Գրիգոր Զոհրապ | Տալիլա

Գրիգոր Զոհրապ
Ա
Տոքթոր, կ'ըսեի իրեն...
Տոքթորը բարձրահասակ, ոսկրուտ ու նիհար մարդ մը, իմ դեմի սենյակիս վարձակալն էր, այն տանը մեջ ուր կը բնակեի։
Կանուխեն - հազիվ հիսուն տարու կար - հանգստյան կոչեր էին զինքը, սրտի հիվանդության մը պատճառավ որուն մահացու հանգամանքը հաստատված էր։
Իր մերձավոր մահվանը գիտակից այս մարդը՝ կավե արձանի մը անվրդով դեմքը ուներ ամեն ատեն։
Լյուքսանպուրի սրճարանին հաստատ հաճախորդներեն մեկն էր ու ամեն օր անխախտ կը գտնեիր զինքը հոն, կես օրեն վերջր, աջ կողմի կարմիր թավիշե նստարանին վրա, քոնյաքի բաժակի մը աոջև, «Տեպա»-ի կամ «Թան»-ի րնթերցման մեջ ընկղմած, չխոսելով մարդու հետ, չզիջանելով նայիլ փողոցը, անցուդարձին, ապրելու, զվարճանա֊լու, վայելելու անձուկր ունեցող աշխարհին, իբրև մեկր՝ որուն ակնարկն ու ուշադրությունր մեծագույն վայելքներու ու վեհագույն աշխարհի մը վրա սևեռած ըլլային։
Ապահովապես, իր քաշված մարդու միայնությունը՝ մեգ շրջապատողներեն շատ ավելի աննենգ ու հաստատ դեմքերով, անանց ու հավատարիմ պատկերներով շրջապատված էր։
Աոանձնություն մը՝ համակ լեցված այն տեսիլներով, որոնց համար Սյուլլի Բրյուտոմ ըսած է՝

որ մնան միշտ

առանձնություն մը ըլլալե չի՞ դադրիր։
Այս մարդը իր նմաններուն պես ապրելե զզված ու նոր ծանոթություններու, դեպքերու համար վերջապես փակված կը թվեր։
Մենք՝ մեր սրտաբաց ու հետաքրքիր ձևովը՝ ընդունելության այն մեծ դահլիճին կը նմանինք ուր ամեն ոք կրնա գալ, ձեռք սեղմել, տեղ մը գրավել ու քիչ մը վերջը հեռանալ. դահլիճ՝ որ կը լեցվի ու կը պարպվի ամեն վայրկյան, ուր գույները, գիծերը ու հոտերը իրարու կը խառնվին ու կը շփոթվին միշտ։
Անիկա պզտիկ խուցն էր ուր մտերիմները միայն մուտք ունին, առաջուց ի վեր իրենց հատկացված տեղը կը բռնեն ու միևնույն խոսքերը կը կրկնեն երբոր խոսին. հիշատակներ՝ որոնք այս պզտիկ սենյակը կը կահավորեն, կը լեցնեն, կը զարդարեն թանկագին գեղորներու պես, որոնց՝ աչքը վարժված է ալ ու գոց գիտե ամեն մեկուն դիրքն ու պատկերը։

