Կարծեմ իմ ձիերի մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել։ Սակայն նրանց հետ էլ ինձ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Ինչ որ պիտի պատմեմ, պատահել է Լիտվայում։ Ես հյուր էի գնացել իմ մի ծանոթի մոտ, որը ձիեր շատ էր սիրում։
Եվ, ահա, երբ հյուրերին ցույց էր տալիս իր ամենալավ ձին, որով նա շատ էր պարծենում, ձին սանձը կտրեց, չորս ձիապանների գլորեց ցած և սկսեց գժի նման բակում վազել։ Երկյուղից բոլորը փախան։ Մի համարձակ մարդ չգտնվեց, որ մոտենա կատաղած կենդանուն։
Ե՛ս միայն գլուխս չկորցրի, որովհետև զարմանալի քաջ լինելով, փոքրուց կարողանում եմ սանձահարել ամենակատաղած ձիերին։
Մի ոստյունով թռա նրա մեջքին և մի վայրկյանում սանձահարեցի։ Ձին միանգամից զգալով իմ ուժեղ ձեռքը՝ փոքրիկ երեխայի նման հնազանդվեց ինձ։
Հանդիսավոր կերպով պտտվեցի ողջ բակով և հանկարծ ցանկացա ցույց տալ իմ արվեստը կանանց, որոնք այդ ժամանակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում։
Ինչպե՞ս անեի։ Շատ հասարակ կերպով։
Ձիու գլուխն ուղղեցի դեպի պատուհանը և քամու արագությամբ սեղանատուն թռա։
Կանայք սկզբում շատ վախեցան։ Բայց ես ստիպեցի ձիուն թռչել թեյի սեղանի վրա, և բաժակների ու պնակների արանքով այնպես շրջեցի, որ ոչ մի բաժակ, ոչ մի պնակ անգամ չկոտրեցի։
Այս բանը կանանց շատ դուր եկավ։ Նրանք սկսեցին ծիծաղել ու ծափահարել, և ծանոթս իմ ճարպկությունից հիացած, խնդրեց ընդունել այդ հրաշալի ձին իբրև նվեր։
Այդ նվերով ես շատ ուրախացա, որովհետև պատրաստվում էի պատերազմ գնալ և վաղուց ուզում էի այդպիսի ձի գտնել։
Մի ժամից հետո, նոր ձին նստած, սլանում էի դեպի Թուրքիա, որտեղ այդ ժամանակ սարսափելի պատերազմ էր։
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձին սեղանի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 08, 2020 Rating: