Կառլո Կոլլոդի | V. Պինոքիոն քաղցած է և մի ձու է որոնում, որպեսզի ձվածեղ պատրաստի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա ձվածեղը լուսամուտից դուրս է թռչում

Կառլո Կոլլոդի
Արդեն մթնում էր։ Հիշելով, որ ոչինչ չի կերել, Պինոքիոն հանկարծ զգաց, որ քաղցից ստամոքսը ճմլվում է և չափազանց մեծ ցանկություն ունի ուտելու։

Իսկ երեխաների մոտ ախորժակն արագ է գրգռվում։ Եվ իսկապես, մի քանի րոպեից հետո նրա ուտելու ցանկությունը դարձավ քաղց, այնուհետև վայրկենապես փոխվեց գայլի սովածության և հետո էլ այնքան ուժեղացավ, որ ուշքը գնում էր։

Խեղճ Պինոքիոն վազեց անմիջապես դեպի օջախը, որտեղ դրված էր մի եռացող պղինձ, և փորձեց պղնձի խուփը բացվել՝ տեսնելու համար, թե ի՞նչ կա միջին։ Բայց պղինձը նկարված էր պատի վրա։ Պատկերացրեք, թե ինչպե՞ս ապշեց։ Նրա քիթը, որ առանց այն էլ արդեն երկար էր, աճեց ամենաքիչը մի չորս մատ ևս։

Այն ժամանակ նա սկսեց սենյակի քունջ ու պուճախն ընկնել, դարակներն ու պահարանները քջջել մի կտոր թեկուզ և բորբոսնած հաց, որևէ կճեպ, շան առաջ նետած ոսկորի մի կտոր, ճաշի մի փոքր մնացորդ, ձկան փուշ, բալի կորիզ, մի խոսքով ծամելու որևէ բան գտնելու համար։ Բայց ոչ մի բան չգտավ, ուղղակի ոչինչ, բացարձակապես ոչինչ։

Մինչդեռ քաղցն անընդհատ աճում ու մեծանում էր։ Խեղճ Պինոքիոյի միակ մխիթարությունը մնացել էր հորանջելը։ Եվ հորանջելու ժամանակ էլ բերանն այնքան լայն էր բացում, որ երբեմն ականջներին էր հասնում։ Հորանջելուց հետո էլ թքում էր, զգալով, որ ստամոքսը քիչ է մնում տեղից դուրս դա։

Հետո սկսեց հուսաբեկ լաց լինել ու ասել.

— Խոսող Ծղրիդն իրավացի էր, Ես վատ արի, որ հորիցս երես թեքեցի ու տանից փախա․․․ Եթե հայրս այստեղ լիներ, այժմ ես քաղցած հորանջելով չէի մեռնի։ Ա՜խ, ինչ նողկալի հիվանդություն է քաղցը։

Բայց հենց այդ պահին նրան թվաց, թե աղբակույտի վրա մի սպիտակ ու կլոր բան է տեսնում, որը իսկական հավի ձվի էր նման։ Տեղից վեր ցատկելն ու վրա ընկնելը մեկ եղավ։ Իսկապես ձու էր։

Անկարելի է նկարագրել բուրատինոյի ուրախությունը, մարդ պետք է կարողանա միայն պատկերացնել այդ։ Գրեթե չհավատալով, որ դա երազ չէ, նա այդ ձուն պտտեցնում էր ձեռքերի մեջ, փաղաքշում ու համբուրում, և համբուրելով էլ կրկնում.

— Իսկ հիմա ինչպե՞ս պիտի եփեմ։ Ձվածե՞ղ անեմ․․․ Չէ՛, ավելի լավ է խաշել․․․ իսկ ավելի համեղ չէ՞ր լինի, եթե թավայում տապակեի։ Իսկ եթե, ընդհակառակը, թերխաշ անե՞մ։ Չէ՛, ամենահարմարը կամ թավայի մեջ, կամ մանղալով եփելն է. խելքս գնում է այս ձուն ուտելու համար։

Ասածն արած էր. թավան դրեց թեժ կրակի վրա և մեջը ձեթի կամ յուղի փոխարեն մի քիչ ջուր լցրեց։

Բայց հենց որ ջրից սկսեց գոլորշի բարձրանալ՝ թը՛խկ․․․ ձվի կճեպը ջարդվեց․․․

Սակայն սպիտակուցի ու դեղնուցի փոխարեն միջից դուրս թռավ մի շատ ուրախ ու հաճոյախոս ճուտ, որը սիրալիր խոնարհվելով, ասաց.

— Հազար անգամ շնորհակալ եմ, սինյոր Պինոքիո, ինձ ազատելու նպատակով ձվի կճեպը ջարդելու չարչարանքի համար, ցտեսություն, մնաս բարով և ջերմորեն բարևիր տանը։

Այսպես ասելով, նա տարածեց թևերը և, դուրս թռչելով բաց պատուհանից, սլացավ ու կորավ։

Խեղճ բուրատինոն զարմանքից մնաց տեղն ու տեղը քարացած. աչքերը չռվել էին, բերանը բացվել, իսկ ձվի կճեպն էլ մնացել էր ձեռքին բռնած։ Սակայն սթափվելուց հետո սկսեց հուսահատորեն լաց լինել, ճղղալ, ոտքերը գետնին խփել ու հեկեկալով ասել.

— Բայց և այնպես Խոսող Ծղրիդը իրավացի էր։ Եթե ես տանից փախած չլինեի, և հայրս էլ այստեղ լիներ, այժմ ստիպված չէի լինի սովից մեռնել։ Ա՜խ, ինչ անտանելի հիվանդություն է այս սովը։

Բայց որովհետև քաղցից նրա փորը շարունակում էր գռգռալ ավելի քան երբևէ, իսկ ինքն էլ չգիտեր ինչպես անի, որ դադարեցնի այն, որոշեց տանից դուրս գալ և իրեն գցել հարևան գյուղը, հույս ունենալով, որ կգտնի մի խղճով մարդ, որից կարելի կլինի մի կտոր հաց խնդրել։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | V. Պինոքիոն քաղցած է և մի ձու է որոնում, որպեսզի ձվածեղ պատրաստի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա ձվածեղը լուսամուտից դուրս է թռչում Կառլո Կոլլոդի | V. Պինոքիոն քաղցած է և մի ձու է որոնում, որպեսզի ձվածեղ պատրաստի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա ձվածեղը լուսամուտից դուրս է թռչում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 17, 2022 Rating: 5
Технологии Blogger.