Բ

Երեք ամիս շարունակ, ամեն հեղ որ սանդուխին վրա կամ մեր դեմ դեմի սենյակները զատող սրահին մեջ հանդիպեցանք իրարու, բարև մը միայն փոխանակեցինք։
Հետո, օր մը - սաստիկ հազե մը կը տանջվեի - խնդրեցի որ սենյակս գա. եկավ, դժկամակելով քիչ մը. բազկերակս չքննեց ու լեզուս չնայե ցավ, այլ գրքատունս աչքե անցուց. դեղեր չտվավ։
- Խաբեբա ու սնոտի բաներ են այդ ամենը,- ըսավ ինծի.- հիվանդությունը իր շրջանը պիտի ընե։
Տարօրինակ բժիշկ:
Հաջորդ օրը նորեն եկավ. Վիքթոռ Հյուկոյի հատոր մը ուներ ձեռքը. սնարիս քով նստավ ու առանց վիճակս հարցնելու «ճին»երը կարդաց։ Մյուս օրը Լամառթինի «Ժիռոնտեններու պատմություն»ովը եկավ քովս:
Ռնտցա ու այնուհետև բարեկամ եղանք իրարու։
Առանձին, բոլորովին առանձին էր աշխարհիս վրա. ազգական ու բարեկամ չուներ և ունենալու պետք չէր զգացեր երբեք։
Կյուլհանեի շրջանը ավարտելեն ետքը, քսան տարի ամրողջ դուրսերը շրջած էր, լեռնահոլով ու սառուցիկ բարձունքներե մինչև արևակեզ անապատներու միայնությունը։
Ու կը հնազանդեր անտրտունջ, ընկեցիկ մանուկի մը պես, երթալով միշտ հոն ուր կը ղրկէին զինքը, վայրապար չտանջելով իր սիրտն ու միտքը անիրականալի փառասիրություններով, հանգիստ ու հանդարտ կյանքի պահանջումներով։
Ինքն էր որ կը կոչվեր միշտ Միջագետքին մեջ երևցող ժանտախ¬տին, Սուրիո մեջ երևան ելլող քոլեռային դեմ առողջապահական միջոց¬ները անմիջապես ձեռք առնելու։ Այս մահտարաժամներուն մեջ թրծված, եփված մեկն էր, սկեպտիկ մարդ զոր բնությունը իր մեծագույն աղետներուն վարժեցուցած էր, անտարբեր դարձնելու աստիճան։
Այսպես թափառահած ու վտարանդի կյանքի վարժությամբ, հաս¬տատուն կայանի մը, ծանոթ ու սիրելի շրջանակի մը կարոտը զգացած չէր երբեք. իր սրտին խանդաղատանքը՝ բույն չէր դրած տեղ մը, այլ ցրված թոթափած էր ամեն կողմ, ամեն տեղ, բզիկ-բզիկ եղած՝ իր ան¬դուլ ուղևորությանը մեջ։
Քաջ վիրաբույժ էր. այսպես կ'ըսեին գոնե անոնք որ ինձմե լավ կը ճանչնային զինքը. բայց երբեք ամենափոքրիկ վիրաբուժական գործողության մը մասնակցիլը չէի լսած, թեև բժշկություն ի գործ կը դներ մեր թաղին մեջ, ծույլ ու անտարբեր պաղարյունությամբ։

