Ջեք Լոնդոն | Նախնադարի բանաստեղծը

Ամառային հարթավայր, արևելքից շրջափակված կրաքարի կանաչապատ բլուրներով, իսկ արևմուտքից՝ անտառով։ Մոտակա բլուրը վերջանում է ժայռով, որի մեջ գրեթե գետնին հավասար փորված են չորս անձավներ, նեղ ու ցածրիկ սողանցքներով։ Անձավների առջև հարյուր ֆուտ երկարությամբ, խոշոր ու տափակ, արյունոտ մի գլաժայռ է ընկած, որի վրա կան սուր կայծքարեր։ Գլաժայռի և անձավների միջև, քարակոշտի վրա նստած է մկանուտ թավամազ մի տղամարդ, ծնկին հաստդա գանակ։ Նրա ետևին՝ հողին սեղմված մի կին։ Տղամարդու աջ և ձախ կողքերին նստոտել են դագանակները ձեռքներին բռնած երկու նույնպիսի տղամարդ։ Քիչ հեռվում մի հիսուն անձավաբնակներ պպզած, բարձրաձայն զրուցում են։ Իջնում է երեկոն։ Քարաբեկորի վրա նստածի անունը Աք է, նրա ընկերուհունը՝ Ալա, կողքի երկու տղամարդկանցը՝ Օք և Ան։
Աք.
Սուս կացեք։ (Կիսով չափ շրջվելով դեպի կինը)։ Նայի՛ր, որ նրանք էլ սսկվեն։ Նրան շարունակ թվում է, թե գիշերով օձ է սողում։ Դրա նմանին ես կարող եմ խելքի բերել, և մեկ էլ կապիկների առաջնորդը... Ո՞ւմ ես այդպես ակնապիշ նայում։ Օունի՞ն. Օուն, եկ այստեղ։
Օուն.
Ծառադ եմ։
Աք.
Դու խենթ ես, Օուն։
Օք և Ան (միաբերան)
Հո՜֊Հո՜, Օունը խենթ է։
Ողջ ցեղը․
Հո՜֊Հո՜։ Օունը խենթ է։
Օուն․
Ես ինչո՞ւ եմ խենթ։
Աք.
Այդ դու չե՞ս ծոր տալով ինչ֊որ անհասկանալի բառեր փնթփնթում։ Գիշերը ես լսեցի, թե դու, ինչպես քարանձավի մոտ նստած, տարօրինակ երգ էիր երգում։
Օուն.
Այո, ես երգում էի. դրանք կախարդական բառեր էին․ գիշերով ծնվեցին իմ մեջ։
Աք.
Մի՞թե տղամարդը կարող է ծնել. երբ մթնում է, ինչո՞ւ չես քնում։
Օուն.
Ես վատ քնեցի. երազներ էի տեսնում։
Աք.
Որտեղի՞ց են գալիս այդ երազներդ․ չէ՞ որ դու միայն քո բաժին միսն ես կերել։ Հը, չլինի՞ թե անտառում եղջերու ես սպանել և չես բերել սրբազան քարի մոտ։
Ցեղը.
Հսե՛ք, լսե՛ք, նա եղջերու է սպանել և չի բերել սրբազան քարի մոտ։
Աք.
Սուս կացեք։ (Դիմելով Ալային)։ Հետևիր, որ նրանք էլ սսկվեն։ Օուն, դու եղջերու ես սպանել ու թաքցրել միսը։
Օուն.
Ո՛չ։ Դու գիտես, որ ես որսի մեջ խեղճ եմ։ Ձանձրալի է ողջ օրը քարը ձեռքիս ծառի վրա ցցված սպասել, մինչև գազանն անցնի արահետով։ Այդ կախարդական բառերը իմ մեջ արթնացան, երբ գիշերը հանգիստս փախավ։
Աք.
Իսկ հանգիստդ ինչո՞ւ փախավ։
Օուն.
Որովհետև դու ծեծել էիր կնոջդ, և նա լալիս էր։
Աք.
Հա՛, նա բարձրաձայն լալիս էր․ իսկ քանի որ դու չես քնում, սրանից հետո գիշերով կհսկես անձավները․ երբ վագր Հարրը գա, և լսես, թե նա ոնց է մռնչում քարակույտերի մեջ․․․ դու կայծքարից կրակ կհանես․ դրանից նա վախենում է։ Հարրը ամեն գիշեր մոտենում է մեր անձավներին։
Ինչ-որ մեկը ցեղից.
