Սելմա Լագերլյոֆ | Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ | համառոտ

Ստեղծագործության մեջ հեղինակը ընթերցողներին մտածված կերպով ցույց է տալիս գլխավոր հերոսի ճամփորդության երթուղին, ինչը Շվեդիայի աշխարհագրությունն ավելի մատչելի է դարձնում երեխաների համար:

Սկոնե նահանգի հարավում (Շվեդիայի հարավ)՝ Վեստրա Վեմենհյոգ ծխական համայնքում՝ մի աղքատ գյուղացու ընտանիքում ապրում էր 14-ամյա խուլիգան Նիլս Հոլգերսոնը, որը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում շրջապատողների և առաջին հերթին ծնողների համար: Գարնանային մի կիրակի օր, երբ ծնողները գնում են եկեղեցի, Նիլսը իրենց տանը հայտնաբերում է տան ոգի և ծաղրում նրան, ինչի համար տան ոգին նրան կախարդում է ու չափերով փոքրացնում: Այնուհետև Նիլսն սկսում է շրջապատող աշխարհը տեսնել նրանց աչքերով, ում մինչ այդ տանջել էր:

Շուտով նա տեսնում է, թե ինչպես իրենց ընտանի սագ Մարտինը պատրաստվում է միանալ վայրի սագերի երամին, որոնք ամեն տարի գարնան սկզբին թռչում են հեռավոր հյուսիս՝ Լապլանդիա: Նիլսը սովորության համաձայն բռնում է Մարտինի պարանոցից և թռչում նրա հետ: Որոշ ժամանակ անց նա որոշում է, որ մինչև Լապլանդիա ճանապարհորդելն ավելի հետաքրքիր է, քան իր նախկին կյանքը, և երբ տան ոգին ասում է, որ նրան նորից մարդ կդարձնի, եթե տվյալ պահին Նիլսը որոշի տուն վերադառնալ, վերջինս հրաժարվում է: Ավելի ուշ նա պատահաբար իմանում է, որ տան ոգին կվերադարձնի իր նախկին տեսքին, եթե Նիլսն ամեն ջանք գործադրի, որպեսզի աշնանը Մարտինը կենդանի տուն վերադառնա:

Արդյունքում Նիլսն այցելում է Շվեդիայի բոլոր նահանգներ, տեսնում Սկանդինավիայի հեռավոր շրջանները, հանդիպում տարբեր արկածների և շատ բան սովորում իր հայրենիքի յուրաքանչյուր նահանգի աշխարհագրության, պատմության ու մշակույթի մասին: Միևնույն ժամանակ փոխվում են և՛ նրա բնավորությունը, և՛ աշխարհայացքը: Տան ոգին նրան դարձնում է բարեհամբույր և առաջարկում նոր պայման. Նիլսը մարդ կդառնա, եթե գտնի նրան, ով կամավոր կհամաձայնվի Նիլսի հետ փոխվել տեղերով: Նիլսը գտնում է այդպիսի մարդու, որը պատրաստ էր կենսական խնդիրների պատճառով զբաղեցնել Նիլսի տեղը, բայց վերջին պահին մտափոխվում է և նրան օգնում լուծել իր խնդիրները:

Աշնանը երամը թռչում է դեպի հարավ, որպեսզի ձմեռի հարավային լայնություններում: Ճանապարհորդության ժամանակ Նիլսն իմանում է, որ տան ոգին նորից փոխել է պայմանը. Նիլսը մարդ կդառնա, եթե ծնողներին թույլ տա սպանել Մարտինին: Նա որոշում է, որ ավելի լավ է նման տեսքով չներկայանա ծնողներին, շարունակի թռչել սագերի հետ, բայց վերջապես որոշում է այցելել իրենց ագարակ: Այնտեղ նա իմանում է, որ իր անհետանալուց հետո ծնողների ֆինանսական վիճակն ավելի է վատացել: Ծնողները պատահաբար բռնում են Մարտինին ու ցանկանում նրան մորթել: Նիլսը չի դիմանում և մոռանալով բոլոր նախապաշարմունքները՝ վազում է տուն՝ գոռալով, որ նրանք դա չանեն: Վերջիններս զարմացած նայում են նրան, և Նիլսը նկատում է, որ տան ոգին որպես պարգև իր արիության համար վերադարձրել է իր նախկին տեսքը: Հաջորդ օրը Նիլսը գնում է ծովափ, որտեղ հրաժեշտ է տալիս երամին, և նայելով նրանց հետևից՝ կարոտով մտածում այն մասին, թե ինչպես է ուզում նորից նրանց հետ մեկնել ճանապարհորդության:


Տես նաև Սելմա Լագերլյոֆ Հեքիաթներ

Սելմա Լագերլյոֆ | Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ | համառոտ Սելմա Լագերլյոֆ | Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 06, 2020 Rating: 5
Технологии Blogger.