Գ

- Տոքթո´ր,- կ'ըսեի իրեն,- քեզի համար կը'սեն որ քաջ վիրաբույժ ես. ինչո՞ւ արվեստդ ի գործ չես դներ։
Դեմ դեմի նստեր էինք Լյուքսանպուրի սրճարանին մեջ. ինքը՝ իր սովորական տեղը, ես՝ իր սեղանին դիմացը։
Հարցումս զինքը հանկարծակիի բերավ, տեսա, որ իր սովորական անխռով դեմքը այլայլեցավ, քոնյաքի պզտիկ բաժակը զոր բերնին մոտեցուցած էր, դողաց ձեռքերուն մեջ։
Մարդ չկար մեզմե զատ։
- Ըսեմ քեղի թե ինչո՛ւ այլևս վիրաբուժություն չեմ ըներ,- պա¬տասխանեց բժիշկը ինծի։
Այն ատեն, հիշատակները ամփոփող մեկու մը պես վայրկյան մը կեցավ ու շտկվեցավ նստարանին վրա. իր չոր ու կորցած իրանը ուղղեց ոլ խոսիլ սկսավ։
Բժշկական վարժարանին հառաջադեմ շրջանավարտներեն եմ. ամբողջ պատանությունս, երիտասարդությանս մեկ մասը աննվեր ու լռին աշխատության մեջ անցած է։ Գիտությունը՝ իմ միակ ըղձանքս ու հաճույքս էր, այնքան որ ընկերներս կը ծաղրեին տարիքիս անպատշաճ այս անմեղությունը. հիմա որ բնավորությունները, խառնվածքները վերլուծելու կարող եմ, կը տեսնեմ, որ միամիտ ու խանդավառ մեկն էի ես ու առջի դեմս ելլողը բոլորովին պիտի գրավեր, հրապուրեր զիս. երբեք ինքզինքս բանի մը մասնակի չեմ կրցած տալ. մարդիկ կան, որոնք հանչափս կոտորակներու կրնան վերածվիլ առանց պակսելու, տեսակ մը անուշ հոտի պես, որ կրնա ամեն կողմ տարածվիլ առանց իր քաղցրությունը, իր ուժը կորսնցնելու. այս մարդիկ կարող են ամեն առարկայե, զբոսանքե հաճույք զգալ. մեկու մը չեն կապվիր ու ամեն բան իրենցը կը համարեն. ասիկա տեսակ մը հոգեբանական ընկերություն է. ես անոնցմե չէի։
Առջի դեմս ելլողը Գիտությունը եղավ և զայն սիրեցի հոգվույս, տարիքիս բոլոր զորությամբը։
Երբոր վարժարանեն ելա, ուսյալ տղա մըն էի ու այսչափ միայն։ Այն ատեն ժանտախտը կը ճարակեր Սուրիո մեջ. հոն ղրկեցին զիս. երբեք չվախցա մահեն ու հիմա ալ չեմ վախնար։ Ւրարու դեմ մաքառելու կոչված առջի օրեն՝ բարեկամ-թշնամիներ ենք որ կը հարգենք, կը ճանչնանք իրար. բժիշկ մըն եմ ես ու այն՝ մեծագույն բժիշկն է. գիտության ստեղծած հականեխական դեղերուն դիմացը՝ մահն ալ՝ աստուծո ստեղծած հականեխականն է։ Կը հավատամ որ մեծ ջարդերը, ահագին կոտորածները, որոնց վարժված եմ ականատես ըլլալու, պատերազմ¬ներու մեջ կամ մահացու հիվանդությանց ճարակած միջոցին, առողջա¬րար պաշտոն մը, նախասահմանություն մը ունին։ Ժոզեֆ տը Մեթռի իմաստասիրության հավատացող մըն եմ. այս անունը կը ժպտեցնե՞ քեզ. ես իմաստասիրությունը կը սիրեմ իբրև գերաղույն բանաստեղծությունը. այն չոր ու ցամաք գիտնականներեն չեմ, որոնց բոլոր հոգին ու զգայնությունը կաշկանդված են ֆորմյուլներու մեջ ու թռիչ չունին։

