Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձիերը թևատակիս, կառքը՝ ուսիս


Շուտով թուրքերն ինձ գերությունից ազատեցին և ուրիշ գերիների հետ ուղարկեցին Պետերբուրգ։
Բայց ես որոշեցի հեռանալ Ռուսաստանից և կառք նստելով, ուղևորվեցի դեպի հայրենիք։
Այդ տարին ձմեռը շատ ցուրտ էր։ Մինչև անգամ արեգակն էլ մրսեց, այտերը ցրտահարեց ու հարբուխ ընկավ։ Իսկ երբ արեգակը մրսած է լինում, նրանից տաքության փոխարեն ցուրտ է գալիս։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես սառեցի ես իմ կառքի մեջ։
Ճանապարհը նեղ էր։ Երկու կողմից ցանկապատ կար։ Հրամայեցի կառապանիս փող փչի, որ հակառակ կողմից եկող կառքերն սպասեն, մինչև մենք անցնենք, որովհետև այսպիսի նեղ ճանապարհով երկու կառք չէին կարող կողք կողքի անցնել։
Կառապանն իմ հրամանը կատարեց։ Վերցրեց փողը և սկսեց փչել։
Փչեց, փչեց, բայց փողից ոչ մի ձայն դուրս չեկավ։
Այնինչ, դիմացից մի կառք էր գալիս։
Ճար չկար։ Դուրս եկա կառքից և ձիերն արձակեցի։ Հետո կառքն ուսիս առա, իսկ կառքի մեջ շատ բեռ կար, և մի ոստյունով կառքն էլի ճանապարհի վրա դրեցի, բայց արդեն՝ եկող կառքի հետևում։
Այդ բանը նույնիսկ ինձ համար հեշտ չէր, իսկ դուք գիտե՞ք, թե ինչքան ուժեղ եմ ես։
Քիչ հանգստանալուց հետո վերադարձա ձիերի մոտ, վերցրի թևատակերս և նույնպիսի երկու թռիչքով փոխադրեցի կառքի մոտ։
Թռչիքի ժամանակ ձիերից մեկն սկսեց քացի տալ։
Սա շատ անհարմար բան էր։ Բայց ես նրա հետևի ոտքերը մուշտակիս գրպանը կոխեցի, և ձին ակամա հանգստացավ։
Հետո ձիերը լծեցի կառքին ու հանգիստ մոտակա հյուրանոցը հասա։
Հաճելի էր այդպիսի սաստիկ սառնամանիքից հետո տաքանալ և այդպիսի ծանր աշխատանքից հետո հանգստանալ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձիերը թևատակիս, կառքը՝ ուսիս Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձիերը թևատակիս, կառքը՝ ուսիս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 13, 2020 Rating: 5
Технологии Blogger.