Հարրը հոտոտում է քարը։
Աք.
Unւս կաց։ (Ալային։) Եթե նա չհանդարտվի, Օքն ու Անը դագանակներով տուր կտան նրան։ Օուն, հապա ինձ ասա, այդ ի՞նչ բառեր էին, որ գիշերով ծնվեցին քո մեջ, երբ Ալան լալիս էր։
Օուն (ոտքի կանգնելով).
Դրանք հրաշալի բառեր էին։ Ահա լսիր`
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ․․․
Աք.
Դու ոչ միայն խենթ ես, այլև սուտասան․ տե՛ս, օրը դեռևս ոչ մի տեղ չի հեռանում։
Օուն.
Բայց օրն արդեն հեռացել էր, երբ այդ երգը ծնվեց իմ մեջ։
Աք.
Ուրեմն, այդ երգը դու պիտի երգես միայն գիշերով, իսկ ցերեկը՝ ոչ։ Բայց զգույշ մնա, որ ինձ չարթնացնես. թե չէ գանգիդ այնպես կթխկացնեմ, որ աչքերիցդ աստղեր կթափվեն և կնկնեն ուղիղ Հարրի երախը։
Օուն.
Իմ երգի մեջ կան և աստղեր։
Աք.
Քո հայրը, Ան, երբ դեռ նրան չէի սպանել խոշոր քարերով, շատ էր սիրում ելնել բարձր ծառերի կատարները և, ձեռքը պարզելով, փորձում էր աստղ բռնել։ Ես նրան ասացի՝ «Իսկ չե՞ս կարծում, որ դրանք շագանակի փշեր են»։ Ողջ ցեղը ծիծաղում էր վրան. նա էլ էր խենթ։ Երգի՛ր, տեսնեմ ինչ ես երգում աստղերից։
Օուն.
Ես կսկսեմ սկզբից։
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան, տրտմալի, տրտմալի, տրտմալի․․․

Աք.
Այ, նորից խաբում ես. պետք է ասել «դառնում է տրտմալի», և ոչ թե «տրտմալի, տրտմալի, տրտմալի»։ Երբ ես Ալային ասում եմ՝ «Չոր տերևներ հավաքիր», երբեք չեմ ասի՝ «Հավաքիր չոր տերևներ, տերևներ, տերևներ»։ Դու իսկական խենթ ես։
Օք և Ան.
Դու իսկական խենթ ես։
Ցեղը.
Դու իսկական խենթ ես։
Աք.
Այո, նա խենթ է։ Բայց և այնպես շարունակի՛ր, Օուն, մեզ պատմիր շագանակի փշերից։
Օուն.
Լա՛վ, կսկսեմ ես նորից։
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ։
Աք.
Տես, էլ չասես «ինչ֊որ տեղ, ինչ֊որ տեղ, ինչ֊որ տեղ»։
Օուն.
Ծառադ եմ. թույլ տուր շարունակեմ, թող ցեղն էլ ուրախանա։
Աք.
Խոսի՛ր։
Օուն.
Ես մի անգամ էլ կասեմ։
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան տրտմալի, տրտմալի...

Աք.
Չէ՞ որ քեզ հրամայեցի, որ «տրտմալի» բառը միայն մեկ անգամ ասես։ Մի՞թե ուզում ես, որ Օքն ու Անը դագանակներով քեզ ջարդեն։
Օուն.
Բայց ես այդ երգը այդպես եմ լսում — «տրտմալի, տրտմալի...»
Աք.
Եթե մի անգամ էլ իզուր կրկնես այդ «տրտմալին», ես կհրամայեմ քեզ տանեն սրբազան քարի մոտ։
Օուն.
Ո՛չ, ո՛չ, ծառադ եմ. միայն ինձ լսիր․
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան տրտմալի...

Ա՜խ, ես դրանից ավելի եմ տրտմում, քան այն գիշերը։ Չէ՞ որ այդ երգը...
Աք.
Հե՜յ, Օք, Ան, դագանակներն առեք։
Օուն (արագ).