Դ

Դամասկոսի մեջ մարոնի աղջիկ մը սիրեցի. բայց սիրեցի հիացու¬մով ու շլացումով։ Կույրի մը աչքերը բացվելուն պես բան մը զգացի. ա՞յս էր սերը։ Տալիլա - այս էր աղջկան անունը - ինքը կը զարմանար վրաս. կարծեմ թե հարյուրապետի ոսկեզօծ համազգեստես, մայթերուն վրա ձգձգվող ու զարնվող սուրես ավելի հրապուրված էր քան ինձմե. թեթև, զբոսասեր մեկն էր, լուրջ խոսակցության մը և մեծ ըմբռնումներու անկարող։ Ես՝ իմ մտքիս մեջ՝ զինքը ամեն կատարելություններով օժտեր էի. սիրեցի զինքը, իր անունեն սկսելով մինչև ոտքին սիրուն շըփշըփները:
Տալիլա երկայն ծովածուփ մազեր ուներ, որոնք իր ոսկեզանգ գրվագներով շրջապատված փոքրիկ տիատեմեն դուրս կը թափեին անհնազանդ և կամակ ցայտուցքներով. կարմիր չուխայե պզտիկ սեյմենին մեջ չսղմող լանջքը՝ նրբաթել կազի մը պարկեշտորեն կրկնված ծալքերով ու փրփուրներովը՝ գոգ առած առագաստի մը կը նմաներ. իր շալվարը սև մետաքսե էր:
Արքենի հասակով, բարակամեջք աղջիկ մըն էր Տալիլան և իր հրապույրներուն գիտակցությունը ուներ. կ'երգեր և ուտի վրա նվագել գի¬տեր. իր մոտ, օթոցին վրա, իր ոտքին քովիկը անցուցած ժամերս, անխոսիկ անմռունշ վերացումներով՝ շնորհալի երազի մը հիշատակը ձգած են հոգվույս մեջ։
Բայց որքա՜ն անհաստատ սիրտ մը ու թեթև գլուխ մը. իր քաղցր նայվածքը՝ արևուն ճառագայթին պես՝ խտիր չէր դներ իրմով ապրող¬ներուն մեջ ու ամենքն ալ հավասարապես իր լույսովը կ'ողողեր, ինչպես կ'ըսե Ֆրան տը Բոնբինյան։ Ես՝ նախանձոտ, հպարտ ու նեղսիրտ, չկրցա հանդուրժել ասոր. սրտմտեցա. Տալիլա զարմացավ. ի՞նչ կ'ելլեր ատկե. ձեռքս բռնեց ու համոզել ջանաց զիս. այնքան մարդիկ երջանիկ կ'ըլլա¬յին իր մեկ բառովը. կրնա՞ր այսքան չնչին բան մը զլանալ անոնց։
- Չե՞ս սիրեր գեղեցիկ կնոջ մը երեսը նայիլ երբոր փողոցը հանդիպիս,- հարցուց ինձի։
- Երբե՛ք,- ըսի իրեն խստությամբ։

Ե

Հինգ տարի վերջը. Հալեպի մեջ զորաբանակին կը ծառայեի. օր մը քրիստոնեի մը տունեն կանչեցին զիս վիրաբուժական գործոզության մը համար։ Գետինը փռված անկողնին մեջ երիտասարդ կին մը տեսա:
- Տոքթո՛ր,- կանչեց իր անուշ ձայնովը։
Տալիլան էր։
Մոտեցա ու քննեցի խոցը։ Գրեթե սրտին վրա, ուտիչ վերք մըն էր որ իր գունդ ու կարմրած ցցունքովը՝ մարմնին անբիծ ճերմակությանը վրա խոյացող գիշատիչ թռչունի մը գլխուն կը նմաներ։
- Ի՞նչ պիտի ընես, տոքթո´ր,- հարցուց հիվանդը աղերսարկու ձայնով։
- Մի´ վախնար,- ըսի իրեն։
Բայց ան իր պաղատանքը ավելցուց. սենյակին մեջ լեցվող բազմությունը դուրս ելավ. մայրը ու ես մինակ մնացինք իր քովը։ Տալիլա կը շարունակեր լեզու թափել։
- Պիտի մեռնի՞մ, տոքթո´ր։
- Ո´չ, ո´չ, հիմա կ'ազատիս։
Մայրը բացավ լանջքը ու ես նշտրակս կեղանկին մոտեցուցի։
- Անդի´ն նայե։
- Քու ձեռքեդ թող մեռնիմ,- ըսավ Տալիլա մեղմիվ։
Դանակը դպավ... աստված իմ, ի՞նչ ըրավ ձեռքս, ի՞նչ ըրի ես, ինչպե՞ս, վրդովումս զոր կրցեր էի զսպել, ճնշեց զիս հանկարծ ու նշտրակս մոլորեցուց։ Երբեք չգիտցա. կտրված երակեն արյունը վտակի պես կը հոսեր ու վրաս կը ցայտեր. դուրս վազեցի օգնություն ուզելու համար. ես որ վարպետ վիրաբույժ մըն եմ, ապիկար մարդասպան մը դարձած էի։ Հոսումը դադրեցնելու բոլոր հնարքներս ի դերև ելան։
Տալիլան իմ ձեռքես մեռավ, ճիշտ ինչպես որ գերագույն պչրանքի մը վայրկյանին փափաքած էր։

Գրիգոր Զոհրապ | Տալիլա Գրիգոր Զոհրապ | Տալիլա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 18, 2020 Rating: 5
Технологии Blogger.