեռնոցի նման շուռ տվի։
Իհարկե, այդպիսի վիրահատումից հետո գայլն անկենդան ընկավ ոտքերիս մոտ։
Գայլի մորթուց մի հիանալի տաք բաճկոն կարեցի, և եթե չեք հավատում, այդ բաճկոնը սիրով ցույց կտամ ձեզ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Շուռ տված գայլը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Շուռ տված գայլը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 29, 2020 Rating: 5
Технологии Blogger.