Ո՛չ, ո՛չ, գթա. ես նորից կսկսեմ։
Պայծառ, օրը Հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան տրտմալի։

Եվ... և...
Աք.
Խենթ, դու ամեն ինչ մոռացել ես։ Ալա, տես, թե ինչ խենթն է։
Օք և Ան.
Նա խե'նթ է։
Ցեղը.
Նա խե'նթ է։
Օուն.
Ո՛չ, ես խենթ չեմ։ Դուք երբեք նման երգ չեք լսել։ Մարդիկ, չէ՞ որ առաջ, երբ դուք ուզում էիք երգել, միայն ցատկռտում էիք սրբազան քարի շուրջը և կրծքներդ ծեծելով աղաղակում՝ «Հե՛յ, հե՛յ, հե՛յ»։ Երբ երկնքում երևում էր մեծ լուսինը, դուք գոռում էիք՝ «Հե՛յ, հե՛յ, հե՛յ»։ Իսկ իմ երգի մեջ բառեր կան, այնպիսի բառեր, որոնցով դուք խոսում եք. չէ՞ որ դա հրաշք է։ Նստում ես անձավի մոտ, նայում երկնքի հեռացող լույսին և նորից ու նորից երգում։
Ինչ-որ մեկը ցեղից.
Հենց այդպես էլ անում է․ նստում է անձավի մոտ ու երգում, իսկ մենք զարմանում ենք, հատկապես կանայք։
Աք.
Պապանձվեք... Երբ ես ուզում եմ, որ կինը ապշի, ցույց եմ տալիս նրան, թե ինչպես եմ ջնջխում գայլի գլուխը. կամ խոշոր քար եմ նետում․ կամ էլ պինդ սեղմում եմ նրան ձեռքերիս մեջ, կամ էլ շատ միս եմ բերում տուն։ Ահա թե ինչ պետք է անի տղամարդը։ Ես այստեղ չեմ կարող հանդուրժել ինչ-որ երգեր։
Օուն.
Բայց և այնպես թույլ տուր ցեղի համար երգեմ, այնպիսի մի երգ, որ ոչ ոք չի լսել։ Եվ նրանք քեզ կփառաբանեն, քանզի այդ երգի ստեղծողը քո ծառան է։
Աք.
Դե ինչ արած, մենք համաձայն ենք երգդ լսելու։
Օուն (դեմքր շրջելով մարդկանց_).
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան տրտմալի...
Բայց աստղերը շշնջում են վերևից,
Որ ետ կգա պայծառ ցերեկը նորից։
Աստղե՜ր, աստղե՜ր, դուք բեկորներ ցերեկվա։

Աք.
Նա խելքը թռցրել է. դու որտե՞ղ ես լսել, որ աստղերը շշնջան։ Ան, մի՞թե քո հայրը լսում էր աստղերի շշունջը, երբ ծառերի վրա էր բարձրանում։ Նա այդ մասին քեզ ասե՞լ է։ Հետո ինչ, որ աստղերը ցերեկվա բեկորներն են, չէ՞ որ դրանց լույսը բանի պետք չէ։ Դու խենթ ես։
Օք և Ան.
Դու խենթ ես։
Ցեղը.
Դու խենթ ես։
Օուն.
Բայց հենց այդ բառերը ծնվեցին իմ մեջ։ Այդ պահին թվում էր, որտեղ որ է ես կարտասվեմ, թեև ոչ ոք ինձ չէր խփել։ Եվ այնքան երջանիկ էի, թեև ոչ ոք ինձ միս չէր նվիրել։
Աք.
Դու խելքդ թռցրել ես։ Ի՞նչ օգուտ մեզ աստղերից։ Մի՞թե նրանք մեզ ցույց են տալիս արջի բույնը տանող ճանապարհը, մի՞թե նրանք փշրում են գազանների ոսկորները, որ մենք կարողանանք ծծել ոսկրածուծը, կամ այդ աստղերը մեզ որևէ բան ասո՞ւմ են։ Ահա կսպասենք. գիշերը կգա. մարդիկ կպառկեն քարերի միջև, կսկսեն ականջ դնել ու կիմանան, որ աստղերը չեն կարող շշնջալ... Բայց գուցե նրանք իսկապես ցերեկվա բեկորնե՞րն են։ Դա շատ լուրջ հարց է։
Օուն.
Աստղերը լուսնի բեկորներն են։
Աք.
Ի՞նչ ես դուրս տալիս. աստղերը ո՞նց կարող են երկու տարբեր բաների բեկորներ լինել։ Բացի դրանից, քո երգի մեջ լուսինը չկա։
Օուն.
Ես նոր երգ կհորինեմ։ Մենք փայտից ու քարից սովորել ենք զանազան իրեր պատրաստել, բայց երգը ստեղծվում է ոչնչից։ Հե՜յ, լսեք, ես կարող եմ ոչնչից բաներ ստեղծել։ Բացի դրանից, ես գիտեմ, որ աստղերը առավոտյան ընկնում են և դառնում ցող։
Աք.
Աստղերի մասին բավական է։ Գուցե երգը լավ բան է, եթե նրա մեջ խոսվում է այն մասին, ինչ բոլորր գիտեն։ Ա՛յ, եթե դու երգեիր իմ դագանակը, կամ այն արջին, որին ես սպանել եմ, կամ արյունոտ սրբազան քարի, հատակը չոր տերևներով պատված անձավի... ա՛յ, դա ուրիշ բան էր։
Օուն.
Ես երգ կհյուսեմ Ալայի մասին։
Աք (մոլեգնած).
Հապա մի փորձիր։ Դու կհորինես եղջերվի լյարդի երգը, հենց այն լյարդի, որը ես տվեցի քեզ, ի փոխարեն քո տված խեցգետնի։
Օուն.
Դու իրավացի ես... եղջերվի լյարդը կերա, բայց երգել այդ մասին...
Աք.
Փուչ բան էր քեզ համար երգել աստղերը։ Նայի՛ր մեր դագանակներին ու քարերին, որոնցով մենք գազաններ ենք սպանում, որ ուտենք։ Նայիր մեր անձավներին, ուր մենք ապրում ենք, և մեր սրբազան քարին, որին զոհեր ենք մատուցում։ Ի՞նչ է, դու հրաժարվո՞ւմ ես երգել այդ մասին։
Օուն.
Գուցե երբևէ դրանք էլ երգեմ։ Բայց ես հիմա փորձեցի երգել լյարդի մասին, ոչ մի բառ չգտա, երգն իմ մեջ չծնվեց։ Միակ բանը, որ ստացվեց, սա է՝ «Օ՜, լյարդ, կարմրահյութեղ լյարդ»։
Աք.
Աննման երգ է. ամեն ոք տեսնում է, որ լյարդը կարմիր է, կարմիր՝ արյան պես։
Օուն.
Բայց լյարդը ես չեմ սիրում, ես դա ուտում եմ։
Աք.
Վնաս չունի, աննման երգ է։ Երբ լիալուսինը գա, մենք այդ կերգենք սրբազան քարի մոտ։ Կուրծքներս կծեծենք ու կթնգացնենք՝ «Օ՜, լյարդ, կարմրահյութեղ լյարդ»։ Իսկ կանայք անձավներում սարսափի մեջ կընկնեն։
Օուն.
Ես չեմ ուզում այդ երգը իմը լինի, թող դա պատկանի Օքին։ Որ ցեղի մեջ ասեն՝ «Դա Օքն է հորինել»։
Օք.
Ես ինքս էլ մեծ երգիչ կդառնամ։ Ես կերգեմ գայլի սիրտը, ա՛յ, այսպես՝ «Նայեցեք, նա կարմիր է»։
Աք.
Օք, դու ապուշ ես։ Դու միայն կարող ես անճոռնի ձայնով «հեյ֊հեյ» բղավել, այդպիսին էր նաև քո հայրը, քեզնից առաջ։ Ո՛չ, Օունը երգ կհորինի ինձ համար. երգ դագանակիս մասին։ Քանի որ կանայք միայն նրա երգն են լսում։
Օուն.
Ո՛չ, ես երգ չեմ հորինի ո՛չ քո դա գանակի, ո՛չ քարանձավի, ո՛չ էլ քոսոտ լյարդի մասին։ Բնավ երբեք։ Թեկուզ ինձ միս չտաս։ Ես անտառում կապրեմ մենակ, կսնվեմ արմտիքներով ու ճագարներով․ դրանց բռնելը հեշտ է։ Ես կքնեմ ծառերի կատարներին և ամեն գիշեր կերգեմ․
Պայծառ օրը հեռանում է ինչ֊որ տեղ,
Եվ դառնում է շուրջն ամեն բան տրտմալի, տրտմալի, տրտմալի, տրտմալի, տրտմալի...

Աք.
Օք, Ան, սպանեք դրան։
(Օքը և Անը նետվում են Օունի վրա, բայց նա իսկույն կռանում է, գետնից երկու քար վերցնում։ Մեկով հարվածում է Օքի գլխին, մյուսով՝ Անի ձեոքին. վերջինիս ձեռքից դագանակն ընկնում է։ Աքը ելնում է տեղից։)
Աք.
Նայեք․ Հարրը գալիս է։ նա դուրս ելավ անտառից։
(Բոլորը, այդ թվում Օունը և Ալան նետվում են դեպի անձավները։ Օունը վազում է Աքի մոտով, նա ընկնում է Օունի վրա և մահակով ետևից հարվածում գլխին։)
Աք.
Հե՜յ, մարդիկ, բորենու սրտով մալրդի՛կ. ոչ մի Հարր էլ չկա։ Ես ձեզ խաբեցի, որ հեշտությամբ սպանեի այդ արագոտն երգչին։ Եկեք այստեղ․ ես ձեզ համար իմաստուն ճառ պիտի արտասանեմ... Մեզ պետք չեն երգեր, բացի նրանցից, որը երգել են մեր հայրերն ու պապերը, կամ որը հասկանալի է բոլորին։ Եթե մարդը երգում է եղնիկին, թո՛ղ գնա եղնիկ սպանի, կամ էլ լոս։ Եթե նա քարերն է երգում, թո՛ղ սովորի այն ավելի լավ նետել։ Եթե նա ցանկանում է երգել անձավներր, թո՛ղ մարդը քաջաբար պաշտպանի անձավները, երբ Հարրը թաքուստ է մտել քարերի միջև։ Բայց անօգուտ բան է երգեր հորինել աստղերի մասին, որոնք կարծես ծիծաղում են, նույնիսկ ինձ վրա․ կամ ցերեկվա մասին, որր հեռանում է, և չի ուզում մնալ, անգամ, եթե մենք աղջիկ ենք զոհաբերում։ Ես տանել չեմ կարող նման երգերը։ Ինքներդ դատեցեք, եթե ես ցեղի խորհրդի մեջ հանկարծ երգեմ, ինչպե՞ս կարող եմ մտքերս ժողովել․ կամ էլ որս անելիս, եթե մտածեմ երգի մասին... մեկ էլ տեսար երգը թռավ իմ շրթունքներից, իսկ գազանը կլսի ու կթաքնվի։ Նախապես, երբ նստում եմ ուտելու, ես պետք է մտածեմ միայն որսի մասին, եթե ուտելիս երգեմ, ինչ կստացվի դրանից, իսկ ուտելը վերջացնելուց հետո, մենք տեղնուտեղը պառկում ենք քնելու։ Մեզ համար պարզապես երգելու ժամանակ չկա։ Ըստ որում, ով ոնց ուզում է, բայց ես չեմ հանդուրժում այդ մանրաձայն երգերը՝ աստղերի մասին։
Եվ թող կանայք իմանան. եթե նրանք փորձեն հիշել Օունի խոսքերը և սկսեն երգել կամ էլ այդ երգը սովորեցնեն իրենց երեխաներին, ես կհրամայեմ ձաղկել նրանց մոշի ճիպոտներով։
Իսկ այժմ հրամայում եմ, որ Օքի կինը վերջ տա իր վնգստոցին, և այստեղ բերի երեկ սպանած ձիերի միսը։ Ես այն կբաժանեմ։ Եթե Օունը թեկուզ մի կաթիլ խելք ունենար, նա հիմա փառավորապես կուտեր կամ էլ քեֆ կաներ մի քանի օր, եթե մեր վարմափոսը մամոնտ ընկներ։ Բայց նս խենթ էր։
Ան.
Օունը խենթ էր։
Ցեղը.
Օունը խենթ էր։

Ջեք Լոնդոն | Նախնադարի բանաստեղծը Ջեք Լոնդոն | Նախնադարի բանաստեղծը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 08, 2020 Rating: 5
Технологии Blogger.